Իրանում ստեղծված ծանր վիճակը բացասական ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության վրա․ Դեսպան |hetq.am|
10:15 - 14 հունիսի, 2019

Իրանում ստեղծված ծանր վիճակը բացասական ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության վրա․ Դեսպան |hetq.am|

hetq.am։ Հարցազրույց Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հետ։

Պարոն Թումանյան, տարածաշրջանում լարված ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծվել. մի կողմից՝ թուրք-իրանական սահմանային բախումը, ռուս-թուրքական ռազմական համագործակցությունը, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի հետ Իրանի չլուծվող խնդիրներն ու պատժամիջոցները, որոնք վերջերս Իրանի արտգործնախարարը որակեց «տնտեսական պատերազմ»՝ նշելով, որ Իրանը որեւէ կապ չունի միջուկային ծրագրի հետ, եւ որ ԱՄՆ-ի հետ երկխոսություն չի կարող լինել, մինչեւ պատժամիջոցները չվերացվեն, իսկ ավելի ուշ Իրանի խորհրդարանում նշեց, որ Թեհրանը չունի Վաշինգտոնի կարիքը եւ նրա հետ հարաբերությունները բարելավելու առանձնակի ձգտում: Առհասարակ ի՞նչ է կատարվում Իրանի շուրջ, եւ ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ այդ ամենը Հայաստանի վրա:

Այո, տարածաշրջանում ներկայումս բավական լարված իրավիճակ է տիրում: Այդ լարվածությունը հատկապես մեծացել է 2015թ. Իրանի և Վեցյակի (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) միջև ստորագրված միջուկային համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալուց և Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից հետո:

Սրա հետևանքով գործնականում դադարել է իրանական նավթի արտահանումը՝ ԻԻՀ-ին զրկելով միլիարդավոր դոլարների ֆինանսական մուտքերից, կրճատվել են ապրանքների ներմուծման և արտահանման ծավալները, խստագույն սահմանափակումների է ենթարկվել ԻԻՀ բանկային համակարգը, շեշտակիորեն արժեզրկվել է իրանական ռիալը, բարձրացել են ապրանքների (այդ թվում նաև՝ առաջին անհրաժեշտության) գները:

Ներկայումս ստեղծվել է չափազանց բարդ և պայթյունավտանգ իրավիճակ: ԱՄՆ-ը հրաժարվել է միջուկային համաձայնագրից, իսկ մյուս անդամները (ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) չեն կարողանում հատուցել Իրանին հասցված կորուստները, լրջագույն սպառնալիքներ են ստեղծվել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապահովման համար:

Ստեղծված կացությունը անհանգստություն է պատճառում նաև Հայաստանին, ինչպես տարածաշրջանային համատեքստում, այնպես էլ մեր հարևան երկրի և բարեկամ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների առումով:

Իրանում ստեղծված ծանր վիճակը բացասական ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության վրա (առևտրի պայմանների վատթարացում, ներդրումային ծրագրերի իրականացման դժվարություններ, բանկային սահմանափակումներ և այլն): Այս մտահոգությունները ՀՀ ղեկավարությունը հայտնել է գործընկեր երկրներին, այդ թվում նաև ԱՄՆ-ին: Հայաստանի դիրքորոշումն այս հարցում առկա հակասությունների խաղաղ և բանակցային ճանապարհով հանգուցալուծումն է:

Ի դեպ, իրանաամերիկյան հարաբերություններում լարվածության նվազման որոշակի սպասումներ կային Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի՝ Թեհրան կատարած այցի նախօրյակին: Այցի ավարտից հետո լրատվամիջոցներում առկա արձագանքներից կարելի է ենթադրել, որ առայժմ առաջընթացի որևէ միտում չկա: Դեռ ավելին՝ հունիսի 13-ին Պարսից ծոցում երկու նավթատար տանկերների վրա տեղի ունեցած պայթյուններն, ամենայն հավանականությամբ, էլ ավելի կխորացնեն ներկա առճակատումը:

Դեռեւս նախորդ տարի խոսակցություններ կային Իրանի ու Ադրբեջանի միջեւ ռազմաքաղաքական համագործակցության մասին, ինչն արտահայտվել էր Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամիի՝ Ադրբեջան կատարած այցի ժամանակ: Պաշտոնական Բաքուն մեկ անգամ չէ, որ հայտարարել է իրանական հրթիռներ ձեռք բերելու մասին, ինչը Իրանի կողմից առայժմ արձագանք չի ստացել: Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը Ղարաբաղյան հակամարտության հարցում:

ԻԻՀ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ հարևան երկրների հետ համագործակցության խորացումն իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Սա մասնավորապես վերաբերում է նաև Իրանի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններին:

Հասկանալի է, որ այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Իրանի վերաբերմունքը: Տվյալ պարագայում կարելի է պնդել, որ Իրանը գործնականում ցուցաբերում է հավասարակշռված վերաբերմունք և իր այդ վարքով էականորեն նպաստում է տարածաշրջանային կայունության ապահովմանը:

Շարունակությունը՝ hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել