Հունիսի 5-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան միջքաղաքային էքսպրես էլեկտրագնացքների աշխատանքը:
Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հասարակայնության եւ ԶԼՄ-ի հետ կապերի բաժինը։
Չվերթները չեղարկվել են այս տարվա մարտի 27-ից` Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու և ուղևորափոխադրումների կտրուկ կրճատման պատճառով:
Ընկերության ներկայիս որոշումը պայմանավորված է միջքաղաքային երկաթուղային ուղևորափոխադրումների պահանջարկի որոշակի վերականգնումով և ուղղված է Երևանի ու Գյումրի միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանը: Այնուամենայնիվ, հանրապետության երկու խոշոր քաղաքների միջև էքսպրեսի երկարատև աշխատանքի ապահովումը կախված կլինի այս ծառայության պահանջարկի վերականգնման տեմպերից:
comment.count (0)