ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մարզի Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող Մ-14 ավտոմայրուղու Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս 11.5 կմ հատվածում՝ մայրուղուց լիճ ընկած տարածքում, կատարվում են շինարարական աշխատանքներ:
Ինչպես տեղեկացրին տեսչական մարմնից, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կատարվող շինարարական աշխատանքների վերաբերյալ ՔՏՀԱ տեսչական մարմին չեն ներկայացվել շինարարության թույլտվություն և տեղեկանք, ինչը ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 15-ի թիվ 596-Ն որոշման պահանջների խախտում է և նշված շինարարական աշխատանքները դիտարկվում են որպես ինքնակամ:
Տեսչական մարմինը 2020 թ․ հունիսի 23-ին գրություն է ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանին` տեղեկացնելով համայնքում իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքների մասին։
Ծովագյուղ համայնքի ղեկավարին՝ համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջների, առաջարկվել է կասեցնել վերոհիշյալ հասցեում իրականացվող ինքնակամ շինարարությունը և ապահովել դրա հետևանքների վերացումը, որից հետո ձեռնարկված միջոցառումների մասին տեղյակ պահել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Սակայն նշված ժամանակահատվածում համայնքի ղեկավարի կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել ապօրինի շինաշխատանքները դադարեցնելու ուղղությամբ։
Ծովագյուղ համայնքի ղեկավարից պատասխան գրություն չստանալու արդյունքում Տեսչական մարմինը օգոստոսի 14-ին երկրորդ գրությամբ է դիմել համայնքի ղեկավարին, որպեսզի վերջինս ապահովի ինքնակամ շինարարությունների անհապաղ դադարեցումը և օրենքով սահմանված կարգով ձեռնարկի համապատասխան միջոցառումներ, ինչը կրկին չի իրականացվել և մինչ օրս մնացել է անպատասխան։
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով արձանագրված խախտումների բնույթը, ՔՏՀԱ տեսչական մարմինը համապատասխան նյութեր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ քաղաքաշինության բնագավառում խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար:
comment.count (0)