Պետական գնումների վերաբերյալ բոլոր հարցերը պետք է հանրային քննարկումների ճանապարհով լուծվեն․ Դավիթ Խաժակյան
21:41 - 27 հուլիսի, 2020

Պետական գնումների վերաբերյալ բոլոր հարցերը պետք է հանրային քննարկումների ճանապարհով լուծվեն․ Դավիթ Խաժակյան

Երեւան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ զրուցել ենք համայնքային գնումների խնդիրների եւ «Գնումների մասին» ՀՀ օրենքի բացերի շուրջ։

- Պարոն Խաժակյան, բազմիցս անդրադարձել եք Երեւան քաղաքի կարիքների համար իրականացված գնումներում առաջացած տարբեր խնդիրների։ Դրանք ունեցել են նաեւ հանրային հնչեղություն։ Կխնդրեմ խոսել այն հիմնական օրենսդրական բացերի մասին, որոնք հնարավորություն են տալիս գնումների գործընթացները կազմակերպել օրենքում մանեւրներ անելով։

- Առաջին խնդիրը վերաբերում է տեխնիկական բնութագրերին․ այն հիմնական պարամետրերը, որոնք կարող է փոփոխել քաղաքային իշխանությունը կամ պետությունը, գնումը հայտարարած մարմինը, տեխնիկական բնութագրերն են, որոնց փոփոխությամբ հնարավոր է նեղացնել ընտրությունը։  Բնականաբար, նորմալ է, երբ տեխնիկական բնութագրի հիմքում ընկած է որակական հատկանիշների բարելավումը, եւ գնորդն ունի ցանկություն՝ ստանալ ապրանքի լավագույն որակը։ Բայց շատ հաճախ լինում են դեպքեր, երբ տեխնիկական բնութագրի մեջ նշվում են երկրաչափական տվյալներ, օրինակ՝ ավտոմեքենայի դեպքում, եւ այդ չափերով, ըստ էության, վճռորոշ է դառնում, թե որ մոդելի մեքենան պետք է գնվի, որովհետեւ քիչ է հավանականությունը, որ եթե 5-6 չափ վերցվի այդ մեքենայից, դա կբավարարի մեկ այլ մեքենայի։ Այս իմաստով՝ տեխնիկական բնութագրերի ձեւակերպումները որոշակի սողանցքեր են թողնում գնումը հայտարարող կողմի համար, եւ այդ սողանցքերով հստակ սահմանվում է, թե ինչ պետք է գնվի։ Թվում է, թե այդ տեխնիկական բնութագիրը շատերին է հնարավորություն տալիս մասնակցելու, բայց երբ դիտարկում ես պարամետրերը, հասկանում ես, որ դրանք մեկ մակնիշի կարող են բավարարել, միայն մեկ ապրանքի, եւ գնումն այդպես էլ լինում է։

Մեկ այլ օրինակ, երբ գրվում են տեխնիկական բնութագրի այնպիսի պարամետրեր, որոնք հակասում են իրար, եւ այն կազմակերպությանը, որը պարզապես մասնակցելու ցանկություն ունի եւ ներսում չունի մարդ, որն իրեն խորհուրդներ կտա, թվում է, որ հնարավոր է՝ այդ պարամետրերով իրեն մերժեն։ Արդյունքում ստացվում է, որ շահում է այն կազմակերպությունը, որի դեպքում այդ պարամետրերն ընդունելի են։ Այսինքն՝ հիմնական խնդիրը տեխնիկական բնութագրերին է վերաբերում, որոնք հնարավոր է այնպես ձեւակերպել, որ իրականում լինի ոչ թե մրցակցային, այլ ի սկզբանե կանխորոշված, որ մեկ կազմակերպություն է հաղթելու։

Եղել է կոնկրետ դեպք, երբ հայտարարվել է մրցույթ, եւ մասնակիցներից մեկը գտել է, որ խնդիր կա տեխնիկական բնութագրերում։ Դրա վերաբերյալ դիմել է եւ գնումը հայտարարող մարմնից պարզաբանում է ստացել։ Հետագայում էլ դիմել է Գնումների բողոքարկման խորհրդին։ Բայց հիմանականում այն դեպքերն են, երբ խնդիրը վերաբերում է շատ բարդ կարգավորում ունեցող գնումների։ Երեւանի դեպքում, օրինակ, աղբամանների գնումն էր, երբ տեխնիկական բնութագրերում գրված էին այնպիսի պարամետրեր, որոնք պետք է բխեին միջազգային ստանդարտից։ Առաջին հայացքից, երբ ընթերցում էիր, թվում էր՝ կարող են լինել այդպիսի բնութագրեր, բայց երբ ծանոթանում էիր միջազգային ստանդարտին, հասկանում էիր, որ իրարամերժ են։ Բայց քանի որ գնումների բողոքարկման խորհրդում քննող անձինք միշտ չէ, որ այդքան խորամուխ են լինում եւ այդպիսի նեղ ոլորտներ են ուսումնասիրում, ստացվում է, որ մակերեսային են նայում եւ ասում՝ ամեն ինչ նորմալ է։

Կոնկրետ դեպք է եղել, որ հաղթել է կազմակերպություն, որը համոզված էր, որ մրցույթը չի վիճարկվի եւ չեն ասի, որ իր պարամետրերը խնդրահարույց են։ Նաեւ վերջերս պրակտիկա է ավելացել, որ քաղաքապետարանը, առանց պայմանագրում նման կետի առկայության, մատակարարից պահանջում է փորձաքննություն, մինչդեռ դրա համար Հայաստանում բավարար պայմաններ չկան։ Ստացվում է, որ եթե կազմակերպությունը մասնակցի մրցույթին, հետագայում կարող է հանձնման-ընդունման ժամանակ ասեն՝ քո ապրանքը չի համապատասխանում, այնինչ ի սկզբանե այդ կետը չէր էլ կարող բավարարվել՝ ելնելով տարբեր տիպի ստանդարտներից։

- Արդյոք Երեւան համայնքի համար անհրաժե՞շտ են առանձին կարգավորումներ՝ հաշվի առնելով այն, որ Երեւան քաղաքի բյուջեն, կարիքները բավականին մեծ են՝ ի համեմատ ՀՀ-ում այլ քաղաքային համայնքների։

- Ճիշտ է՝ Երեւանի հարցում գնումների ծավալը մեծ է, բայց կարգավորումները նույնն են։ Միակ խնդիրը վերաբերում է մշակութային գնումներին, երբ տեխնիկական բնութագրով հնարավոր չէ շատ բան սահմանել։ Օրինակ՝ հնարավոր չէ երգչի համար պարամետրեր սահմանել, որ գա այս կամ այն ոճի երգիչը, որ չգա ռաբիսը, այլ գա քաղաքական ֆոլկլյորի ներկայացուցիչ։ Սա, ըստ էության, անհնար է, եւ դրա համար բաշխում են որպես առանձին ծախս, եւ մեկ անձից գնում են իրականացնում։

Անցած տարվա ընթաքում փոփոխություն իրականացվեց, որ մշակութային գնումները, այդ թվում՝ տեխնիկական բնույթի, դրվեցին մեկ անձի տակ, եւ հիմա հնարավոր է այդ ամբողջ միջոցառումներն իրականացնել մեկ անձից գնումով, ինչն, իհարկե, վատ է, որովհետեւ դաշտում կան մարդիկ, որ ունեն համապատասխան տեխնիկա եւ այլն, բայց միշտ մեկից է գնվելու։ Հարցն այն է, որ մշակութային գնումների տեխնիկական մասի պարամետրերը հնարավոր է սահմանել։ Եթե մեր օրենսդրությունը ճիշտ կիրառվեր, ապա խնդիրների չէինք բախվի, բայց իրենք որոշեցին ամբողջ ծավալը դնել մեկ անձից գնման տակ։

- Անդրադառնանք նաեւ շենքերի, ճանապարհների շինարարության դեպքում իրականացվող տեխնիկական հսկողությանը։ Արդյոք պետք է հսկողությունը վստահել մասնավո՞ր ընկերության, թե՞ կարելի է մասնագիտական խորհուրդներ ձեւավորել եւ դրանց միջոցով գնահատել։

- Տեխնիկական հսկողությունը մասնագիտական աշխատանք է եւ պահանջում է մեծ ռեսուրներ։ Շատերին կարող է թվալ, թե մի քանի հոգի կարող են հետեւել Երեւանում տեղի ունեցող ասֆալտապատմանը, բայց դա անհնար է, ուստի յուրաքանչյուր կտորի համար պետք է լինի իր տեխհսկիչը։ Ակնհայտ է, որ մասշտաբը թույլ չի տա, որպեսզի լինի ինչ-որ խորհուրդ, պետք է լինի վճարովի աշխատանք, միանշանակ։ Կարող է քննարկվել, օրինակ, քաղաքապետարանի կողմից տեխհսկողներ ընդունելու հարցը, բայց դա կլինի անարդյունավետ ծախս, որովհետեւ տեխհսկողություն անհրաժեշտ է որոշակի շինարարական սեզոնների, եւ դա որպես ծառայություն ներգրավելն ավելի արդյունավետ է։ Հակառակ դեպքում պետք է որոշակի հաստիքների համար ընդունել մարդկանց, որոնք աշխատելու են միայն այն ժամանակ, երբ կատարվելու է շինարարություն։ Նույն օրվա ընթացքում կարող է լինել շինարարական աշխատանք ե՛ւ շքամուտքի վերանորոգման տեսքով, ե՛ւ ասֆալտապատման տեսքով, ե՛ւ զուգահեռ կարող է մանկապարտեզի վերանորոգում ընթանալ, եւ այլն։ Հետեւաբար, ստացվում է, որ դրանցից յուրաքանչյուրի համար առանձին տեխհսկողնոր են պահանջվելու, եւ դրանք չեն կարող լինել քաղաքապետարանի աշխատակիցներ։ Իմ կարծիքով՝ պետք է լինի մասնավոր կազմակերպություն, սակայն որոշակի կաշկանդվածություն լինի։ Բայց ռեալ հարցը հանձում-ընդունման ժամանակ է, երբ քաղաքապետարանը պետք է մանրամասն ուսումնասիրի կատարված աշխատանքը, ունակությունները, եւ այլն։ Եթե շինբարեկարգման վարչությունը՝ որպես վերջին ընդունող, աչք չփակի եղած թերացումների վրա, ապա խնդիր չի առաջանա։

Թվում էր՝ բանկային երաշխիքը լավ գաղափար էր, բայց երաշխիքի թիվն այնքան մեծ պահանջ դրեց տեխհսկողների առջեւ, որ գրեթե ողջ շուկան դուրս մնաց, եւ անհասկանալի է՝ ով սկսեց շահել․ մի դեպքում կազմակերպություններ էին, որ բանկային կեղծ երաշխիքներ էին ներկայացնում, մյուս դեպքում կազմակերպություններ էին կամ մարդիկ, որոնց ֆինանսական ռեսուրսներն ուսումնասիրելիս հասկանում ես, որ չէին կարող տիրապետել 38 մլն դրամի, որ տրամադրեին որպես բանկային երաշխիք։ Այս իմաստով՝ ակնհայտ է, որ առնվազն ուսումնասիրության առարկա պետք է դառնա, որ իրականում շինարարներն են վճարում բանկային երաշխիքները՝ շահագրգռված լինելով, որ իրենց աշխատանքը կատարեն․ այսինքն՝ ինչ-որ կազմակերպության փոխարեն վճարում է բանկային երաշխիքի գումարը, եւ այդ կազմակերպությունն իրական տեխհսկում չի իրականացնում։ Այստեղ մի բարդ շղթա է ստացվում։ Կարծում եմ՝ պարզապես պետք է համակարգն առողջացվի, բանկային երաշխիքը պահանջվի, բայց ոչ աստղաբաշխական թվերով, որովհետեւ եթե 5-10 մլն պետք է աշխատես, 30-40 մլն չես տրամադրի, որ երկարաժամկետ սառեցվի, դա պետք է ողջամիտ գումար լինի։ Իսկ քաղաքապետարանը հանձնում-ընդունման ժամանակ պետք է օբյեկտիվ գտնվի եւ աչք չփակի թերացումների վրա։

- Ինչպես արդեն նշեցիք՝ համայնքային միջոցառումներ կազմակերպելիս հաճախ է կիրառվում մեկ անձից գնում, լինում են դեպքեր, երբ գնումը կատարվում է փոխկապակցված ընկերություններից։ Այս մասով ինչպիսի՞ն պետք է լինի հանրային վերահսկողությունը։ Արդյոք նմանատիպ գնման ընթացակարգերը պե՞տք է ուղեկցվեն նաեւ հանրային քննարկում կազմակերպելով եւ որոշումների կայացման փուլում քննարկման տեսակետները հաշվի առնելով։

- Գնումների վերաբերյալ բոլոր հարցերը պետք է հանրային քննարկումների ճանապարհով լուծվեն, եւ մասնակցեն նաեւ շահագրգիռ կազմակերպություններ, որոնք պատկերացումներ ունեն, թե ինչն է հնարավոր անել, ինչը՝ ոչ, հասկանալ իրենց բողոքների օբյեկտիվ հիմքերը եւ փոփոխություններ իրականացնել՝ ըստ այդմ։ Բայց, ցավոք սրտի, ինչպես բանկային երաշխիքի, այնպես էլ մշակութային միջոցառումների դեպքում մեկ անձից գնման մասով որոշումներն առանց հանրային քննարկման եղան, ինչը հանգեցրեց նրան, որ շատ կազմակերպություններ դուրս մնացին գործընթացից, եւ ստացվեց՝ «ունքը սարքելու փոխարեն՝ աչքը հանեցին»։ Կարծես՝ հանրային քննարկումների պրակտիկան ընդհանրապես մոռացվել է։

Ինչ վերաբերում է միջոցառումների ժամանակ մեկ անձից գնման պրակտիկային՝ մեր պետական մարմինները հայտարարում են մեկ անձից գնում, այնպես են անում, որ ամսվա վերջին հայտարարեն մեկ անձից գնման մրցույթ, եւ ասում են՝ մարտի 8-ին բան չմնաց, պետք է մեկ անձից գնման միջոցով անենք։ Ստացվում է, որ մարտի 8-ը պատահական առաջացած օր է, ու պետք է մեկ անձից գնումով անեն։ Դրա համար, եթե մրցույթները ժամանակին հայտարարեն, նման խնդիր չեն ունենա։ Նույն խնդիրը եղավ սեպտեմբերի 21-ի միջոցառումներից առաջ։

Եթե թափանցիկություն լինի, հիմնավորում լինի, թե ինչու մեկ անձից, եւ այդ հիմնավորումը լինի օբյեկտիվ, ընկալելի կլինի, եթե ոչ, հասկանալի կլինի, որ իրենց պարզապես հարմար է գնումը մեկ անձից անել։

Արփի Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել