Ֆրանսիական պատվիրակությունը Էջմիածնի քաղաքապետարանին է փոխանցել հիգիենայի պարագաների 1000 փաթեթ, որոնք կհատկացվեն արցախցիներին
20:52 - 28 նոյեմբերի, 2020

Ֆրանսիական պատվիրակությունը Էջմիածնի քաղաքապետարանին է փոխանցել հիգիենայի պարագաների 1000 փաթեթ, որոնք կհատկացվեն արցախցիներին

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ընդունել է Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկված մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանը՝ Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Էջմիածնի քաղաքապետարանից:
 
Քաղաքապետը պատվիրակության անդամներին ծանոթացրել է պատերազմի օրերին և հետպատերազմյան շրջանում քաղաքապետարանի ծավալած գործունեությանը, ներկայացրել Էջմիածնում ապաստանած արցախցիների աջակցությանն ուղղված քաղաքապետարանի իրականացրած ծրագրերը:
 
Հանդիպման ընթացում քաղաքապետ Դիանա Գասպարյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար և բարձր է գնահատել Ֆրանսիայի ջանքերը Հայաստանին և Արցախին միջազգային հարթակներում աջակցելու գործում:
 
Պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը վերահաստատել է արցախահայությանը շարունակական մարդասիրական աջակցություն ցուցաբերելու Ֆրանսիայի հանձնառությունը և շնորհակալություն հայտնել քաղաքապետ Դիանա Գասպարյանին պատվիրակությանն ընդունելու համար:
 
Պետքարտուղարը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը բարձր են գնահատել արցախահայությանը աջակցելու գործում Էջմիածնի քաղաքապետարանի կատարած աշխատանքը:
 
Հանդիպման ավարտին կողմերը հետագայում համագործակցության շրջանակն ընդլայնելու և առավել ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել:
 
Նշենք, որ արցախահայությանը մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար պատվիրակությունը Էջմիածնի քաղաքապետարանին է փոխանցել հիգիենայի պարագաների շուրջ 1000 փաթեթ, որոնք առաջիկա օրերին կհատկացվեն Էջմիածնում ապաստանած արցախցիներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել