Հայաստանը կունենա Ազգային անվտանգության նոր ռազմավարություն. ԱԽ քարտուղարը ելույթ է ունեցել Վիեննայում
11:21 - 28 հունիսի, 2019

Հայաստանը կունենա Ազգային անվտանգության նոր ռազմավարություն. ԱԽ քարտուղարը ելույթ է ունեցել Վիեննայում

Վիեննայում Ավստրիայի Զինված ուժերի Պաշտպանական ազգային ակադեմիայի կողմից կազմակերպված «Վիեննայի Ռազմավարական 4-րդ համաժողովի» շրջանակներում հունիսի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես է եկել բանախոսությամբ։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի ծառայությունից, Արմեն Գրիգորյանը նշել է, որ ներկայիս տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում անվտանգության մարտահրավերներն ստացել են նոր ձև ու բովանդակություն՝ հանդես գալով տեղեկատվական, հոգեբանական, տնտեսական և այլ տարատեսակ սպառնալիքների տեսքով:

Նրա խոսքով, անվտանգության համակարգի վերոնշյալ տարրերի փոխներգործության, ինչպես նաև ազգային և գլոբալ համակարգերի միջև փոխկապվածության ճանաչողությունը ապահովելու համար կարևորվում է քաղաքական ղեկավարության դերը, որի ռազմավարական մտածողությունը պարտավոր է ապահովել անվտանգության ապահովմանն ուղղված քաղաքականություն:

«Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո նոր իշխանությունը անվտանգության էությունը չի ընկալում զուտ ռազմական համատեքստում: Արդի անվտանգության հասկացությունը դիտարկվում է ընդլայնված համատեքստում, որի ապահովման գործում նշանակալից է Անվտանգության խորհրդի դերը: Այս մարմնի նշանակության առանձնահատկությունը նախևառաջ արտահայտված է նրա կազմով, ինչպես նաև՝ կոլեգիալ հիմունքներով գործունեություն իրականացնելով»,-ասել է Արմեն Գրիգորյանը:

Նա ընդգծել է, որ ՀՀ Անվտանգության խորհուրդը, հանդես գալով որպես սահմանադրական մարմին, սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, դրանց վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, այսպիսով հանդես գալով որպես պետության ռազմավարական քաղաքականության մշակող և համակարգող մարմին:

«Այդ առումով, Անվտանգության խորհրդի համակարգող դերի ներքո մենք նախաձեռնել ենք Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության նոր ռազմավարության նախապատրաստման գործընթացը, որի բաղադրիչներից է անվտանգության ռազմավարական նպատակների և խնդիրների սահմանումը, քանի որ ռազմավարական նպատակներն այն ցանկալի արդյունքն են, որին ձգտում ենք հասնել, իսկ ռազմավարությունը՝ այն մեթոդներն ու ձևերն են, որոնք պետք է կիրառվեն նպատակներին հասնելու համար:

Ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացում առանցքային է անվտանգության միջավայրի գնահատումը: Այս առումով Կովկասի աշխարհաքաղաքական դերն իսկապես եզակի է: Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, Կովկասյան տարածաշրջանը մի կամուրջ է, որ կապում է Սև ծովը Կասպից ծովին, համակցում Հյուսիսը և Հարավը, Արևմուտքն ու Արևելքը։

Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը դրսևորվում է ոչ միայն աշխարհափիլիսոփայական հարթությունների համատեքստում, այլև քաղաքակրթային համադրության դաշտում: Այդ պատճառով այսօր Կովկասը գերտերությունների շահերի կենտրոնն է և գտնվում է դրանց միջև հարաբերությունների կիզակետում»,-ասել է նա։

Նշվածի համատեքստում, հաշվի առնելով մեծ տերությունների բազմակողմանի մրցակցությունը, Արմեն Գրիգորյանի խոսքով, տարածաշրջանի ուժերի աշխարհաքաղաքականությունը, Հարավային Կովկասի երկրների միջև ուժերի հարաբերակցությունը և բառացիորեն գտնվելով ընթացող «Նոր մեծ խաղ»-ի կենտրոնում և կազմելով դրա մի մասը, սրան գումարած նաև էթնիկական, մշակութային, աշխարհագրական և այլ տարբերություններն ու տարաձայնությունները տարածաշրջանի փոքր ու մեծ երկրների միջև, Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների քաղաքականությունը ձևավորվում է մի կարևոր հասկացության շուրջ, այն է՝ ազգային շահը, որը հաճախ ինքն իսկ անվտանգությունն է: Եվ հենց այս համատեքստում է կարևոր դառնում ռազմավարական մտածողությունը։

Հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, Արմեն Գրիգորյանի խոսքով, հատուկ կարևորվում է միջազգային համագործակցությունը: Հայաստանն, ունենալով ռազմավարական դաշնակցային կապեր Ռուսաստանի հետ և կազմելով Եվրասիական միության մաս, 2017 թ․ Եվրամիության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, այդպիսով կապող օղակ հանդիսանալով Արևմուտքի և Արևելքի միջև։

Այս համատեքստում է նաև Հայաստանի ռազմաքաղաքական համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակերում՝ լինելով ՀԱՊԿ-ի անդամ։

«Տարբեր ոլորտներում վերջին գիտական առաջընթացները նույնպես ունեն անվտանգության ներգործության հստակ ներուժ: Համացանցը և թվայնացումը նոր հարթություն են ստեղծել անվտանգության և կիբեր պատերազմների ոլորտում: Կիբեր սպառնալիքները ժամանակակից աշխարհի հայելին են, արտացոլելով նրա միջազգայնությունը, բարդությունը և արդիականությունը: Կիբեր ոլորտի զարգացման արդյունքում անվտանգության ապահովման խնդիրը ավելի բարդ, ավելի ընդլայնվածված ու ապակառուցողական է դառնում:

Կիբերտարածության անվտանգության ապահովման դժվարությունները կայանում են գործող անձի ցանկացած վայրից գործելու հնարավորության մեջ, ինչը բարդ կիբեր ցանցում մեծացնում է խոցելիությունը՝ առաջացնելով լուրջ հետևանքներ։ Այս համատեքստում հարկ եմ համարում նշել նաև, որ ընթացքի մեջ է գտնվում ՀՀ-ի Կիբերանվտանգության հայեցակարգի նախագծի պատրաստումը, որը մշակվում է նույն տրամաբանությամբ՝ ինչ Ազգային անվտանգության ռազմավարությունը»,-ասել է նա՝ հավելելով, որ այսօր անվտանգության ապահովմանն ուղղված ռազմավարական մտածելակերպը չի սահմանափակվում միայն նեղ ռազմական ոլորտով:

Ներկա պայմաններում ազգային անվտանգության ապահովումն իրենից ներկայացնում է բավական բարդ, բազմամակարդակ և բազմաշերտ խնդիր, որը պահանջում է ներպետական և միջազգային մակարդակով մասնագիտական մոտեցում՝ բազմագործոնային և բազմաշերտային այդ համալիր հիմնահարցերի բոլոր կողմերի ճշգրիտ հաշվառմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել