«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի հետ զրուցել ենք պետական գնումների համակարգի արդյունավետության եւ պետական կարիքների գնահատման թերությունների շուրջ։
- Պարոն Նահապետյան, պետական գնումների այսօրվա համակարգը որքանո՞վ է արդյունավետ՝ պետական եւ մասնավոր հատվածի կազմակերպությունների համար։ Այս 2 տարիների ընթացքում գնումների ոլորտում իրավախախտումների ու հովանավորչությունների դեպքերի բացահայտումը հնարավորություն տալի՞ս է՝ բացառելու այն, որ ապագայում համակարգն այլեւս նման կերպ չի աշխատի։
- Պետության տեսակետից գնումների համակարգի արդյունավետությանն անդրադառնալիս պետք է երեք հարց տանք. ի՞նչ ենք գնում, ի՞նչ գնով, ինչի՞ համար։ Հայաստանը գնում է տեխնիկական առաջադրանքին առերեւույթ համապատասխանող ապրանքներից ամենաէժանը, որը միշտ չէ, որ լավագույն ընտրությունն է։ Հետեւաբար, որակյալ ապրանք գնելու համար պետք է հնարավորինս քիչ անորոշության տեղ թողնես տեխնիկական առաջադրանքով նախատեսվող որակների մեջ։ Բայց ահա այստեղ էլ ծագում է կոռուպցիոն ռիսկը։ Որովհետեւ շատ մանրամասն տեխնիկական առաջադրանքը, որպես կանոն, մրցույթում շատ կոնկրետ մասնակցի կանխատեսելի հաղթանակի է հանգեցնում։ Սա փակ շղթա է, որը պետք է ճեղքել։ Այս առումով լավ լուծում կլինի տեխնիկական առաջադրանքների հանրային քննարկումը, որտեղ քաղաքացիները եւ մատակարարները կկարողանան ապրանքի նվազագույն որակին առաջադրվող ողջամիտ պայմաններ առաջարկել։ Սա կբերի մրցակցության, թափանցիկության եւ մատակարարված ապրանքի որակի բարելավման։
Եվ երրորդ հարցը. ինչի՞ համար ենք մենք դա գնում։ Այսօր պետական գնումներն ունեն իներցիաներ, որոնց բերումով այդ ապրանքը կամ ծառայությունն ամեն անգամ գնվում է, բայց միանշանակ չէ, որ դրա անհրաժեշտությունը կա։ Թեեւ տրամաբանությունը հուշում է, որ բյուջետավորումը պետք է բխեր պետական ծրագրերից եւ հստակ հաշվարկվեր, թե որ ծրագրի իրականացման համար ինչ է անհրաժեշտ լինելու, բայց այսօր դա չկա, հետեւաբար մեր ծախսերը պլանավորվում են խիստ մոտավորապես, եւ շատ սովորական բաները դառնում են չնախատեսված հրատապ ծախսեր։ Մեր գերատեսչությունները ունակ չեն ցանկալի որակով գնահատել իրենց առաջիկա տարվա ծախսերը, եւ դա համակարգային խնդիր է։
Ինչ վերաբերում է չարաշահումների բացահայտմանը, իհարկե, դրանք կզսպեն առանձնակի լկտիություն դրսեւորող կոռուպցիոներներին, բայց մենք պիտի հաշվի առնենք, որ չարաշահումներ կան, որովհետեւ չարաշահումների լայն հնարավորություններ տվող, չարաշահման դրդող մեխանիզմներ կան․ համակարգն է թելադրում աշխատելաոճը։
- Պետական գնումների ներկայիս համակարգը ապահովո՞ւմ է արդյոք պետության նախաձեռնած կապիտալ ծախսերի կատարումը։
- Կապիտալ ծախսերի մասով մենք ունեինք խիստ թերակատարում, որը պետական պաշտոնյաները պայմանավորում էին վերահսկողության եւ որակի երաշխիքների բացակայությամբ, ինչը փորձ արվեց լուծել՝ 100 տոկոս բանկային երաշխիքի պահանջ մտցնելով։ Բայց հիմա եւս խնդիրը լուծված չէ, որովհետեւ դաշտը դեռ պիտի ադապտացվի այդ նոր պայմաններին, եւ դեռ պիտի ձեւավորվեն այդ ծավալները սպասարկելու ունակ ընկերություններ։
Ինձ ամենամոտ օրինակը՝ մեր գյուղի խմելու ջրի համակարգի կառուցման աշխատանքները չեն կատարվում, որովհետեւ գործն այնքան մեծ, եւ գինն այնքան հարմար չէ, որ խոշոր կազմակերպությունը հանձն առնի, բայց փոքր կազմակերպությունն էլ այդ ծավալի բանկային երաշխիք չի կարող ստանալ։ Այս ծախսը թերակատարվում է։ Եվ այս խնդիրը կա շատ ու շատ այլ տեղերում։
- Անդրադառնանք պետական գնումների մասնագետների կրթության եւ վերապատրաստումների հարցին․ արդյոք ունե՞նք պետական կարիքները գնահատողների եւ գնումների պլանավորման մասնագետների փորձի պակաս։
- Իմ գնահատմամբ՝ մենք ունենք կարողությունների պակաս։ Եվ դա սոսկ ծախսեր պլանավորողների գիտելիքների կամ կարողությունների պակաս չէ։ Դա պետական ապարատում ռազմավարական մտածողության եւ ռազմավարական գործընթացի ձախողման խնդիր է։ Չի կարող ամենալավ ծախսեր պլանավորողն անգամ գնահատել, թե ինչ ծախսեր են արվելու, եթե այդ ծախսերի կարիքն ունեցող բաժինը չի կարողանում իր աշխատանքի ճանապարհային քարտեզ ու անելիքներ ձեւակերպել։ Եթե ծախսեր պլանավորողը չգիտի, թե այս մարդիկ ուր են գնում, որ ճանապարհով եւ ինչի համար, ո՞նց իմանա, թե ինչ են ծախսելու։ Կրթական համակարգը թերանում է ամենուր եւ գրեթե ամեն ինչում, բայց էստեղ հարցը սոսկ կրթական չէ։ Աշխարհի բոլոր երկրներից կրթված մասնագետներ էլ բերես՝ գնումներդ պլանավորելու այս հարցը չի լուծվելու։ Սա շատ լայն, համակարգային խնդիր է։
- Գնումների թերի պլանավորման եւ կարիքների ոչ ճիշտ գնահատման արդյունքում, ինչպես նաեւ ֆորս-մաժորային իրավիճակների ժամանակ անհրաժեշտ է լինում հրատապության կարգով գնումներ իրականացնել։ Ներկայումս այստեսակ գնումների դեպքում կոռուպցիոն ռիսկերը վերահսկելի՞ են։
- Հրատապ գնումների մասին շատ է խոսվել, այդ հարցով հակակոռուպցիոն փորձագետները բազմաթիվ առաջարկներ ունեն, եւ այդտեղ զսպել պետք է, որովհետեւ չի կարող ամեն տարի «Նոր տարին» անակնկալ գալ ու դառնալ հրատապ գնման պատճառ։ Բայց այս խոշոր ու երեւացող «աղբը» մաքրելուց հետո, միեւնույն է, հարցը չի լուծվի, քանի դեռ մենք հանրային կառավարման համակարգի ռեֆորմ չենք արել ու չենք ստեղծել ապարատ, որն ունակ է ասելու՝ ո՞ւր է գնում, ի՞նչ ճանապարհով ու այդ ճանապարհին ի՞նչ է ծախսելու։
Արփի Ավետիսյան
comment.count (0)