Կորոնավիրուսային համավարակի պատճառով դուք նորից հայտնվել եք առաջնագծում. Արցախի նախագահը շնորհավորել է բուժաշխատողներին
11:15 - 21 հունիսի, 2020

Կորոնավիրուսային համավարակի պատճառով դուք նորից հայտնվել եք առաջնագծում. Արցախի նախագահը շնորհավորել է բուժաշխատողներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ:

«Թանկագի՛ն բուժաշխատողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ:

Այսօր՝ այս հիշարժան օրը, դուք տոնում եք յուրահատուկ պայմաններում: Ամբողջ աշխարհում տարածված նոր կորոնավիրուսային համավարակի պատճառով դուք նորից հայտնվել եք առաջնագծում, ինչպես տասնամյակներ առաջ՝ Արցախյան պատերազմի ծանր ու դժվարին տարիներին: Եվ այսօր դուք նորից ստիպված եք փրկել մարդկային կյանքեր՝ վտանգելով ձեր կյանքը, պայքարել մեր քաղաքացիների առողջության համար՝ վտանգելով ձեր առողջությունը:

Ձեր՝ գիշեր ու զօր կատարած անձնուրաց ու արհեստավարժ աշխատանքի, ձեր նվիրումի համար մենք խորապես շնորհակալ ենք: Պետությունը միշտ ձեզ հետ է, ձեր կողքին: Մենք այսուհետ էլ կանենք առավելագույնը՝ հետևողական ջանքեր գործադրելով ոլորտում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու, ձեր աշխատանքային ու սոցիալական պայմանները շարունակաբար բարելավելու, համատեղ ուժերով առկա մարտահրավերներին հաջողությամբ ու արդյունավետորեն դիմակայելու ուղղությամբ:

Կրկին շնորհավորում եմ բոլոր հայ բուժաշխատողներին: Թող հաջողությամբ պսակվի մեր ժողովրդի համար ձեր՝ չափազանց կարևոր ու պատասխանատու աշխատանքի ամեն մի օրը: Մաղթում եմ քաջառողջություն ու ամենայն բարիք»,-նշված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ:

 
 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել