1915 համարին ուղարկված հաղորդակցությունները պետք է լինեն հայատառ և չպարունակեն  գովազդային բովանդակություն․ Տիգրան Վիրաբյան
16:27 - 23 ապրիլի, 2020

1915 համարին ուղարկված հաղորդակցությունները պետք է լինեն հայատառ և չպարունակեն գովազդային բովանդակություն․ Տիգրան Վիրաբյան

Այս աշխատանքը, որ արվել է վերջին շրջանում ամբողջ ախատանքաին խմբի, կառավարության համար չափազանց պատասխանատու աշխատանք էր, որովհետև յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը դառնում է յուրաքանչյուր հայի մտասևեռումը։  Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար ամենազգայուն իրադարձությունն է և այստեղ իսկապես մեծ պատասխանատվություն էր անհրաժեշտ, որպեսզի փարատենք մեր Ֆիզիկական բացակայությունը Ծիծեռնակաբերդում։ Այս մասին Ապրիլի 24-ին սպասվող միջոցառումների վերաբերյալ կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։

Խզմալյանը նշեց, որ բոլոր նախաձեռնությունների հիմքում , եղել է կառավարության մտահոգությունը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության ապահովության հանդեպ։

«Մեր հիմնական ուղերձը այն է, որ ցեղասպանության նահատակների  և նրանց հիշատակի հանդեպ մեծագույն հարգանքը՝  յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն է։ Մեր կարգախոսն է՝ «Հարգենք հիշատակը, հարգելով կյանքը»,- ասաց նախարարի տեղակալը։

Կազմակերպված միջոցառումների մասին խոսելով Խզմալյանը հիշեցրեց, որ  այսօր ժամը 9-ին մեկնարկում են միջոցառումները։ Բոլոր եկեղեցիների ղողանջի ներքո կմարեն Երևանի և մարզկենտրոնների փողոցային լույսերը։ Վաղն առավոտյան կմեկնարկեն պաշտոնական այցելությունները դեպի Ծիծեռնակաբերդ։  Երեկոյան ժամը 22։00-ից սկսած մինչև լուսաբաց՝ առավոտյան ժամը 6-ը, տեղի կունենա գեղարվեստական համերգ։

«Կարծում եմ ստեղծված իրավիճակում սա լավագույն լուծումն էր, և սկսած առավոտյան 8-ից ՀՀ քաղաքացիները և  Արցախի  հայրենակիցները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 համարին և  սփյուռքից՝ 0037433191500 համարին։ Երեկոյան Ծիծեռնակաբերդի սյուներին լուսապատկերի միջոցով կտեսնեն իրենց անունը և այսպիսով կխորհդանշեն իրենց ներկայությունը»,- այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ 

Վիրաբյանը նշեց, որ օպերատորների հետ բանակցություններ են տեղի ունեցել, նրանք պատրաստ են  եղել հաղորդագրությունների համար գումար չգանձել, սակայն վերջնարդյունքում որոշվել է հաղորդագրությունների արժեքը սահմանել սիմվոլիկ՝ մեկ դրամ։

«Հաղորդագրությունները պետք է չկրեն գովազդային բովադակություն։ Մեկ համարից կարող է ուղարկվել ոչ ավելին քան 5 հաղորդագրություն։ Ցանկալի է, որ բովանդակությունը լինի հայատառ և պարունակի անուն ազգանուններ։ Հաղորդագրությունները կզտվեն և կներկայացվեն միայն նրանք, որոնց բովանդակությունը բավարարում է ներկայացված պահանջներին»,- եզրափակեց փոխքաղաքապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել