Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 15-ին կասեցրել է խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը: Այս մասին նիստի ժամանակ հայտարարել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
«ԲԴԽ-ն կդիմի Սահմանդրական դատարան՝ 2018թ փետրվարին ընդունված և մինչև 2020թ մարտի 25-ը գործող խմբագրությամբ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու համար։ ԲԴԽ անդամ Հայկ Հովաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննությունը կասեցնել՝ մինչև ՍԴ կողմից որոշման կայացումը»,- նշել է Վարդազարյանը։
ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանը, Գրիգոր Բեքմեզյանն ու Մեսրոպ Մակյանը միջնորդել են ԲԴԽ ղեկավարություն և պնդել, որ Հովհաննիսյանի հատուկ կարծիքում ներառված քննադատությունը խարխլում է խորհրդի հանդեպ հեղինակությունն ու կասկածի տակ է դնում իր իսկ անկախությունն ու անաչառությունը։ Հովհաննիսյանը մինչդեռ կարծում է՝ այս կերպ փորձում են իրեն լռեցնել:
Բարձրագույն դատական խորհուրդը ապրիլի 23-ին քննարկել էր խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ դատավոր Արայիկ Մելքումյանի գործին առնչվող իր հատուկ կարծիքում վարքագծի կանոններ խախտելու համար։
comment.count (0)