Անգործ ու «քեֆչի» արհմիության կարծրատիպը պետք է վերափոխվի․ Մատենադարանի աշխատողների արհմիության նախագահության անդամ Ալա Խառատյան
20:40 - 26 հուլիսի, 2020

Անգործ ու «քեֆչի» արհմիության կարծրատիպը պետք է վերափոխվի․ Մատենադարանի աշխատողների արհմիության նախագահության անդամ Ալա Խառատյան

Մատենադարանի աշխատողների արհմիության գործունեության, աշխատավայրում գրանցած հաջողությունների ու խնդիրների, արհմիություն-գործատու հարաբերությունների, պետությունից ունեցած ակնկալիքների թեմաներով զրուցել Արհմիության նախագահության անդամ, Մատենադարանի ավագ գիտաշխատող Ալա Խառատյանի հետ։

- Ձեր արհմիությունը ստեղծվեց հեղափոխությունից հետո՝ ոգեւորության բարձր ալիքի վրա, դուք էլ նշել էիք, որ դրսում կատարված փոփոխությունները ցանկանում եք բերել ինստիտուտներ, բարելավել ձեր աշխատանքային վիճակը։ Ավելի քան մեկ տարվա ընթացքում ի՞նչ հաջողություններ եք գրանցել, ի՞նչ խնդիրներ եք բացահայտել ձեր աշխատավայրում ու ի՞նչ հարցեր եք լուծել։

- Խնդիրները նկատելի էին մինչեւ հեղափոխությունը, ուղղակի դրանք կա՛մ լռության էին մատնվում, կա՛մ բարձրաձայնելու դեպքում պարզապես անտեսվում էին։ Ճիշտ եք նկատում, որ մեր արհմիությունը ստեղծվել է հեղափոխությունը ինստիտուցիոնալ կառույցներ մտցնելու ցանկությունից։ Պետական եւ նաեւ ոչ պետական որոշ համակարգեր կառավարման ձեւում եւ աշխատանքային հարաբերությունների հարցում լուրջ վերապատրաստում անցնելու կարիք ունեն։ Հեղափոխությունը հաղթանակ էր ռեժիմի դեմ, որը տոտալիտար համակարգի դրսեւորման ձեւ էր, բայց իբր ուներ դեմոկրատական կառավարման անուն։ Բոլոր ինստիտուցիաներն ունեն կառավարման նույն ձեւը՝ հրաման վերեւից, իսկ ներքեւում՝ լուռ ու հնազանդ կամակատարներ։ Ցանկացած այլակարծություն սին կարծատիպերով համեմված որակումներ է ստանում։

Շատ լուրջ խնդիր է աշխատանքային հարաբերություններում աշխատողի անտեսվածությունը կամ նրա ստորադասվածությունը պաշտոնյաներին։ Վարչական կազմը, կարծում եմ, պետք է դիտարկվի ոչ թե որպես մտրակակիր, այլ որպես ավելի բարձր պատասխանատվությամբ ծառայող ու աշխատանք կազմակերպող խումբ։ Մեր համակարգերի դեպքում գործում է  նախկին ռեժիմի օրակարգը՝ վարչական համակարգի բացառիկությունը, եւ դրանից ելնելով էլ՝ միակ տեքստը, որ ստեղծվում է որպես աշխատանքային պրոցեսի շարժիչ ուժ, վարչական համակարգի խոսքն է, իսկ աշխատողները երկրորդային կարգի ոչ կարեւոր զանգված են, որոնք երբեմն անգամ իրավասու չեն այդ խոսքին տեղյակ լինելու։ Մեր՝ արհիմությունը ստեղծածներիս աշխարհայացքը էականորեն տարբեր է նման մոտեցումներից, քանի որ մեզ համար կարեւոր է այլընտրանքային հաղորդակցական միջավայրը, հետեւաբար՝ աշխատողի դերի բարձրացումը։ Այս փոփոխությունների անհրաժեշտությունն էինք մենք զգում, որի հնարավորությունը տվեց հեղափոխությունը։ Կարծում եմ՝ Հայաստանի գրեթե բոլոր հիմնարկներն ունեն նման խնդիր եւ նոր հաղորդակցական համակարգ ստեղծելու անհրաժեշտություն։ Մեր արհմիությունը սա փորձում է լուծել մեր աշխատանքային միջավայրում եւ միտված է բարձրացնելու աշխատողի դերը հիմնարկում։

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, դրա առնչությամբ մամուլում բազմիցս անդրադարձ եղել է, այժմ նշեմ միայն երկուսը։ Մեր արհմիության շոշափելի ձեռքբերումն եմ համարում հատկապես աշխատանքային պայմանագրերի կարգավորումը, որը վերականգնեց աշխատողի՝ Աշխատանքային օրենսգրքով իրեն վերապահված հիմնական աշխատանք ունենալու իրավունքը։ Հայտնի չէ, թե Covid-ի համաճարակի պայմաններում, երբ մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը, ինչ կլիներ նրանց հետ, ովքեր Մատենադարանում աշխատում էին ժամանակավոր աշխատանքային պայմանագրով։ Չի բացառվում, որ մեզ հետ էլ պայմանագրերը չերկարացնեին՝ պատճառ բերելով ֆինանսական գործոնը։

Մյուս կարեւոր հարցը, որը առաջ ենք քաշել, նշածս մտքերի իրականացման հնարավորություն է տալիս՝ փոփոխել Մատենադարանի կանոնադրությունը, որտեղ կարեւոր կետեր կվերաձեւակերպվեն աշխատողի՝ իր ղեկավարին ընտրելու, աշխատանքային պրոցեսի կազմակերպման գործում իր ներկայացուցչով ընդգրկված լինելու իրավունքը։ Այս հարցը դեռեւս լուծում չի ստացել, բայց ես հավատում եմ, որ այն հաջող ընթացք կունենա։

- Մատենադարանի արհմիության օրինակով կարող ենք տեսնել Հայաստանում գործատուների եւ աշխատողների վերաբերմունքն արհմիությունների նկատմամբ դրսից երեւացող պատկերն այն է, որ տնօրենությունն արհմիությանը որպես հակառակորդ է ընկալում, ձեր եւ ղեկավարության հարաբերությունները կարծես բավական լարված են, աշխատողների զգալի մասն էլ պարզապես կողքից հետեւում է զարգացումներին։ Նախ, որքանո՞վ է այս տպավորությունը համապատասխանում իրականությանը, եւ փոքրաթիվ լինելը, մյուս գործընկերներից աջակցություն չստանալն ինչպե՞ս է ազդում արհմիության աշխատանքի արդյունավետության, ձեր մոտիվացիայի վրա։

- Տպավորությունը ճիշտ է, մեր տնօրենությունը իսկապես լարված է մեր հանդեպ՝ ընդհուպ մինչեւ չբարեւելու աստիճանի։ Ի սկզբանե մենք որդեգրել էինք զրուցելու եւ խնդիրները քննարկելու ձեւաչափը, բայց, ինչպես արդեն ասացի, Մատենադարանում, ինչպես եւ հայաստանյան գրեթե բոլոր հիմնարկներում, աշխատանքային հաղորդակցությունը կառուցված է բացառիկության սկզբունքի վրա՝ ղեկավար կազմի բացառիկ առաջնայնության, եւ տնօրենությունը պատրաստ չէր ընդունելու այլ կարծիք, այլ խոսք եւ վիժեցրեց քննարկման ու զրույցի ֆորմատը՝ ամեն անգամ հանդիպումները վերածելով վեճի հարթակի։ Արդյունքում հասկացանք, որ մեր բարձրացրած հարցերն այդ ֆորմատով լուծելու փորձերն անօգուտ են։ Տնօրենությունն էլ շարունակում է գործադրել իր նախընտրած հաղորդակցության հոսքը՝ տոտալիտար ձեւը։

Ինչ վերաբերում է աշխատողների՝ մեր հանդեպ ունեցած վերաբերմունքին, ես չեմ կարծում, թե մենք փոքրաթիվ ենք։ Մեր քանակը բավարար է մեզ հուզող հարցերը բարձրացնելու համար, եւ մեր մոտիվացիան չի նվազում այն բանից, որ ամբողջ Մատենադարանը չի անդամագրվել արհմիությանը։ Ունենք լուռ աջակիցներ, ունենք նաեւ աջակիցներ, որ գոնե մեզ ասում են մեր գործունեության հանդեպ իրենց համակրանքի եւ մեր սկզբունքները կիսելու մասին։ Ի վերջո, բոլորն օգտվեցին մեր ձեռքբերումներից՝ պայմանագրերի փոփոխությունից, ինչի արդյունքում ժամանակավոր աշխատողից դարձան հիմնական եւ ստացան տարիներով իրենցից խլված երկարացված արձակուրդային իրավունքը։ Դեռ ոչ ոք չի ընդդիմացել սրան, չի հրաժարվել երկարացված արձակուրդից կամ հիմնական պայմանագրից։ Մեր քայլը հանուն բոլորի էր։

- Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը վերջերս ձեր գործունեությունը բնորոշել էր հետեւյալ կերպ «Ինձ ասացին, որ ուզում են արհմիություն ստեղծել: Ասացի` շատ լավ եք անում, քանի որ ինքս էլ գտնում եմ, որ դա օգտակար բան է հիմնարկի համար: Ասացի` գուցե առաջին հերթին կոլեկտիվի ժողո՞վ հրավիրեք, մարդիկ գրանցվեն, կանոնադրություն հաստատվի, հետո մարդիկ իրենց միջից ղեկավար ընտրեն: Բայց նրանք հակառակ կողմից գնացին, երեքով ՀԿ ստեղծեցին, իրենց ղեկավար հռչակեցին, այդպես ինքնահռչակ մի յոթ հոգի անդամ հավաքեցին, հիմա այդ յոթը ոչնչի չի մասնակցում, իսկ երեք հոգին կոլեկտիվի անունից ինչ-որ բաներ է ասում, որի իրավունքը չունի»: Նա նաեւ նշել էր, որ դուք նպատակ եք դարձրել հաստատության վարկաբեկումն ու անվանարկումը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք գործատուի այս խոսքերը։

- Մեր տնօրենը արհմիության մասին ունի այլ պատկերացում, դա նույնն է, ինչ շատերինը՝ արհմիությունը որպես խնջույքների, թաղման արարողությունների կազմակերպող, տոնական օրերին նվերներ մատուցող կառույց։ Այս ամենը բնորոշ է հաղորդակցման իներցիոն համակարգերին, երբ հայացքը միշտ անցյալում է, փաստարկումը՝ հիմնված անցյալի վրա։ Բայց նորարարական համակարգերում կարեւորը նշանակալից նորն է, պրոֆեսիոնալիզմը։ Մեր արհմիությունը չէր կարող օրինակ ունենալ անցյալի նմանատիպ արհմիության մոդելը, դա պրոֆեսինալ չէր լինի մեր կողմից, հետեւաբար՝ այն ստեղծելու կարիք էլ չէր լինի։

Այդտեղ ապատեղեկատվություն կա։ Մեր տնօրենի խոսքից կարելի է եզրակացնել, որ նա կա՛մ ծանոթ չէ «Արհմիությունների մասին» օրենքի կետերին, կա՛մ միտումնավոր է ապատեղեկատվություն տալիս։ Նախ՝ օրենքը երեք հոգու թույլատրում է ստեղծել արհմիություն․ ամենեւին պարտադիր չէ, որ ամբողջ կազմը լինի արհմիութենական, երկրորդ՝ երեք հոգին բավականին մեծ ուժ է՝ հարցեր ու խնդիրներ բարձրացնելու համար։ Մենք ենք որոշել, որ ստեղծենք, մենք էլ ստեղծել ենք, բայց մեր հիմնադիր կազմը երեք հոգի չէ, այլ ավելին։ Այստեղ ոչ մի անհարգալից բան չկա մյուսների հանդեպ։ Մենք անօրինական ոչինչ չենք արել։ Միշտ եղել ենք օրենքի շրջանակում եւ արհմիության գործունեությունն էլ հենց օրենքի գերակայության հաստատումն է, ինչը պարզ արտահայտված է մեր գործունեության մեջ։ Եթե մարդիկ ցանկանում են լինել արհիմության կազմում եւ բարձրացնել իրենց հարցերը, կարող են հանգիստ անդամագրվել։ Մեզ բազմիցս դիմել են մեր գործընկերները՝ այս կամ այն աշխատանքային կոնֆլիկի կամ խնդրի շուրջ, բայց քանի որ չեն եղել արհմիության մեջ, նրանց հարցերին, որոնք միայն իրենց են վերաբերում, չէինք կարող լուծում տալ։

Երկրորդ անհամապատասխանությունը իրականությանը՝ մենք չենք ստեղծել հասարակական կազմակերպություն, այլ ստեղծել ենք արհմիություն, դրանք տարբեր հասկացություններ են եւ տարբեր օրենքներով են վերահսկվում, չենք կարող, չէ՞, օրինակ, Մատենադարանը անվանել առեւտրի կենտրոն, նույն կերպ չենք կարող արհմիությունը անվանել հասարակական կազմակերպություն։ Տնօրենը տեսել է մեր փաստաթղթերը եւ գիտի, որ դրանք ոչ թե ՀԿ-ի, այլ արհիմության ստեղծման փաստաթղթեր են։ Ի վերջո կարելի է  հարցում անել  եւ համոզվել, որ մեր ստեղծածն արհմիություն է, Պետռեգիստրում գրանցված ենք։

Հարցի հաջորդ մասն այն է, որ մենք, իբր թե, վարկաբեկում ենք Մատենադարանի անունը։ Ի՞նչ եք կարծում Դուք՝ որպես այս պահին ինձ ունկնդրող մարդ, Մատենադարանի անունը վարկաբեկվե՞ց, երբ, օրինակ, վերականգնվեց աշխատողներից մի քանի տարի խլված երկարացված արձակուրդի իրավունքը կամ վերակնքվեցին աշխատանքային պայմանագրերը։ Ցանկացած կառույց հենց բարեփոխումներով է զարգանում։ Մենք նպաստել ենք, որ Մատենադարանում լուծվի շատ կարեւոր խնդիր, եւ դա ոչ թե վարկաբեկում է Մատենադարանի անունը, այլ ի պատիվ աշխատանքի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու կարողության է։ Դրանով պետք է հպարտանալ։ Այստեղ մի շատ նուրբ կետ կա, որ ես կապում եմ խոսքիս առաջին հատվածին քանի որ պաշտոնյաները դեռեւս հիերարխիկ մտածողության կրող են, չեն հաղթահարել հաղորդակցման այդ ձեւը եւ չեն անցել նորարարական ու դեմոկրատական ձեւին, նրանց թվում է, թե իրենք նույնանում են տվյալ հաստատության հետ։ Բայց դա այդպես չէ։ Ես մի առիթով ասել եմ՝ Մատենադարանը ժառանգություն չէ, այն բոլորինս է՝ բոլոր աշխատողներինը, եւ բոլորիս իրավունքներն ու աշխատանքային նորմալ հաղորդակցությունը պետք է ապահովված լինի:

- Որքանո՞վ է հաջողվել այս ընթացքում իրազեկել Մատենադարանի աշխատակիցներին, թե իրականում ինչ է արհմիությունը, ինչի համար է նախատեսված։ Ստացվու՞մ է ձեր ձգտումներով վարակել նաեւ մյուս աշխատողներին եւ ներգրավել միության մեջ։

- Փորձում ենք իրազեկել, բայց շատերի մոտ կա արհմիության սովետական մոդելի կարծրատիպը։ Օրինակ, մի անգամ մի աշխատակից ասում էր՝ քանի որ արհմիություն ենք, իրեն առողջարանի ուղեգիր տանք։ Կարծում եմ՝ հենց մեր գործունեությունը իրազեկում է այլ ու իսկական արհմիության մոդելի մասին եւ իրազեկում է ոչ միայն մատենադարանցիներին, այլեւ Մատենադարանի պատերից դուրս։ Մեր հիմնադիր կազմը հետագայում համալրվեց, մեր կոլեգաները ցանկություն հայտնեցին միանալու, հայտնեցին իրենց աջակցության մասին, բայց կան նաեւ այնպիսիք, որոնք վախենում են եւ ասել են այդ մասին։ Այդ վախերը բխում են վերը նշածս պատճառներից՝ վարչական կազմին բացառիկություն հաղորդելուց։ Այդ պատճառով էլ, ինչպես վարչական կազմը, այնպես էլ որոշ աշխատողներ չեն պատկերացնում, որ ավելի ճիշտ կազմակերպվող աշխատանքային հարաբերություններ էլ կարող են լինել, որտեղ բոլորը մասնակից են, եւ չկան կամակատարներ։ Ի դեպ, կուզեի ընդգծել, որ գիտական հիմնարկներին այս մտածողությունն իսկապես պատիվ չի բերում, ես չեմ կարողանում պատկերացնել գիտնական, որ հնազանդվելն ու լուռ ենթարկվելը գերադասի կամ կարծիք չհայտնի եւ հայտնողին էլ քննադատի։ 

- Արհմիությունների զարգացման գործում մեծապես կարեւոր է հենց աշխատողների նախաձեռնողականությունը, սակայն ցանկացած հարցում բարեփոխումներից խոսելիս նախեւառաջ մեր հայացքն ուղղում ենք պետությանը։ Ի վերջո, արհմիությունների ներկայիս ցածր հեղինակությունը նաեւ պետական քաղաքականության հետեւանքն է։ Հեղափոխությունից հետո արհմիություն ստեղծելիս ի՞նչ էիք ակնկալում պետությունից եւ որքանո՞վ են արդարացել ձեր սպասելիքները։

- Երբ այս կառավորությունը իշխանության եկավ, շեշտադրում էր արհմիություններ ստեղծելու անհրաժեշտությունը։ Սա շատ ճիշտ է։ Եվրոպայում անհնար է պատկերացնել որեւէ աշխատավայր, որտեղ չկա գործող արհմիություն։ Եվ այդ արհմիություները լուծում են շատ կարեւոր հարցեր ու աշխատանքային կոնֆլիկտներ։ Նրանք են պաշտպանում աշխատողին վարչական եւ աշխատանքային հնարավոր բոլոր խնդիրներից։ Եվ դա նորմալ է։ Այնտեղ ոչ մի գործատու չի մտածում, որ եթե արհմիությունը բարձրացրեց հարցերը, դրանով իրենց հիմնարկը վարկաբեկվեց։ Ընդհակառակը, պետությունը պարտադրում է, որ դրանք լինեն՝ խնդիրները տեղում կարգավորելու համար։ Պետությունից ակնկալելի է, որ «Արհմիությունների մասին» օրենքում փոփոխություններ լինեն, եւ օրենքով նրանց արտոնվեն այն իրավունքները, որոնք արհմիություններն ունեն դրսում՝ աշխատողին ցանկացած հարցում աջակցել կարողանալու համար։ Օրինակ՝ Գերմանիայում արհմիությունները ունեն նաեւ «զսպաշապիկի» դեր՝ կանխում են աշխատողի հանդեպ ցանկացած ոտնձգություն։ «Արհմիությունների մասին» օրենքը փոխելու նախագիծ կա, կարծում եմ՝ այն օրենքի ուժ կստանա։ Պետությունից ակնկալում ենք նաեւ, որ արհմիությունների գոյությունը իսկապես քաջալերվի եւ վերափոխվի անգործ ու «քեֆչի» արհմիության մասին կարծրատիպը։

- Հաշվի առնելով ձեր կուտակած փորձը եւ այն խնդիրները, որոնց բախվել եք՝ արհմիությունների ոլորտում ի՞նչ հիմնական բարեփոխումների անհրաժեշտություն եք տեսնում։

- Օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտության մասին արդեն նշեցի, բայց շատ կարեւոր է նաեւ մշակութային փոփոխությունը՝ մարդկանց գիտակցության բարձրացումը։ Աշխատողը պիտի հասկանա, որ ինքն ունի աշխատանքային նորմալ պայմանների ու հարաբերությունների իրավունք, եւ իր աշխատավայրում դրանք պետք է ապահովվեն, եւ արհմիության դերն էլ պիտի տեսնի դա վերահսկելու ու իրեն աջակցելու մեջ։

Աստղիկ Քեշիշյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել