Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։
«Վերջին շրջանում Ամուլսարում տեղի ունեցող իրադարձությունները կարիք ունեն պարզաբանման, որը ներկայացնում ենք կետերով։
Լիդիան ընկերության և նրա որդեգրած նոր ռազմավարության մասին
Լիդիանն այլևս բրիտանական օֆշորային Ջերսիի ընկերություն չէ, այլ կանադական։ Կանադայում և Ջերսիում ամիսներ տևած իրավական գործընթացներից ու պարտատերերի հետ ունեցած վեճերից հետո Լիդիան Ինթերնեշընըլ ընկերությանը հաջողվեց վերակազմավորվել, որի արդյունքում ընկերությունն անցավ իր երեք գլխավոր պարտատերերին և 2018թ-ի օգոստոսին Կանադայում գրանցված Lydian Canada Ventures Corporation ընկերության միջոցով ձուլվեց SL Newco ընկերությանը և հիմա Restructured Lydian է կոչվում։ Հայաստանյան դուստր ընկերությունը շարունակում է մնալ Լիդիան Արմենիան և պատկանում է Restructured Lydian-ին։ Լիդիանը շարունակում է պարտք մնալ շվեդական SEK ֆոնդին և Caterpillar Financial Services UK ընկերությանը, Ամերիա բանկին և արժետոմսեր ունեցող բազմաթիվ նախկին բաժնետերերի, այդ թվում՝ Թուրքիայից։
Ընկերության նոր տերերը ներդրումային ֆոնդեր են և ունեն ներդնելիք գումար, սակայն գումարի ներդրումն իմաստ կունենա հետևյալ դեպքերում՝
ա. եթե հնարավոր լինի հանքն աշխատեցնել,
բ. եթե հնարավոր լինի վաճառել ծրագիրը այլ ընկերությունների,
գ. եթե հնարավոր լինի, օրինակ, արբիտրաժի միջոցով գումար պոկել (օֆշորային գրանցման պատճառով 2018-2019 թվականներին Լիդիանի համար արբիտրաժ մտնելն անհեռանկարային էր)։
Այս բոլոր հանգամանքները հնարավոր կդառնան միայն մի դեպքում՝ եթե Լիդիանը մուտք ունենա Ամուլսարի տարածք և կարողանա համոզել, որ այնտեղ հնարավոր է աշխատել:
Չնայած բազմատեսակ հետազոտություններին, 2018թ․ Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի ստուգումների արդյունքներին ու ակտերին, ԷԼԱՐԴ-ի բացահայտումներին՝ Հայաստանի նոր կառավարությունը 2018թ-ից ի վեր չիրականացրեց արդարության վերականգնում և չչեղարկեց այս ընկերությանը նախորդ մերժված կառավարության տված թույլտվությունները։ Հիշեցնենք, որ թույլտվությունները տրվել էին Ջերմուկ քաղաքի բնակիչների կամքին հակառակ, օտարերկրյա ճնշումների ներքո՝ հակասելով Հայաստանի ներքին օրենսդրությանը։
Այդուհանդերձ արդեն երկու տարի Ամուլսարի տարածքում ձգվող համառ պայքարը ամենակարևոր գործոնն է, որն այսօր խանգարում է Լիդիանի պլաններին։ Ամուլսարի ու Հայաստանի ջրային պաշարների պաշտպանության շուրջ կա մեծ հանրային մոբիլիզացիա Հայաստանում և Հայաստանից դուրս։ 2019թ-ի հանրային կարծիքի հարցման համաձայն Հայաստանի բնակիչների 74 տոկոսը դեմ է Ամուլսարի հանքարդյունաբերական նախագծին (CRRC, Կովկասյան Բարոմետր 2019):
Ուստի Լիդիանի ու նրա տերերի հիմնական առաջադրանքներն են՝
ա. հանրային կարծիքը փոխել իրենց օգտին,
բ. վերացնել դիմադրության գլխավոր օջախը Ջերմուկ համայնքում,
գ. վերը նշված երկու առաջադրանքների շնորհիվ հնարավորություններ ստեղծել ներդրումային արբիտրաժի միջոցով գումար աշխատելու համար:
Վերը նշված առաջադրանքներն իրագործելու քայլերից մի քանիսը հետևյալն են։
Ընկերությունն ու իրեն սպասարկող ֆեյք օգտատերերը տեղական և միջազգային հարթակներում շարունակում են ստեր տարածել, թե իբր Ամուլսարի պայքարը ֆինանսավորվում է ինչ-որ կոնկրետ տեղից։ Տեղեկատվական դաշտում ընկերությունը փորձում է ատելություն քարոզել Ամուլսարի ծրագրի դեմ պայքարող բնապահպանների, տեղացիների նկատմամբ: Ոչ միայն Լիդիանին սպասարկող ֆեյք օգտատերերն ու էջերը, այլ նույնիսկ Լիդիանի փաստաբանն է շարունակում Ամուլսարի համար պայքարողներին ներկայացնել իբրև Հայաստանի պետական շահերի դեմ գործողներ, որոնք ի թիվս այլ բաների նաև վնասում են Հայաստանի բանակին, մանավանդ՝ հայ-ադրբեջանական զինված կոնֆլիկտի վերջին սրացման օրերին։
Ակնհայտ է, որ Ամուլսարում երբևէ հանքարդյունաբերական ծրագիր չի իրականացվելու, սա երաշխավորում են տեղի բնակիչները և Հայաստանի գիտակից քաղաքացիները։ Սակայն Հայաստանին իրավական ծուղակները գցելու միջոցով ընկերությունն ու նրա նոր տերերը կարող են նոր իրավիճակից ելնելով մտնել ներդրումային արբիտրաժ և գումարներ կորզել Հայաստանից։ Լիդիանի նոր գրանցումը այդ նոր իրավիճակի գործոններից մեկն է։ Որևէ կերպ չպետք է թույլ տալ մյուս գործոնի իրականություն դառնալը՝ Ամուլսարում աշխատելու պատրանք ստեղծելը։ Նույնիսկ եթե Լիդիանը ֆիկտիվ գործունեություն ծավալի, ու դրանից հետո կառավարությունը որոշի Լիդիանի գործունեությունը դադարեցնել, ապա դա Լիդիանին առիթ է տալու մտնել արբիտրաժ ընդդեմ Հայաստանի և նրա քաղաքացիների։
Ամուլսարի հարցը լուծելի է ՀՀ օրենսդրության շրջանակներում, պարզապես քաղաքական կամք է պետք»։
comment.count (0)