Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ Հրայր Թովմասյանին ուղղված նամակը սխալ էր թարգմանվել․ Նիկոլայ Բաղդասարյան
17:10 - 30 հունիսի, 2020

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ Հրայր Թովմասյանին ուղղված նամակը սխալ էր թարգմանվել․ Նիկոլայ Բաղդասարյան

Եկեք ընդունենք, որ ԶԼՄ-ները սխալ էին թարգմանել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ Հրայր Թովմասյանին ուղղված նամակը, որտեղ նա նշել էր, որ իրենց առաջարկություններն ամբողջությամբ չեն ընդունել, սակայն մամուլում հրապարակվել էր, որ հանձնարարություններն ամբողջությամբ չեն ընդունվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Պատգամավորն իր խոսքում նշեց․

«Այն խորհրդատվական բնույթ կրող կառույց է, որտեղ փորձագետները խորհուրդ են տալիս, թե ինչպիսի իրավական ակտ պետք է տվյալ պետությունն ընդունի: Տարբեր պետություններ, որպես կանոն, միշտ չէ, որ ամբողջությամբ այդ փաստաթուղթն ընդունում են: Բազմաթիվ պետություններ ամբողջությամբ չեն ընդունել Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները»:

Անդրադառնալով լրագրողների  դիտարկմանը, որ ՍԴ դատավորի թեկնածուների շարքում շրջանառվում է Գագիկ Ջհանգիրյանի եւ նախկին  ՄԻՊ Կարեն Անդրեասյանի անունները: Բաղդասարյանը նշեց․

«ՍԴ դատավոր թեկնածու լինելու համար մի քանի պահանջներ կան, օրինակ տարիքային ցենզ կա. կարծում եմ՝ Գագիկ Ջհանգիրյանը 40-ն անց է, ունի բարձրագույն կրթություն, բնականաբար ինքը համապատասխանում է այդ պահանջներին, այլ խնդիր է, որ կառավարությունը կամ ՀՀ նախագահը կամ Դատավորների ընդհանուր ժողովը կառաջադրեն նրան, թե ոչ:  Ես կարծում եմ, որ ՀՀ-ում կան հնարավոր թեկնածուներ, որոնք ունեն այդ գիտելիքները, որոնց կարող են առաջադրել որպես ՍԴ դատավորի թեկնածու: Դա նորմալ է, որ որոշ դատավորների լիազորությունները դադարում են, նորերը նշանակվում են: Կարեն Անդրեասյանն էլ կարող է թեկնածու լինել, որովհետեւ ներկայացված պահանջներին բավարարում է՝ տարիքային ցենզ, աշխատանքային փորձ, իրավաբանական կրթություն և  այլ չափորոշիչներ կան»:

Դիտարկմանը, որ  «Իմ քայլը » խմբակցության մի քանի պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով, իսկ մնացած պատգամավորներից շատերը կոնտակտավոր են, բայց գալիս են նիստերին, Բաղդասարյանն ասաց.

«Անկեղծ կլինեմ՝ խնդիր տեսնում եմ, ցանկալի կլիներ,որ ոչ ոք չհիվանդանար, որ  իրար կողք չնստեինք, դահլիճը ավելի մեծ լիներ, բայց, երբ  հասկանում ես, որ պետության կառավարման  հետ կապված խնդիրներ կան, և դրանց մեջ դու՝ որպես պատգամավոր, դերակատարում ունես, կամովին ես ստանձնել այս պաշտոնը և պարտավոր ես գալ նիստի և քո պարտքը պետությանը, ժողովրդին կատարես: Եթե չլիներ այդ պարտքը, հաճելի կլիներ գնալ մի վայր, որտեղ վարակվելու հնարավորությունը շատ ավելի քիչ է, բայց ստիպված պետք է գալ»։

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ըստ խոսակցութունների՝  «Իմ քայլը»-ի պատգամավորները, իմանալով, որ վարակակիր են, մասնակցել են սահմանադրական փոփոխությունների նիստին, Բաղդասարյանը նշեց, որ այդ պատգամավորները հերքել են, թե իմացել են վարակակիր լինելու մասին:  Բաղդասարյանը նշեց, որ եթե հաստատվի, որ պատգամավորները գիտակցել են, որ վարակակիր են, բայց եկել են նիստի, իհարկե, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն:

«Իմ քայլը» խմբակցության  անդամները, ի տարբերություն մնացած պատգամավորների, իրենց առողջության, իրենց կյանքի հաշվին փորձում են գալ աշխատանքի և փորձում են կատարել քայլեր, որ ապահովեն պետության բնականոն գործընթացը»,- ասաց պատգամավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել