Արտակարգ դրության ընթացքում ոչ իրավաչափ ակտեր չեն ընդունվել. փոխնախարարն արձագանքեց Մարուքյանին

 |armenpress.am|
18:50 - 28 ապրիլի, 2020

Արտակարգ դրության ընթացքում ոչ իրավաչափ ակտեր չեն ընդունվել. փոխնախարարն արձագանքեց Մարուքյանին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արտակարգ դրության ընթացքում պարետի կողմից ընդունված բոլոր որոշումները եղել են իրավաչափ: Այս մասին վստահեցրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ԱԺ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննակմանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկմանը:

Մարուքյանի կարծիքով՝ առաջարկվող փաթեթով, ըստ էության, օրինականացվում է այն, ինչ մինչև հիմա պարետը որոշել է: «Պարետը նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավունք չուներ, բայց ընդունել է: Քանի որ պարետը չուներ սահմանափակումներ մտցնելու հնարավորություն, սակայն այդ սահմանափակումների հիմա վրա մոտ 10 հազար մարդու նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել և մարդիկ տուգանվել են, արդյոք չեք կարծում, որ այդ տուգանքները չպետք է գանձվեն,  և պետք է բոլոր վարչական արձանագրությունները չեղարկվեն, քանի որ ըստ էության դրա իրավական հենքը գոյություն չի ունեցել»,-ասաց Մարուքյանը՝ դիմելով ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանին:

Գրիգորյանն արձագանքեց՝ ոչ իրավաչափ ակտեր չեն ընդունվել: «Սահմանադրությունը, միջազգային փորձը նախատեսում են ակտեր ընդունելու հնարավորություն: Մենք օրենսդրական կարգավորումներն ավելի  հստակեցնում ենք»,-ասաց նա ու նշեց՝ ազատ տեղաշարժի սահմանափակումը նախատեսված է կառավարության որոշմամբ, իսկ վարչական արձանագրություններն ու տուգանքները նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, որը խորհրդարանն է ընդունել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել