Ահազանգ. ԵՊՀ մասնաշենքերում աշխատանքը կազմակերպվում է պարետի՝ մայիսի 3-ի որոշման խախտմամբ
16:27 - 20 մայիսի, 2020

Ահազանգ. ԵՊՀ մասնաշենքերում աշխատանքը կազմակերպվում է պարետի՝ մայիսի 3-ի որոշման խախտմամբ

ԵՊՀ Արհեստակցական կազմակերպության արհկոմիտեն դիմում է գրել՝ ուղղված ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: Այդ մասին տեղեկանում ենք ԵՊՀ Արհեստակցական կազմակերպության ֆեյսբուքյան էջից:

Ըստ դիմումի՝ վերջին 2 օրերին կազմակերպությունն ահազանգեր է ստանում, որ ԵՊՀ մասնաշենքերում և աշխատասենյակներում աշխատանքները կազմակերպվում են ՀՀ պարետի՝ մայիսի 3-ի որոշման մի շարք պահանջների խախտմամբ: Ըստ դիմումի՝ առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալը ԵՊՀ յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, և դրա ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։

Ռեկտորի ԺՊ-ին ուղղված դիմումի տեքստը՝ ստորև. 

«ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը տեղեկացված է, որ ԵՊՀ ֆակուլտետներում, կենտրոններում, ինստիտուտներում և վարչատնտեսական այլ ստորաբաժանումներում մի շարք բնույթի աշխատանքներ առցանց/հեռավար կազմակերպելու անհնարինությամբ պայմանավորված՝ որոշ տարակարգի աշխատողներ կանչվում են աշխատավայր և անցնում են սենյակային աշխատանքի: 

Վերջին երկու օրերին ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունն ահազանգեր է ստանում, որ ԵՊՀ մասնաշենքերում և աշխատասենյակներում աշխատանքները կազմակերպվում են ՀՀ պարետի 3 մայիսի, 2020 թվական N 63 որոշման հավելված 4-ի մի շարք պահանջների խախտմամբ: 

ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունը, առաջնահերթ համարելով ԵՊՀ աշխատողների առողջության պահպանումը և ԵՊՀ աշխատասենյակներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման աշխատանքների իրականացումը, հորդորում և առաջարկում է Ձեզ Երևանի պետական համալսարանի աշխատասենյակներում աշխատանքները կազմակերպել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ձեռնպահ մնալ կորոնավիրուսային ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց և աշխատասենյակային աշխատանքները կազմակերպելիս առաջնորդվել ՀՀ պարետի 3 մայիսի, 2020 թվական N 63 որոշման հավելված 4-ի պահանջներով՝ բացառապես պահպանելով հավելվածի բոլոր դրույթները:

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալը ԵՊՀ յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, և դրա ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն»։

 

1


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել