lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ։
-Ազգային ժողովում նախօրեին տեղի ունեցածից հետո սոցիալական ցանցերում հնչում են տեսակետներ, որ ծեծկռտուքին մասնակցած պատգամավորները պետք է մանդատները վայր դնեն: «Իմ քայլում» կամ իշխանության մեջ դրա անհրաժեշտությունը տեսնո՞ւմ են:
-Ի տարբերություն Ֆեյսբուքի հարթակի՝ պատգամավորները շատ լավ տեսել են, թե ինչ է տեղի ունեցել: Մենք արձանագրել ենք, որ ինչպիսին էլ լինի սադրանքը, և դրա հեղինակները, որոնք այս խորհրդարանից դուրս են, իսկ «Լուսավոր Հայաստանը» ընդամենը դրա խողովակն է, պատգամավորները չպետք է տրվեին այդ սադրանքին: Մենք ներողություն ենք խնդրում մեր հանրությունից, մենք շատ լավ գիտակցում ենք, որ սադրել են, այսինքն՝ մարդն իջել է ամբիոնից սադրելու՝ շատ լավ իմանալով, թե ինչ կարող է լինել: Նման մի քանի դեպք եղել է, երբ պարոն Մարուքյանը խոսում, հետո իջնում էր ներքև: Ես կարծում եմ, որ թե տիկին Մակունցը, թե վարչապետը շատ կոնկրետ, նորմալ բացատրել են, թե որը ինչից հետո է եղել:
-Տեսակետ կա, որ եթե ծեծկռտուքին մասնակցած պատգամավորները մանդատները վայր դնեին, դա շատ լավ նախադեպ կլիներ, և հանրության մոտ ձեր նկատմամբ վստահությունը չէր տուժի:
-Հանրության մոտ մեր նկատմամբ վստահությունը հեղափոխությանը տրված քվեն է: Հանրության կողմից մեր նկատմամբ վստահությունը ավելի բիրտ և ավելի կտրուկ քայլերի գնալն է: Դա վատ նախադեպ կլիներ, որովհետև այդ պարագայում այդպես կարելի է սադրել անվերջ: Իհարկե, որևէ արդարացում բռնությունը չունի և վարչապետը արձանագրում է, որ մենք այս պահին պարտվել ենք, բայց մեր ոգին պարտվել չգիտի: Պետք չի տրվել այսրոպեական զգացմունքներին, և պատմությունը ցույց կտա, թե որը ոնց է եղել:
-Նախկինները հայտարարում են՝ յուրահատուկ նվեր արեցիք Նիկոլ Փաշինյանին:
-Նախորդներին անդրադառնալու որևէ խնդիր չկա, կան օրենքներ և օրակարգ, որի ամբողջական իրագործման պարտականությունն ունենք և անելու ենք: Այդ ժամանակ կտեսնենք, թե ով ինչ է ասում:
comment.count (0)