news.am: ՀՀ Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի մերժել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ Դատախազության ներկայացված բողոքը։ Այս մասին ասաց Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը։
Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի՝ Հայաստան վերադառնալու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու հարցին, Մակինյանն ասաց. «Պարոն Հայրապետյանը դեռ ինքնամեկուսացման ռեժիմում է գտնվում, հիմա կյանքի եւ առողջության պահպանումն առաջնային է։ Պարոն Հայրապետյանը հիվանդություններ ունի, որոնցով պայմանավորված գտնվում է ռիսկային խմբում»։
Մակինյանը շեշտեց, որ վարույթն իրականացնող մարմինը միայն Ռուբեն Հհայրապետյանին Հայաստան վերադարձնելու հարցով է ջանասիրաբար զբաղվում. «Վարույթն իրականացնող մարմինը թող կապվի Չինաստանի դեսպանի հետ եւ ապահովի առանձնապես խոշոր չափերի մեջ հարուցված քրեական գործով առնչվող Հայկ Շահնազարյանին Հայաստան վերադարձնելու հարցով։ Վարույթն իրականացնող մարմինը կողմնակալություն է անում»։
Ամրամ Մակինյանն ասաց, որ ՔԿ-ն գիտի Ռուբեն Հայրապետյանի բնակության վայրը. «Երբ Հայրապետյանը մեղադրյալ չէր, մենք միջնորդել էինք, որ հեռավար կապի միջոցով անցկացվի հարցաքննությունը, ինչը մերժվեց»։
Մակինյանը հայտնեց, որ իրենց կողմից է եղել նախաձեռնություն՝ Ռաֆիկ Հայրապետյանին հարցաքննելու համար. «Գնում ենք, ՔԿ-ի դուռ ծեծում ու ասում ենք՝ եկել ենք, հարցաքննեք մեզ»։
Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով եւ 322-րդ հոդվածի (ինքնիրավչությունը) 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել։ Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ որդու խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։
Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս 2019-ի թվականին Ռուբեն Հայարպետյանի նկատմամբ 4 հոդվածով քրեական գործ էր հարուցվել։ Դրանք են` 315-րդ հոդվածի 2-րդ մաս (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մաս (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2–րդ մաս (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) եւ 214-րդ հոդվածի 2-րդ մաս (առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):
comment.count (0)