«Պատերազմ-բանակցություն-պատերազմ» փակ շղթան ճեղքելու ժամանակը |hetq.am|
02:08 - 03 հոկտեմբերի, 2020

«Պատերազմ-բանակցություն-պատերազմ» փակ շղթան ճեղքելու ժամանակը |hetq.am|

hetq.am: Սեպտեմբերի 27-ից Արցախի, ապա նաև Հայաստանի դեմ Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ամենալայնածավալ ռազմական գործողությունն էր 1994թ.-ի հրադադարի հաստատումից ի վեր: Այն հայտ է ներկայացնում՝ դառնալու տարածաշրջանային անվտանգության լրջագույն սպառնալիք՝ ներառելով այլ պետությունների և ահաբեկչական խմբերի: Արդեն իսկ միջազգայնորեն ճանաչված է Թուրքիայի կողմից ահաբեկիչներ ներգրավելու փաստը: Պետությունները (բացառությամբ՝ Ֆրանսիայի և Կիպրոսի) առայժմ զերծ են մնում Ադրբեջանի նախահարձակ լինելու փաստը արձանագրելուց: Անգամ Ֆրանսիան այդ հարցում փոխզիջման էր գնացել, և ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների հայտարարության վերջնական տեքստում դա արձանագրված չէր: Միաժամանակ Հայաստանի խորհրդարան մտավ Արցախի ճանաչման վերաբերյալ քննարկումը, որի շուրջ, սակայն, զգուշավորություն է պահպանվում, և դատելով եռանախագահների հայտարարությանը ՀՀ ԱԳՆ արձագանքից՝ Հայաստանը չի բացառում վերադարձը բանակցային հին տրամաբանությանը, ինչը, իմ կարծիքով, ճակատագրական սխալ է ներկա իրավիճակում և հանգեցնելու է նոր պատերազմի: Այս հոդվածով փորձելու եմ հիմնավորել այդ կանխավարկածը:

Չնայած «ամենավատ բանակցությունները ավելի լավ են, քան պատերազմը» մարդասիրական հնչող մոլորության՝ իրականում ամենավատ բանակցություններն ուղղակիորեն սնում են պատերազմի հրեշին: Այսպես, օրինակ, 2016թ.-ի ապրիլյան ագրեսիայից հետո բանակցությունները հանգեցրին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, որտեղ կողմերը (այդ թվում՝ Ադրբեջանը) համաձայնել էին հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի մոնիթորինգի և հետաքննության մեխանիզմներ ներդնելու առաջարկին: Այդ պայմանավորվածությունների իմաստը ռազմական ճանապարհով խնդիրները լուծելու հնարավորությունը բացառելն էր և այդպիսով կողմերին խաղաղ բանակցությունների հարցում այլընտրանք չթողնելը: Սակայն, այդ պայմանավորվածություններից Ադրբեջանը հետագայում միակողմանիորեն հրաժարվեց, սկսեց տորպեդահարել դրա իրականացումը, իսկ հայկական կողմը շարունակեց բանակցել առանց այդ մեխանիզմների ներդրման, ինչը, փաստորեն, Ադրբեջանին տալիս էր պահեստային ճանապարհ՝ հարցը ռազմական դաշտ տեղափոխելու հարցում: Թե՛ եռանախագահները, թե՛ Հայաստանը, չպատժելով Ադրբեջանին պայմանավորվածությունից հետ կանգնելու համարա, ազատ տարածք թողեցին Ադրբեջանին՝ բանակցություններից ցանկացած պահի հրաժարվելու և պատերազմ վարելու հարցում: Ընդ որում, անելու դա՝ ագրեսիան ներկայացնելով որպես «հայկական  կողմի սադրանքին պատասխան գործողություն», որովհետև մոնիթորինգի և հետաքննության մեխանիզմների բացակայության դեպքում միջազգային հանրությունը զրկված է հասցեական մեղադրանքներ հնչեցնելու հիմքերից, քանզի ամրագրված չէ, թե ով կրակեց առաջինը: Հիմա տեղի է ունենում հենց դա, և միջազգային հանրության անդեմ կոչերը հենց վերը նկարագրվածի հետևանքն են:

Պատժի մեխանիզմի բացակայությունը դառնում է խրախուսանքի մեխանիզմ ագրեսիայի համար: Եվ Հայաստանը ամեն անգամ առանց որևէ պատիժ սահմանելու վերադառնալով պատերազմ-բանակցություն-պատերազմ փակ շրջանին՝վերահաստատում է Ադրբեջանի այն համոզմունքը, որ ցանկացած պահի կարելի է թողնել բանակցային սեղանը, պատերազմել, անհաջողության դեպքում ԵԱՀԿ ՄԽ կոչերի և ջերմ հրավերների պայմաններում վերադառնալ ու պատրաստվել հաջորդ փորձին:

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյան 

Կարդալ ավելին՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել