Կառավարությունը հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել բջջային կապի միջոցով մարդկանց տեղորոշման ծրագրի հեղինակների մասին
17:40 - 05 հունիսի, 2020

Կառավարությունը հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել բջջային կապի միջոցով մարդկանց տեղորոշման ծրագրի հեղինակների մասին

2020 թվականի մարտի 31-ն Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց   «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել նրանց հեռախոսազանգերը։ 

Օրենքը  սահմանում է, որ արտակարգ դրության դեպքում բջջային ցանցի օպերատորները պարտավոր են համապատասխան որոշմամբ սահմանված ձևով և կարգով պետական մարմիններին տրամադրել հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: 

Օրենքում շեշտվում է, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից տվյալներ տրամադրելիս արգելվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով հաղորդվող բովանդակության նկատմամբ ցանկացած տեսակի հսկողություն։ Տվյալների մշակումն իրականացվում է բացառապես մինչև արտակարգ դրության դադարեցումը։

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ 2020 թվականի մայիսի 25-ի տվյալներով՝  ավտոմատացված համակարգի (հեռախոսազանգերով տեղորոշման) միջոցով հաստատվել է 788 կոնտակտ, նրանցից 93-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։  788 կոնտակտավորներին հրահանգվել է ինքնամեկուսանալ։ Covid-19 Armenia հավելվածի  օգնությամբ թեստավորում է առաջակվել 57 անձի, որի արդյունքում 13 հոգու մոտ բացահայտվել է կորոնավիրուս։

Նշենք, որ օրենքի նախագիծն ընդունվել է 71 կողմ ձայնով  և միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քվերակությամբ։ 

Օրենքի ընդունումից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբացության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել էր՝ «Նախագիծն իր էությամբ սխալ է, որևէ օգուտ չի տալու պանդեմիայի դեմ պայքարին, և ընդհակառակը՝ վնաս է հասցնելու մեր երկրի ժողովրդավարությանը և ազատություններին: Մենք դեմ ենք քվեարկելու»:

Ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը»-ը նույնպես դեմ քվեարկեց օրենքի ընդունմանը։ Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախագծի քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հորդորեց հետ տանել նախագիծը, ըստ Զոհրաբյանի դա աննպատակ ու անիմաստ գործ է կառավարության համար։

Հավելենք, որ կատարված լրացումների համաձայն՝  փոխանցված կամ մշակված տվյալները ապանձնավորվում են, իսկ անձնավորված տվյալները ոչնչացվում են արտակարգ դրության ավարտից հետո. արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում և կարգով: Բոլոր դեպքերում անձնավորված տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո:

Քաղաքացի Իզաբելլա Սարգսյանը  և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը հարցում են ուղարկել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, որով խնդրել են տրամադել հստակ տեղեկություն, թե որ ընկերության և/կամ անհատ(ներ)ի կողմից է մշակվել ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում օրինական ճանապարհով հեռախոսային զարգերը վերահսկելու համար նախատեսված թվային ծրագիրը։ 

Իզաբելլա Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և ներկայացրել իրենց հարցման պատասխանը։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

«Հետևողական լինելով բջջային հեռախոսների միջոցով քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման և մշակման ծրագրի մասին հանրությանը թափանցիկություն ապահավելու գաղափարին, Շուշան Դոյդոյանը, և ես պաշտոնական հարցումով դիմեցինք ՀՀ Կառավարությանը։ Այսօր Տիգրան Ավինյանի գրասենյակից պատասխան ստացանք առ այն, որ կամավոր հիմունքներով կատարված աշխատանքը գնում չէ, հետևաբար Կառավարությունը իրավասու է հանրությանը տեղեկատվություն չտրամադրել ծրագրի հեղինակների մասին։ Սիրելի գործընկերներ, ասացեք, խնդրեմ, արդոք սա իրավաչա՞փ և ընդունելի է ժողովրդավարական հասարակությունում»։

Վարչապետի աշխատակազմի կողմից տրամադրված պատասխանում նշվում է․

«Համակարգը ստեղծվել է հայ կամավոր ծրագրավորողների կողմից և օգտագործվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով և կառավարության 2020 թ․ թիվ 298 որոշմամբ նախատեսված մարմինների կողմից՝  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով և որոշմամբ սահմանված նպատակներով։ 
Տեղեկացնում ենք, որ ծրագրային ապահովումը ձեռք չի բերվել որևէ ընթացակարգով գնման արդյունքում, այն կամավոր և անհատույց՝ որպես նվիրատվություն մշակել և տրամադրել են անհատ ծրագրավորողներ ։ Ըստ այդմ, ծրագրավորողների վերաբերյալէ օրենսդրությամբ սահմանված կարգով չեն ստացվել կամ ձևավորվել «Տեղեկատվության ազատության մասին » ՀՀ օրենքի իմաստով տեղեկություն համարվող տվյալներ։ Միառժամանակ, ծրագրավորողները չեն ցանկացել, որ իրենց  անունները հրապարակվեն, չեն համաձայնել, որ իրենց կողմից անվարձահատույց  օժանդակության փաստը հանրայնացվի։  
Վերոհիշյալից ելնելով և հաշվի առնելով, որ մի կողմից օրենքով նախատեսված չէ ծրագրավորողների մասին տվյալների հավաքագրումը, պահպանումը և հրապարակումը, մյուս կողմից առկա չէ հրապարակման վերաբերյալ իրենց համաձայնությունը ՝ վերջինների մասին տվյալները չեն կարող տրամադրվել»։

Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ստորագրվել և ուժի մեջ է մտել սույն թվականի ապրիլի մեկից։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել