armtimes.com: Այսօր հրավիրված առցանց քննարկման ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձավ զինծառայողների դիերի ինքնության պարզման գործընթացին։
Նա տեղեկացրեց, որ դին նախ փոխանցվում է համապատասխան դատաբժշկական մարմնին, որտեղ փորձում են նրա ինքնությունը պարզել, լուսանկարում են, դրանք ցույց տալիս հարազատներին․ եթե մարմնի ֆիզիոլոգիական վիճակը թույլ է տալիս, հարազատը ճանաչում է իր զինվորին, իսկ եթե քայքայման գործընթացների պատճառով նման հնարավորություն չի լինում, վերցվում են ԴՆԹ անալիզներ թե՛ դիերից, թե՛ հարազատներից, եւ արդյունքների պարզ լինելուց հետո համեմատում են առկա տվյալների բազաների հետ․ «Այդպես անհետ կորածների շատ հարազատներ գտել են իրենց զինվորների մարմինները, այժմ մենք ունենք կոնկրետ թվով մարմիններ, որոնց ինքնությունը պարզված չէ, դեռ սպասում ենք անալիզների արդյունքներին: Ես հույս ունեմ, որ առաջիկա օրերին եւ շաբաթներին նրանց հարազատներն էլ իրենց կգտնեն, եւ ոմանց ճակատագրերը պարզ կլինեն»։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ այդ գործընթացներում կարեւոր դերակատարություն ունի նաեւ անհետ կորածների ցուցակագրումը։ Սաքունցը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 5-ից զբաղվելով այդ աշխատանքներով՝ ստացել են անհետ կորելու հանգամանքի վերաբերյալ 666 զանգ, հետագայում պարզվել է, որ նրանցից մոտ 52-ը ողջ են, 43-ը՝ զոհվել, եւ մարմինները նույնականացվել են, եւս 3 անձ գերեվարված է։
«Պետք է լինեն անհետ կորածների հստակ ցուցակներ, որոնց մի մասը կդասակարգվի որպես գերի, մի մասը՝ զոհված, եւ սրա վրա պետք է աշխատանք տարվի, մեր կողմից էլ պիտի լինի ցուցակարգում, թե քանի ադրբեջանցի ռազմագերի եւ դիակ ունենք»,- ասաց Սաքունցը՝ հավելելով, որ այս հարցերը աշխատանքի կազմակերպման հիմքում են, եւ սրանց պետք է լուրջ մոտենալ, որպեսզի հնարավոր լինի փրկել նաեւ ողջ մնացած գերիների կյանքը․ «Անընդհատ պետք է այս ամենի մասին համոզիչ տեղեկություններ տրվեն, պետք է համոզմունք առաջանա, որ քայլեր կատարվում են»,- ասաց նա՝ զարմանք հայտնելով, թե ինչպես է պատահել, որ Կարմիր խաչը մինչ օրս չունի հստակ թվով ցուցակներ։
Անդրադառնալով մեզ մոտ պահվող ադրբեջանցի գերիների հարցին՝ ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը նշեց, որ պատերազմի ընթացքում ինքն այցելել է այն ռազմագերիներին, որոնց մասին տեղեկություններ ունեցել է, բայց քանի որ այս հարցն իր լիազորությունների շրջանակում չէ, հրապարակելու տվյալներ չունի․ «Ամեն դեպքում, նրանց պահպան պայմանների խնդիր չկա, եւ պատահական չէ, որ մեր կողմից անմարդկային վերաբերմունքի որեւէ տեսանյութ չի հրապարակվել, այսինքն՝ ռազմագերիների մասով ՀՀ-ն եւ ԱՀ-ն կատարում են իրենց միջազգային պարտավորությունները»։
Արտակ Բեգլարյանի խոսքով՝ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ որեւէ կապ չկա, եւ ենթադրելի է, որ իրենք բոլոր հնարավոր ձեւերով բացառում են Արցախի Հանրապետության որեւէ պետական մարմնի հետ կոնտակը․ «Որքանով տեղյակ եմ, նաեւ ՀՀ ՄԻՊ-ի հետ կապ չկա, Ադրբեջանի ՄԻՊ-ը մի քանի անգամ քաղաքական բնույթի նախապայմաններ է դրել, հայտարարել, որ կարող է համագործակցել ՀՀ-ի հետ, երբ ՀՀ-ն վերջ տա իրենց տարածքների օկուպացիային, ինչը աբսուրդ է ՄԻՊ-ի համար»։
Խոսելով գերիների վերադարձի ժամկետների մասին՝ Արտակ Բեգլարյանն ասաց, որ դրանք շատ անկանխատեսելի են եւ առաջին հերթին կախված են Ադրբեջանից․ «Ես շատ կուզեի, որ հենց այսօր ավարտվեր, եւ ռազմագերիները, ներկալված անձինք եւ անհետ կորածները վերադառնային իրենց ընտանիքներ: Ես անձնապես շատ լավ եմ հասկանում նրանց վիճակը, ողբերգությունը եւ իմ լիազորությունների շրջանակում եւ դրանցից դուրս էլ մարդկայնորեն առավելագույնը փորձում եմ կատարել, ցավոք սրտի, լայն առումով, արդյունքները մեծ չեն»։
Զինծառայողների հարազատներին Արցախի ՄԻՊ-ը հորդորեց զգույշ լինել մանիպուլյացիոն հարցերում: Ըստ նրա՝ տարբեր կողմեր, առաջին հերթին՝ Ադրբեջանը, նաեւ՝ ներքին որոշակի խմբեր, տարբեր նպատակներով փորձում են մանիպուլյացիներ անել․ «Հորդորում եմ հարազատներին անհետ կորածների մասին անձնական տեղեկություններ չհանրայնացնել սոցցանցերում:
Շարունակությունը՝ armtimes.com-ում։
comment.count (0)