Ավելի պատվաբեր է աշխատել անկախ հիմնադրամում, քան կոռուպցիայի և ընտրակեղծարարության կուսակցության մաս լինելը․ Սոս Ավետիսյանը՝ Վահե Էնֆիաջյանին
22:42 - 06 հուլիսի, 2020

Ավելի պատվաբեր է աշխատել անկախ հիմնադրամում, քան կոռուպցիայի և ընտրակեղծարարության կուսակցության մաս լինելը․ Սոս Ավետիսյանը՝ Վահե Էնֆիաջյանին

Այսօր ԲՀԿ-ական մի պատգամավոր՝ Վահե Էնֆիաջյանը՝ քաղաքական դաշտում ավելի հայտնի որպես 400 ֆեյքերի տիրակալ, նեղված յուր տիրակալ Ծառուկյանի վերաբերյալ դիտարկումներիցս, անրադարձել է իմ գործունեությանը՝ «բացահայտելով», որ մինչ պատգամավոր դառնալս աշխատել եմ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ում։ Ի դեպ՝ սա դժվար չէր բացահայտել, քանի որ թե՛ նախընտրական բուկլետում, թե՛ ԱԺ կենսագրությունումս բաց և հասանելի ներկայացված է մեր քաղաքացիներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակվության պատգամավոր Սոս Ավետիսյանը։

Ֆեյքատերի գրառումով ի թիվս այլ հարթակների կիսվել էր նաև tert.am-ը, որի համասեփականատերերից մեկը հեղափոխությունից անմիջապես հետո դարձել էր միշիկամերձ ՀՀԿ նախկին պատգամավոր՝ Սամվել Ֆարմանյանը։ Սույն անձը հենց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ում աշխատել է շուրջ 3 տարի։ Սա չեմ նշում որպես լավ կամ վատ երևույթ, այլ զուտ հիշեցում մանիպուլյացիայի և ստի գեներացման մեխանիզմների մասին։ Ես, ի տարբերություն այս մարդկանց, չեմ խմբագրում և չեմ խմբագրելու իմ կենսագրությունը, որով իրավամբ հպարտանում եմ։ Շատ ավելի պատվաբեր է աշխատել անկախ հիմնադրամում,քան մի քան կոռուպցիայի և ընտրակեղծարարության կուսակցության մաս լինելը։

Նախահեղափոխական Հայաստանում այսպիսի կազմակերպությունները, որոնց համբավը արատավորելու գործին լծված են կոռուպցիոն սխեմաներից զրկվածները, որոնք ամեն օր զգում են օրենքի սեղմվող շղթաները իրենց հաստացած վզերին, կանգնած են եղել քաղաքացու իրավունքի, ընտրական գործընթացների արդարության և թափանցիկության, կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Սա է, որ հանգիստ չի տալիս ղազերին ու ֆեյքերին։ Փորձ է արվում վախեր սերմանել հասարակության մեջ, բայց նրանք ինչպես միշտ ձախողվում են։ Այս կազմակերպությունում աշխատելով է, որ կախված չեմ եղել քրեաօլիգարխիկ դյուքաններից։

«Հեղափոխությունից տուժածները» այդպես էլ չհասկացան, որ 2018 թվականի իրադարձությունները Հայաստանում եղան ոչ թե այն պատճառով, որ ֆինանսապես անկախ մարդիկ կարողանում էին անկաշկանդ խոսել այդ արատավոր երևույթների իմասին, այլ այն պատճառով, որ այդ քրեաօլիգարխիկ բուրգից կախման մեջ գտնվող քաղաքացիները ևս գիտեին, տեսնում և հասկանում էին այդ ամենը, թեկուզ հաճախ ստիպված էին լռել։ Այդ էր պատճառը, որ փողոցում ոչ թե հազար, այլ հարյուր հազարավոր քաղաքացիներ էին պայքարում՝ մերժելու այդ արատավոր երևույթները։ Իսկ ոմանք մինչ այսօր էլ շարունակում են մեղադրել և անվանարկել այդ հիմնադրամներին ու հասարակական կազմակերպություններին՝ այդպես էլ դասեր չքաղելով:

Իսկ քաղաքական կշռի մասին խոսելիս խորհուրդ կտայի հարգարժան ֆեյքատերին նկատի ունենալ, որ ես, որքան էլ «Իմ քայլի» շռնդալից հաղթանակի ֆոնին համեստ, բայց, այնուամենայնիվ, երեք անգամ ավելի շատ քաղաքացիների վստահության քվե եմ ստացել, քան ինքը՝ պարոն Էնֆիաջյանը։ Պարոն էնֆիաջյանին թերևս թյուրիմացության մեջ է գցել այն հանգամանքը, որ իր խմբակցությունը Ազգային Ժողովում ներկայացված է 26 պատգամավորով, և մինչ նա կարծում է,թե դա մոտավորապես նույն ներկայացվածությունն է, ինչ նախկինում, շտապեմ հիասթափեցնել՝ հիշեցնելով, որ իրենց խմբակցության մանդատներից 16-ը Իմ քայլ-ի հաշվին ստացած բոնուսներեն, մինչդեռ իրենց կուսակցությունը ընտրողների քանակի չորս անգամ նվազում է արձանագրել մեկ տարվա մեջ, իսկ տոկոսային առումով 27-ից գահավիժել է 8 տոկոսի, և այդ գահավիժումը, ինչպես ցույց են տալիս քաղաքական գործընթացներն ու հարցումները, շարունակական է։ Այս ցուցանիշներով թերևս նրանց գերազանցում է միայն իրենց նախկին, բայց միշտ սիրելի կոալիցիոն գործընկերը։

Եվ վերջում կարճ անրադառնամ հայ-ռուսական հարաբերություններին՝ ինչպես հեղափոխության ընթացքում խոստացվել է արտաքին քաղաքական վեկտորների փոփոխություն չի լինելու։ Հետհեղափոխական Հայաստանում ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների վատթարացման մասին գուժել են կոնկրետ շրջանակներ (ներառյալ ղազերը), սակայն միայն Կովիդից առաջ եղած երկու կարևոր դրվագով օրինակ՝ լրջագույն ռազմատեխնիկայի ձեռք բերելը և ԵԱՏՄ-ի առաջնորդների, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության, Սինգապուրի և Մոլդովայի ղեկավարների խորհդի նիստը Հայաստանում, բավարար են արդեն իսկ կարծիք կազմելու մեր հարաբերությունների խորության և ռազմավարական բնույթի մասին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել