Արցախում հսկիչ անցակետի աշխատակիցներ են վարակվել․ Արայիկ Հարությունյան
10:28 - 03 հունիսի, 2020

Արցախում հսկիչ անցակետի աշխատակիցներ են վարակվել․ Արայիկ Հարությունյան

Ես երեկ առաջին անգամ հանդիպել եմ պարետատան ներկայացուցիչների և պատասխանատուների հետ։ Փորձել եմ պատկերացնել մեր անելիքներն առաջիկայում։ Առաջին անգամ մենք հանրապետությունում ունեցանք 8 վարակակիր, իհարկե այդ բոլորը հիմնականում կապված էին Խարխափուտի մեր հսկիչ կետի ոստիկանության ծառայողների, նրանց ընտանիքի անդամների հետ։  Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ընթացքում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։  Նախագահը մասնավորապես իր խոսքում ասաց․

«Հիմնականում  պարետատունը, առողջապահության նախարարությունը կարողացել են ճիշտ միջոցների արդյունքում կանխարգելել վարակի տարածումը։ 

Մեր իրավիճակը կախված է նաև Հայաստանում տիրող իրավիճակից, եթե մեկ ամսի առաջ Հայաստանում մոտ 3000 վարակակիր կար, այսօր այդ թիվն անցել է 10․000-ը։ Մենք պետք է հաշվի առնենք, որ ամեն օր Հայաստանից Արցախ են գալիս ավելի քան 500 հայրենակիցներ, դրա համար հավանականությունը մեծ է, որ այդ մարդկանց մեջ կլինեն վարակակիրներ, դրա համար մենք պետք է հստակեցնենք մեր անելիքները։

Անհնարին է, որ մենք փակենք սահմանը, քանի որ կան պատճառներ՝  մատակարարումից և այլ անհրաժեշտություններից սկսած։ Սակայն, հնարավոր է ավելի խիստ պայմաններ ստեղծել, մենք կփորձենք սահմանում խստացնել վերահսկողությունը։

Մենք երեկ քննարկում էինք, թե ինչքանով է հնարավոր սահմանին ունենալ արագ թեստավորման լաբորատորիա, որպեսզի Արցախ մուտք գործելուց առաջ այդ հնարավորությունը  տրվի և նոր քաղաքացին մտնի Արցախ։ Սակայն, այսօր դրա վերաբերյալ խնդիր ունենք, մասնագետները նշում են, որ էֆեկտիվությունը այդքան էլ մեծ չէ, չնայած ես կողմ եմ դրան։ Իհարկե, թույլ են տրվել որոշ սխալներ, որոնց պատճառով վարակվել են նաև հսկիչ կետի աշխատակիցները։ Դա նշանակում է, որ հսկիչ կետերում մեր պատասխանատուները բավարար միջոցներ չեն ապահովել։ 

Մենք նոր խստացումներ կիրականացնենք, բայց  ցանկացած քաղաքացու քաղաքացիական պարտքի զգացումից  և քաղաքացիական պարտքի կատարումից է կախված լինելու տարածման արագությունը։ Այս ընթացքում  վարակի տարածման առումով մենք հաջողել ենք, բայց դա պետք է շարունակվի նաև ապագայում։ Արցախում գրանցվել է 57 դեպք, որից 26-ը չունի այդ վարակը, չեմ ուզում օգտագործել բուժում բառը, քանի որ հիմնականում հիվանդ չէին, ծանր դեպքեր ընդհանուր առմամբ չունեինք։ Չունենք նաև մահվան դեպքեր, բայց դա պայմանավորված է եղել պատահականությամբ, եթե այդ վարակվածների մեջ խրոնիկ հիվանդություններ ունեցողները շատ լինեին, ապա այդ ռիսկն ավելի մեծ կլիներ։

Այսօր ինձ մոտ եմ հրավիրել Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նորանշանակ նախարարին և խնդրել եմ մեր հասարակական սեկտորի և մանավանդ երիտասարդների հետ հավաքագրել կամավորական մեծ խումբ, ովքեր ամեն օր պետք է աշխատեն հասարակության հետ։   Մեր նպատակը պատժամիրոցներ, տուգանքներ սահմանելը չէ։ Այս վարակը չպետք է դառնա ազգային սպառնալիք։  Սա պատերազմ է չերևացող թշնամու դեմ և ինչպես պատերազմի ժամանակ, այսօր  էլ մենք պետք է համախմբվենք և պայքարենք այս վիրուսի դեմ։ Ես վստահ եմ, որ այս պատերազմում էլ մենք հաղթելու ենք, ինչպես միշտ»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել