Ոստիկանությունն Ամուլսարի խնդրով Երեւանում իրականացված ակցիաների հարցում երկակի ստանդարտներով է առաջնորդվում
20:23 - 07 օգոստոսի, 2020

Ոստիկանությունն Ամուլսարի խնդրով Երեւանում իրականացված ակցիաների հարցում երկակի ստանդարտներով է առաջնորդվում

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի հոդված 7-ի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ  հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելը սահմանափակվում կամ արգելվում է։

Չնայած Հայաստանի Հանրապետությունում ամիսներ շարունակ գործում է արտակարգ դրության ռեժիմը, քաղաքական տարբեր խմբավորումներ, քաղաքացիների խմբեր չեն հետեւում օրենքի պահանջին․ այս ընթացքում հավաքներ ու բողոքի ակցիաներ են կազմակերպել ոչ միայն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, օրինակ, ԲՀԿ-ականները՝ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործերի մասին հայտնի դառնալուց հետո, այլ նաեւ Ամուլսարը որպես հանք շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան» ընկերության աշխատակիցները, հանքի շահագործմանը կողմ քաղաքացիները։ Վերջիններս հուլիսի 30-ին իրենց բազմամարդ հավաքն իրականացնում էին կառավարության շենքի մոտ՝ հիմնականում չպահելով սոցիալական հեռավորություն։

Դրվագները՝ Tert.am-ի տեսանյութից

Երեկ կառավարության շենքի դիմաց ակցիա էին իրականացնում արդեն Ամուլսարը հանք դարձնելուն դեմ քաղաքացիները՝ իրարից բավականին մեծ հեռավորություն պահելով, նրանցից ոմանք, այդ թվում՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, անհատական ակցիա էին իրականացնում։

ՀՀ ոստիկանության աշխատակիցները, սակայն, այս օրերին նույն վերաբերմունքն ու գործողությունները չեն դրսեւորել տարբեր գաղափարների համար ակցիա իրականացնող քաղաքացիների հանդեպ։

Մասնավորապես, թեեւ ոստիկանները ծառայություն էին իրականացնում կառավարության շենքի մոտ «Լիդիանի» աշխատակիցների՝ շուրջ 40 րոպեանոց հավաքի ժամանակ, սակայն նրանց բերման չենթարկեցին, նույնիսկ այն ժամանակ, երբ մասնակիցները, առանց դիմակները պատշաճ դնելու, խմբվել էին՝ լրագրողների հետ զրուցելու համար։ Իրավապահները միայն զգուշացրին, որ ակցիան պետք է դադարեցնել, քանի որ այն անօրինական է։

Այնինչ՝ նույնը տեղի չունեցավ նախօրեին՝ հանքին դեմ քաղաքացիների ակցիայի ժամանակ։ Ակցիան սկսելուց րոպեներ անց իրավապահներն ակտիվիստներին բերման ենթարկեցին՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, եւ պնդեցին, որ արտակարգ դրության ժամանակ հավաքներ անելն արգելված է։ Բերման ենթարկվեց նաեւ Նինա Կարապետյանցը։ Ոստիկանական բաժանմունք տարան նաեւ փաստաբան Արա Կարագյոզյանին, որը ոչ թե ակցիայի մասնակից էր, այլ կառավարության շենքի մոտ էր՝ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու։

Դրվագը՝ News.am-ի տեսանյութից

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի իմաստով՝ հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ եւ առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որեւէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձեւավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: 

Իսկ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքը ոչ թե միայն արգելում է հավաքներ իրականացնելը, այլ սահմանափակում։

Եւ, ինչպես արդեն նշեցինք, բերման ենթարկված իրավապաշտպան Նինա Կարապետյանցն անհատական ակցիա էր իրականացնում՝ միայնակ կանգնած։

Վերջինս մեր զրույցում պատմեց, որ մյուս ցուցարարներից հեռու էր կանգնած այնքան ժամանակ, քանի դեռ ոստիկանությունը մեկ այլ մասնակցի չէր մոտեցել․

«Մենք մոտեցանք՝ հարցնելու, թե ինչ պահանջ ունի ոստիկանությունը։ Բայց մինչեւ իմ առանձնանալը՝ ոստիկանության գնդապետերից մեկի հետ խոսակցություն ունեցանք, ու նա բաց հարց տվեց՝ դուք Ամուլսարի հարցի վերաբերյա՞լ եք եկել, ասացի՝ այո, իսկ նա՝ ուրեմն բոլորդ մի գաղափարի շուրջ եք հավաքվել, հետեւաբար դուք հանրահավաք եք իրականացնում, հետեւաբար բոլորին պետք է բերման ենթարկել։ Ես հարցրի՝ դուք գաղափարի համա՞ր եք բերման ենթարկվում, որովհետեւ փաստացի այդպես է ստացվում, մարդն ինչ մտածում էր, այն էլ ասաց»,- մեր զրույցում ասաց իրավապաշտպանը՝ համոզված լինելով, որ եթե փողոցով այդ պաստառով քայլելիս լիներ, մեկ է՝ իրեն էլի բերման էին ենթարկելու։

Կարապետյանցը նշեց, որ ինքը հենց այն սկզբունքով է գնացել կառավարության դիմաց, որ միայնակ պիկետ է անցկացնելու, անգամ եթե բոլորը հավաք իրականացնեն, քանի որ չի կարծում, թե այս շրջանում հավաքները խնդիրները լուծելու լավագույն տարբերակն են։

Մեր հարցին՝ արդյոք ոստիկանության երկակի ստանդարտները վկայում են նաեւ կառավարության դիրքորոշմա՞ն մասին, Նինա Կարապետյանցը նկատեց՝ փաստորեն, կարելի է այդպես կարծել․

«Որովհետեւ ոստիկանությունը վարչապետին կից կառույց է, հետեւաբար, ես վստահ եմ, որ այս հարցերը քննարկվել են, վստահ եմ, որ զեկուցվել են առանցքային իրադարձությունները, ուրեմն՝ վարչապետը գիտի՝ ինչ է կատարվում։ Բայց գուցե ոստիկանապետն ինքնուրույն է կայացնում որոշումները, գուցե համաձայնեցնում է։ Բոլոր դեպքերում, սա ակնհայտորեն խտրական վերաբերմունք է․ եթե ակցիա անելն արգելված է, ապա արգելված պիտի լինի բոլորի համար»։ 

Նինա Կարապետյանցն առաջիկա օրերին շարունակելու է միայնակ ակցիաներ անցկացնել, բայց այս պահին զբաղվում է միջազգային իրավապաշտպան կառուցներին արձագանքելով․

«Շատ վատ վիճակի մեջ եմ, որովհետեւ չեմ ուզում կառավարությանը թիկունքից հարվածել, որովհետեւ մեր գործողությունները որեւէ կերպ ուղղված չեն իշխանության դեմ, սակայն տեղի ունեցողն արդեն իսկ գրավել է միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունը։ Ես կփորձեմ հնարավորինս զուսպ ու հավասարակշռված ներկայացնել փաստերը»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ, այնուհանդերձ, հարցի լուծման այլընտրանք չկա․ Ամուլսարը հանք չի դառնալու։

Այսպիսով, արտակարգ դրության ընթացքում կազմակերպված ակցիաների ժամանակ ոստիկանությունն առաջնորդվում է երկակի ստանդարտներով՝ մի գաղափարին հարող ցուցարաներին բերման ենթարկելով, մյուսների ակցիաներին միայն որպես դիտորդ մասնակցելով եւ հսկելով հասարակական կարգի պահպանումը։

Այս հրապարակման մեջ դիտարկված են միայն Երեւանում տեղի ունեցած ակցիաները։ Ջերմուկում, թեեւ ոստիկանությունը պարբերաբար տեղեկացնում էր հավաքի՝ արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումները խախտելու մասին, սակայն բողոքի ակցիան չցրեց։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել