news.am: Սեւանա լճում ակտիվորեն ճահճացում է ընթանում, այսինքն՝ էվտրոֆիկացիայի գործընթաց:
Այս մասին ասաց Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը:
Մինասյանը նշեց մի քանի պատճառ՝ ջրի մակարդակի նվազեցում, 2002 թվականից ջրի տակ մնացել է մոտ 4000 հեկտար չմաքրված մակերես:
«Ընդ որում, ջրի տակ մեծ մասն անտառային հողեր են: Սակայն ամենակարեւոր գործոնը՝ լճում խախտվել է սննդային շղթան, եւ դրա պատճառով էկոհամակարգը սխալ է գործում: Այսինքն՝ ձկների բացակայությունը եւս ազդում է տեղի ունեցող գործընթացի վրա»,- նշեց Մինասյանը:
Փորձագետը տվյալ իրավիճակը լուծելու համար մի քանի միջոց առաջարկեց.
«Նախ պետք է տարեցտարի բարձրացնել ջրի մակարդակը՝ նախկին մակարդակին հասնելու համար, այսինքն՝ մինչեւ 1937 սմ: Ինչպես նաեւ անհրաժեշտ է մաքրել անտառները, այն հատվածները, որոնք զբաղեցնում են մոտ 800 հեկտար տարածք: Վարչապետի որոշմամբ՝ լիճը կմաքրվի մոտ 2 տարում: Առաջին հերթին անհրաժեշտ է մաքրող սարքեր կառուցել, եւ վերջին հաշվով պետք է վերադարձնել ձկների պոպուլյացիան: Առանց ձկների ջուրը չի մաքրվի»:
Մինասյանի խոսքով՝ չկան իրական կանխատեսումներ, թե ինչ վիճակում կլինի Սեւանը: Նրա գնահատմամբ՝ դրա պատճառը համակարգված մոնիթորինգի բացակայությունն է:
«Ներկա պահին չկան մասնագետներ, որոնք որոշում կկայացնեն: Ինչպես նաեւ բացակայում են Սեւանի համար ջրի որակի ստանդարտներն ու նորմերը»,- հավելեց փորձագետը:
Փորձագետը նաեւ նշեց, որ որակի ստանդարտը կառավարման գործիք է: Ոչ ոք չի կարող ասել՝ որքան պետք է լճում լինեն ֆոսֆոր եւ այլ քիմիական տարրեր: Մեկ ստանդարտով դա լավ է, մյուսով՝ վատ:
Խնդրի լուծման համար Մինասյանն առաջարկում է Սեւանի համար ընդհանուր ստանդարտներ մտցնել:
comment.count (0)