tert.am: Ռուսական ու չինական կազմակերպությունների դեմ օրերս Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցները կապված են Իրանի հրթիռային ծրագրի շրջանակներում իրականացված մատակարարումների հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
«Մենք պատժամիջոցներ ենք սահմանել Չինաստանում Chengdu Best New Materials-ի և Zibo Elim Trade-ի, ինչպես նաև Nilco Group-ի դեմ, որը հայտնի է նաև որպես Nil Fam Khazar ու Santers Holding, իսկ Ռուսաստանում՝ «Էլեկոն» ԲԲԸ-ի նկատմամբ Իրանի հրթիռային ծրագրին «զգայուն» տեխնոլոգիաների ու ապրանքների փոխանցման համար։ Այս միջոցների ձեռնարկումը Իրանի կործանարար գործունեությանը մեր արձագանքի մասն է կազմում», - նշված է Պոմպեոյի գրավոր հայտարարության մեջ։
Նա նաև հավելել է, որ երկու տարի ժամկետով սահմանված նոր պատժամիջոցները ներառում են նաև ԱՄՆ-ից պետական գնումներ անելու ու Վաշինգտոնի կողմից պետական աջակցություն ստանալու հնարավորությունների և արտահանման սահմանափակումներ։
Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակելու է աշխատել Իրանի հրթիռային ծրագրին խոչընդոտելու ուղղությամբ և դրա համար պատժամիջոցներ է կիրառելու։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Իրանի և Վենեսուելայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոտ Աբրամսը Բեյրութի համալսարանի կազմակերպած տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և Չինաստանի չորս իրավաբանական անձի նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, աջակցում էին Իրանին զարգացնել իր հրթիռային ծրագիրը։
comment.count (0)