Սեւանա լճի «կանաչելու» խնդիրը դարձյալ հանրային քննարկման տիրույթում է։ Շրջական միջավայրի նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը նախօրեին ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց կանաչած Սեւանի արբանյակային պատկերները, որոնցից երեւում է, որ լիճը կրկին կանաչում է։
Վերջին տարիներին բազմիցս խոսվել է այս խնդիրը կարգավորելու անհրաժեշտության, դրա լուծման տարբերակների մասին, մասնագետները քայլեր են առաջարկել՝ լճի մակարդակի բարձրացում, ջրառի փոքրացում, եւ այլն, սակայն սայլը տեղից կարծես չի շարժվել։
Դեռեւս 2019 թվականի հուլիսին Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Սեւանի կանաչման գործոնները մի քանիսն են։ Նախկին նախարարն ասել էր, թե այդ պահին կապտականաչ ջրիմուռների՝ վիզուալ տեսանելի աճը առկա է նաեւ Բայկալ լճում, Սեւ ծովում եւ այլն, սակայն խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս, մեկը՝ Գեղարքունիքից կեղտաջրերի եւ կոյուղաջրերի ամբողջ ծավալը հոսում է լիճ, ինչպես նաեւ՝ ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից աղտոտող նյութերն են լցվում, մյուս պատճառն էլ, ըստ Գրիգորյանի, ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որոնք նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծում։
Մասնագետների ու բնապահպանների կարծիքով եւս խնդրի հիմնական պատճառը տարածքի աղտոտումն ու լիճ թափվող կոյուղաջրերն են։
Սեւանի «կանաչելու» պատճառների եւ դրանց հնարավոր լուծումնեի մասին Infocom.am-ը զրուցեց ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանի հետ։
- Տիկի՛ն Հովհաննիսյան, այս տարի նույնպես նկատվում է, որ Սեւանա լճի որոշ հատվածներ սկսել են կանաչել։ Արդեն մի քանի տարի է՝ այս խնդիրը պարբերաբար կրկնվում է։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է հիմանկան պատճառը։
- Կրկին կանաչել է, որովհետեւ ոչինչ չի փոխվել անցյալ տարվանից ի վեր։ Նույն ձեւով 28 գետ լցվում է Սեւան, եւ մեկ Հրազդան է դուրս գալիս, այդ 28 գետերը Սեւանի ջրահավաք ավազանից բերում են ամբողջ կեղտաջրերը՝ լվացքի ջրերը, գյուղատնտեսական, դաշտերից ինչ-որ բաներ են խառնվում ջրի հետ։ Այն, ինչ նպաստում է Սեւանի ծաղկմանը, կոչվում է էտրոֆիկացիա՝ որակի վատացում, դեպի ճահճացման գնալն է։ Այդ բոլոր աղտոտիչները նույն ձեւով լցվում են, մենք ոչ մի տեղ չունենք մաքրման կայան, որը լիարժեք կմաքրի կեղտաջրերը։ Միայն մեխանիկական մաքրում է կատարվում․ Սեւանի ավազանում երեք կայանք կա, իսկ կենսաբանական մաքրում չի կատարվում։ Հիմնական աղտոտիչն այդ կենսաբանական աղտոտվածությունն է։ Սակայն, բացի դրանից, մենք նաեւ ջերմային աղտոտման ենք ենթարկում։ Գետերի բերած ջրերը՝ լվացքաջրերը, աղտաջրերը, առաջ սառն էին ավելի, հիմա դրանց ջերմաստիճանը բարձրացել է, ուրեմն մենք նաեւ ջերմային աղտոտվածության ենք ենթարկում։ Սեւանի շուրջ հանգստի, զվարճանքի 400 եւ ավելի օբյեկտներ կան, որոնք իրենց կեղտաջրերը ամբողջությամբ լցնում են լճի մեջ։ Իսկ մաքրման սարք ունեն այդ օբյեկտենրից միայն 14-ը․ սրանք անցյալ տրվա ստույգ տվյալներ են։ Այդտեղ լուրջ վերահսկողույուն է պետք։ Ոչինչ չի փոխվել, դրա համար էլ շարունակվում է նույն բանը, դեռ անցյալ տարի եմ ասել, որ քանի գնա՝ իրավիճակը կվատանա, հարկավոր է մաքրման կայաններ կառուցել, որպեսզի Սեւան մտնող ջրերը այդքան աղտոտվածություն չբերեն։ Երկրորդ կարեւոր անելիքն էլ՝ Սեւանի առափնյա հանգստյան օբյեկտներին պարտադրել ունենալ մաքրման սարք, հակառակ դեպքում՝ փակել օբյեկտը եւ վերջ։
- Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը, որ Ձեր նշած կանխարգելիչ միջոցները չեն իրականացվում։ Արդյոք դրանց համար լուրջ ֆինանսական միջոցնե՞ր են անհրաժեշտ։
- Նաեւ քաղաքական կամք է հարկավոր, մտահոգություն է հարկավոր։ Իհարկե, ես հասկանում եմ, որ կառավարությունն ամեն բանի չի կարող հասցնել ձեռքը, բայց էդտեղ ուշանալը մահ է Սեւանի համար։ Չենք կարող ուշանալ, մենք անպայման պետք է կառուցենք այդ կայանները։ Գոնե հիմա այդ առափնյա օբյեկտներին պետք է ստիպենք՝ իրենց եկամուտների մի մասը տրամադրել մաքրման կայաններ ստեղծելուն, դա այդքան թանկ հաճույք չէ։ Ոորովհետեւ լոկ բառեր չեն՝ մենք Սեւան ենք կորցնում։ Շատ խնդիրներ կան, գյուղատնտեսական դաշտերից պարարտանյութերը նույնպես լցվում են լիճ։ Ամենամեծ խնդիրը նաեւ այն է, որ Սեւան մտնող գետերի վրա պետք է ՀԷԿ-եր կառուցված չլինեն, որովհետեւ դրանք խախտում են գետերի ջրային էկոհամակարգի վիճակը։ Այսինքն՝ մենք բերում ենք Սեւան ավելի աղտոտված, ավելի տաք ջրեր եւ սպասում ենք, որ Սեւանը դա կհաղթահարի՞։
- Այս տարիների ընթացքում տարբեր մասնագետներ տարբեր կարծիքներ արտահայտեցին, կային նաեւ պաշտոնյաներ, որոնք նշում էին, թե Սեւանի ջուրը վտանգավոր չէ, երբ կանաչ է։ Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ, որքանո՞վ է այն վտանագավոր լողորդների համար։
- Եթե որեւէ մեկը նման բան է ասում, ուրեմն այդ տարածքում բիզնես ունի։ Մանավանդ երեխաներին չի կարելի թույլ տալ լողալ այդ կապտականաչ ջրերում, որովհետեւ այդ ջրիմուռները, որոնց պատճառով ջուրը կանաչում է, թույն են արտադրում։ Եթե երեխան կուլ տա այդ ջուրը, ամենաքիչը կհիվանդանա ստամոքսային հիվանդությունով։ Ես բժիշկ չեմ, բայց գիտեմ, որ դա հնարավոր է։ Նույն կերպ լողալը, շատ զգույշ է պետք լինել։ Մենք պետք է շատ հոգատար լինենք, քանի որ մեր Սեւանը ամբողջ տարածաշրջանում ամենամեծ քաղցրահամ ջրավազանն է։ Եթե մենք դիմենք համայն հայությանը, շատերը կարձագանքեն, եւ մենք գումարի խնդիր չենք ունենա։ Նախ «Սեւան ազգային պարկը» պետք է հետամուտ լինի այս գործընթացներին։ Մենք Սեւանի մասին օրենք ենք մշակել, բայց այն խախտվում է մի քանի հոդվածներով։ Սեւանը շատ ուժեղ ինքնամաքրման բնութագիր ունի, եթե 2-3 տարի չբռնաբարենք այդ ջրավազանը, այն կվերականգնվի 100 տոկոսով։ Ամբողջությամբ վերացրել են խեցգետիններին, իսկ դրանք Սեւանի սանիտարներն էին, դա էլ ձկնորոսությունների արդյունքն է։ Ի վերջո, խուսափեք երեխաներին ուղարկել Սեւանի ափ, որ չլողան, դա վտանգավոր է։
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանն էլ Infocom.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին մասնագիտական ստորաբաժանումները խնդրի շուրջ աշխատանքներ են իրականցնում, եւ շաբաթվա ընթացքում նախարարության «Հիդրոօթերեւութաբանության» ՊՈԱԿ-ը ջրի նմուշառումներ է իրականացնելու՝ ավելի ամբողջական պատկեր ունենալու համար։
«Մենք ունենք նաեւ արբանյակային տեսանկարահանումների պատկերներ, որոնք այս պահին թույլ են տալիս հասկանալ դրա ծավալների վերաբերյալ նախնական տվյալները եւ տարածման ուղղությունները։ Երբ նմուշառումներն իրականացվեն, առավել ստույգ տեղեկություններ հնարավոր կլինի տարածել։ Դեռեւս 2019 թվականին մենք արդեն հայտարարել էինք, որ 2020-ին նույնպես սպասվում է կանաչում։ Այս պրոցեսը երկու-երեք տարիների պատմություն չէ, այլ երկար տարիների ընթացքում կուտակված խնդիրների՝ ջրի մակարդակի իջեցում, լիճ լցվող կոյուղաջրեր, ափամերձ հատվածներում անառածածկ, եւ այլն»,- ասաց Գրիգորյանը։
Վերջինս տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությունն 98հա ափամերձ անտառածածկ տարածք է մաքրել, ինչը, ըստ Գրիգորյանի, շատ ավելի թեթեւացրել է իրավիճակը, բայց կան նաեւ այլ աշխատանքներ, որոնք հընթացս իրականացվում են։
Գրիգորյանը ընդգծեց, որ Եվրամիության հետ ունենք համաձայնագիր, որի շրջանակներում 5 միլիոն եվրո պետք է տրամադրվի Սեւանի էկոհամակարգային խնդիրներին վերաբերող հարցերն ուսումնասիրելու եւ ճանապարհային երկարաժամկետ քարտեզ մշակելու համար, սակայն միջազգային մասնագետները, որոնք պետք է ժամանեին Հայաստան, համավարակի պայմաններում չեն կարողացել ժամանակին հասնել եւ սկսել աշխատանքները։․
«Ըստ էության, աշխատանքները դեռեւս ուսումնասիրության փուլում են, քանի որ կան ավելի գլոբալ հարցեր, որոնք միայն Շրջակա միջավայրի նախարարության տիրույթում չեն։ Կան խնդիրներ, որոնք մեր լիազորություններից դուրս են, եւ այդ պատճառով միջգերատեսչական ակտիվ քննարկումներ են ընթանում»։
Հարցին, թե արդյոք նախորդ տարիների համեմատությամբ այս տարի կա՞ խնդրի նվազում, Գրիգորյանը նշեց, որ նվազման մասին հստակ տեղեկություն կարող է փոխանցել միայն մոնիտորինգի կենտրոնի տվյալների տրամադրումից հետո։
«Միայն մի փաստ է հնարավոր արձանագրել․ կանաչումը սկսել է մոտ մեկ ամիս ուշ, քան նախորդ տարի․ սա պայմանավորված է օդի ջերմաստիճանի բարձր լինելով։ Այս տարի տեղումները մի քիչ ավելի շատ էին, եղանակը ավելի ցուրտ էր, մեծամասմաբ տաք եղանակն է նպաստում ջրիմուռների ակտիվացմանը։ Եւ քանի որ օդի ջերմաստիճանը նոր է սկսել բարձրանալ, մենք հիմա պետք է սկսենք աշխատանքները՝ ծավալները հասկանալու համար»,- հավելեց նախարարության մամուլի խոսնակը։
Ասպրամ Փարսադանյան
comment.count (0)