Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել կանադացի իր գործընկերոջ՝ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ
14:17 - 13 հունիսի, 2020

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել կանադացի իր գործընկերոջ՝ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել կանադացի իր գործընկերոջ՝ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ:

Հայաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ զրուցակիցները քննարկել են նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն աշխարհում՝ ընդգծելով դրա հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության և միասնական ջանքերի գործադրման կարևորությունը:

Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում Մնացականյանը բարձր է գնահատել միջազգային գործընկերների պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին և հայ ժողովրդին:

Նախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ գոհունակություն հայտնելով տարբեր մակարդակներով հաստատված երկխոսության կապակցությամբ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել հայ-կանադական հարաբերությունների դրական դինամիկայի պահպանման և համագործակցության նոր ոլորտների ներառման ուղղությամբ: Այս առնչությամբ մտքեր են փոխանակել ստեղծագործ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ագրոբիզնեսի, սննդի անվտանգության ապահովման և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ:

ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության վրա հիմնված արդյունավետ փոխգործակցությանը և դրա ընդլայնման հեռանկարներին:

Զոհրաբ Մնացականյանը Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնին է ներկայացրել ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և բարձր գնահատել կանանց իրավունքների և «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի կյանքի կոչման, ինչպես նաև զինված հակամարտություններում երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Կանադայի ջանքերը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նաև անդրադարձել է ցեղասպանության կանխարգելման օրակարգի խթանման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերին՝ բարձր գնահատելով այդ ուղղությամբ կանադական կողմի հետ հաստատված սերտ համագործակցությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել