ՀՀ կառավարության կողմից հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին 76,5 միլիոն դրամ տրամադրելու նախագիծը հանվել է կառավարության նիստի օրակարգից։
Կառավարությունը ներկայացրել էր նախագիծ, ըստ որի գումարը հեռուստա և ռադիոընկերություններին պետք է տրամադրվեր կորոնավիրուսի արդյունքում ունեցած տնտեսական դժվարությունների դեմ պայքարելու համար։
Ըստ նախագծի հիմնավորման՝ հեռուստաընկերություններն առանց կառավարության կամ պարետատան պարտադրանքի առողջապահական կանոնների պահպանման և սոցիալ-տնտեսական վիճակի մեղմման վերաբերյալ հոլովակներ են ցուցադրել մեծ ծավալով և կամավոր։
«Հարկ է նաև նշել, որ կորոնավիրուսային հիվանդության հետ կապված տնտեսական դժվարությունները կտրուկ նվազեցրել են հեռարձակողների գովազդային եկամուտները, ինչի պատճառով հեռարձակողները «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության կողմից մատուցվող վերգետնյա հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների դիմաց պարտքեր են կուտակել։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել 76,5 մլն դրամ` հեռարձակողներին աջակցելու նպատակով»,- ասված էնախագծի հիմնավորման մեջ։
Կառավարությունը ներկայացրել էր նաև այն հեռուստա և ռադիոընկերությունների ցանկը, որոնք պետք է ստանային այդ օգնությունը և նշել դրանց չափերը։ Ըստ այդմ՝ «Կենտրոն», «Հայկական երկրորդ», «Շանթ», «Արմենիա», «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններից յուրաքանչյուրին պետք է տրամադրվեր օգնություն 10 միլիոն դրամի չափով։
«Ար», «Արմնյուզ», «Մո թիվի», «5-րդ ալիք», «Ա-թիվի», «ԴԱՐ 21» հեռուստաընկերություններին տրամադրվելիք օգնությունը պետք է կազմեր 2,5 միլիոն դրամ։ 250 - 500 000-ական դրամի չափով էլ օգնություն պետք է ստանային ռադիոընկերությունները։
comment.count (0)