«Մեզ հետ ոչ ոք սպառնալիքի լեզվով խոսելու իրավունք չունի». Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ֆրանսիայի նախագահի` Թուրքիային ուղղված քննադատություններին |tert.am|
16:39 - 24 հուլիսի, 2020

«Մեզ հետ ոչ ոք սպառնալիքի լեզվով խոսելու իրավունք չունի». Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ֆրանսիայի նախագահի` Թուրքիային ուղղված քննադատություններին |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը Թուրքիային քննադատել էր Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները խախտելու համար՝ ԵՄ-ին կոչ անելով լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

«Ֆրանսիան կորցնում է իր չեզոքությունն ու կայունությանը նպաստելու հնարավորությունը յուրաքանչյուր հայտարարությամբ և ամեն սխալ քայլով՝ Միջերկրական ծովի արևելյան մասում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: Նախագահ Մակրոնի հայտարարությունները մեզ համար ոչ մի նշանակություն չունեն: Մեզ հետ ոչ ոք սպառնալիքի լեզվով խոսելու իրավունք չունի»,-ասել է Աքսոյը:

Թուրքիայի ԱԳՆ խոսնակը չի մոռացել քննադատել Ֆրանսիային նաև Լիբիական ազգային բանակին աջակցելու համար` նշելով, որ «ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի կառավարության դեմ ապօրինի ուժերին օգնող պետությունն իրավունք չունի նման լեզվով խոսելու»:

«Ֆրանսիան պետք է դադարի նայել ինքն իրեն խոշորացնող հայելու մեջ և պետք է սկսի զգուշավոր քաղաքականություն վարել: Պետք է դադարեցնի Լիբիայում, Սիրիայում ապօրինի ուժերին և բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ Միջերկրական ծովի արևելքում իրենք են միակ տերն ու տիրակալը, աջակցելը: Այդ քաղաքականությունը ոչ մի արդյունք տալ չի կարող»,-ասել է Աքսոյը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել