«Լիդիան»-ի պահնորդները սադրիչ քայլով ուզում էին այնպես անել, որ ի պաշտպանություն Ամուլսարի ավտոերթը Երեւան չհասնի․ Շիրակ Բունիաթյան
16:47 - 21 օգոստոսի, 2020

«Լիդիան»-ի պահնորդները սադրիչ քայլով ուզում էին այնպես անել, որ ի պաշտպանություն Ամուլսարի ավտոերթը Երեւան չհասնի․ Շիրակ Բունիաթյան

Երեկ երեկոյան, երբ ջերմուկցիներն ու բնապահպանները ավտոերթով Երեւան էին գալիս՝ ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնելու, սարը որպես հանք շահագործելու նպատակ ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերության պահպնորդական ծառայության աշխատակիցները Ամուլսարի պահապանների մեքենաները հրելով դուրս են հանել տարածքից ու փոխարենը կանգնեցրել իրենց «Կամազը»։

Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանն Infocom-ի հետ զրույցում մանրամասնեց, որ մեքենան տեղակայել են այնտեղ, որտեղից վերջերս ապամոնտաժել էին «Լիդիանի»՝ ապօրինի տեղադրված վագոն-տնակները։ Մեր զրուցակիցը պատմեց, որ իրավիճակը երեկոյան լարվել է, պահնորդներն Ամուլսարի պահապանների հետ վեճի են բռնվել, քաշքշել են փոքրաթիվ քաղաքացիներին, հետո ջերմուկի բնակիչները եկել են սարի տարածք։

Իրավիճակը հանդարտվել է միայն այն ժամանակ, երբ մարզային ոստիկանական ուժերը եւս եկել են տարածք, ու, ինչպես ներկայացրեց Բունիաթյանը՝ պահնորդներն ուղղակի թաքնվել են ոստիկանների հետեւում։

«Մենք Երեւանից հետ գնացինք եւ իրենց առաջարկեցինք, որ մեքենան հանեն այդտեղից, իրենք չարձագանքեցին։ Ուզում էին պայմաններ թելադրել, որքան գիտեմ՝ մի քանի օր է՝ քաղաքացիները չեն թողնում՝ այդ մուտքերով սնունդ մտնի, դրա համար Սարավանի կողմից էին տանում սնունդը։ Սադրել են, դրա համար էլ քաղաքացիները բողոքի այդ ժեստն են կիրառել։ Միայն Սարավան գյուղից եկող ճանապարհով սնունդ բերելը բարդացնում է դրա տեղափոխման հարցը։ Իրենք ասել են, որ եթե մենքենան տանեն ներս, ուրեմն պետք է թողնենք, որ այդ մուտքերով սնունդ մտնի, մենք ասացինք, որ խնդիր չունենք մեքենայի հետ, բայց եթե ուզենան մեքենան հետ տանել, թույլ չենք տալու։ Այդպես էլ արել ենք, հիմա այդ մեքենայի դիմացից եւ հետեւից կանգնախ են մեր մեքենանները, եւ այն չի կարող տեղաշարժվել․ ստացում է՝ այն փոխարինում է մեր մեքենաներին»,- ասաց Բունիաթյանը։

Վերջինս այս քայլը եւս սադրանք որակեց եւ նշեց, որ այդ քայլով ոչ միայն ուզում էին այնպես անել, որ սնունդ տանելու հիմնական ճանապարհը բացվի, այլեւ որ ավտոերթը չհասներ Երեւան, հետ գար Ջերմուկ․

«Իրենք, իմանալով որ պոստերում քիչ մարդ կա, դիմել են այդ քայլին հենց այն ժամանակահատվածում, երբ ճանապարհին էինք։ Եթե նպատակը միայն մեկը՝ սննդի հարցը լուծելը լիներ, կսպասեին՝ հասնեինք Երեւան, նոր կանեին այդ գործողությունը։ Մենք ճանապարհի կեսին իմացանք, որ իրենք այնտեղ սկսել են այդ սադրիչ գործողությունները, ու, կարծում եմ, որ սա եւս մեկ փաստ է, որին կառավարությունը պետք է ականջալուր լինի եւ այդ սադրիչներին հեռացնի Ամուլսարից։ Ասեմ նաեւ, որ մի քանի օր առաջ, բնակիչներն ու պահնորդները պայմանավորվել էին, որ ամեն ինչ լինի առաջվա պես՝ հարթ ու համերաշխ, բնակիչները ոստիկանության տարածքային վարչության պետին էլ ասացին, որ պայմանավորվել ենք՝, սնունդն էլ այստեղից մտնի, բայց իրենք այդ ամենը կրկին խախտել են եւ հերթկան սադրանքն են արել»,- ասաց Բունիաթյանը՝ ընդգծելով, որ, փաստորեն, խնդիրը բնակիչներից չի գալիս։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ ի սկզբանե պայմանավորվածություն են ձեռք բերել, որ պահնորդները երեք մեքենայով պետք է մտնեին, դուրս գային, եւ բնակիչները չպիտի խոչընդոտեին նրանց աշխատանքը, բայց այսօր պահնորդներն իրենց վրա ավելորդ լիազորություններ են վերցրել եւ, Բունիաթյանի բնորոշմամբ, ինչ-որ ապօրինի զորքի պես, ուրիշ երկրի բանակի պես են դրսեւորում իրենց, որը հանդուրժելի չէ։

Բունիաթյանը հիշեցրեց, որ ժամանակին «Լիդիանն» ինքն էր Սարավանի կողմից փակել մուտքը, ու իրենք մինչեւ վերջ էլ այլ քայլի տրամաբանությունը չհասկացան, քանի որ ջերմուկցիներն այնտեղ որեւէ գործողություն չէին անում․

«Հենակետ էին դրել եւ կենտրանական մայրուղուց հողային ուղիով դեպի Ամուլսար տանող ճանապարհները Սարավանի կողմից փակել էին։ Մի քանի օր հետո, երբ տեսան, որ դա անտրամաբանական եւ ծիծաղելի է, բացեցին։ Հիմա նույն տրամաբանությամբ իրենց կամազով փակել են Ամուլսար մտնող հողային ճանապարհի մուտքը։ Ուզում եմ սա հատուկ նշել՝ որպես նույնպիսի անտրամաբանական, անհասկանալի գործողություն»

Այս պահի դրությամբ Ամուլսարի տարածքում իրավիճակը համեմատաբար հանգիստ է, ոստիկանության պարեկային մեքենան հսկողություն է իրականացնում, քաղաքացիների հենակետում էլ շարունակվում է հերթափոխը, իսկ Լիդիանի մեքենան էլ շարունակում է մնալ բնակիչների մեքենաների արանքում, այսպես ասած, բլոկադայի մեջ։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել