armenpress.am: Կառավարությունը 200 մլն դրամի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքների ֆինանսավորման նպատակով: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Ըստ հիմնավորման, 150 մլն դրամը կտրվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, 25 մլն դրամը՝ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին, և 25 մլն դրամը՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 642-Լ որոշման ընդունմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2020 թ. պետական բյուջեում կատարել վերաբաշխում՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված տնտեսական եւ սոցիալական հետեւանքների մեղմմանն ուղղված ՀՀ բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքների ֆինանսավորումը։
Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 15-րդ միջոցառման նպատակն է կորոնավիրուսի տարածման հետեւանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճարի տրամադրումը։
Առաջարկվում է ՀՀ բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը եւ այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները մեղմելու համար։
Աշխատանքները ներառում են ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների պատրաստման եւ տնկման, ինչպես նաեւ ցանկապատման աշխատանքներ։
Միջոցառման շահառու են Հայաստանի Հանրապետության այն բնակիչները, որոնք կմասնակցեն շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» եւ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին։
Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 200 000.0 հազար դրամ։
Ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման եւ տնկման համար։ Ավելի քան 50 գետի եւ գետակի առափնյա հատվածներում ծառատնկման աշխատանքներին նախատեսվում է ներգրավել 1000 բնակիչ՝ 2 մլն կտրոն տնկելու նպատակով։
Աշխատանքներն ամբողջությամբ կհամակարգվեն Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի եւ վերոնշյալ հիմնադրամների կողմից։ Բնակչությունը կներգրավվի նաեւ ցանկապատման աշխատանքներին:
comment.count (0)