Անի Սամսոնյանը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին
20:41 - 01 դեկտեմբերի, 2020

Անի Սամսոնյանը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին

 ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի երրորդ` Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահող Կիրիակոս Հաջիանիին: Այս մասին Սամսոնյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Որպես ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակ դիմել եմ վեհաժողովի երրորդ` Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահող Կիրիակոս Հաջիանիին (Կիպրոսի պատվիրակ) մեր ռազմագերիների հարցով»,- գրել է Սամսոնյանը:

 

Պատգամավորը նշել է, որ գրության հետ միասին տրամադրել է նաև այն տեսանյութերը, որոնք ապացուցում են հայ ռազմագերիների նկատմամբ ոչ մարդասիրական վերաբերմունքը:

«Ամբողջ պատերազմի ընթացքում ԵԱՀԿ ԽՎ-ն այդպես էլ առանձնահատուկ քննարկման առարկա չդարձրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան, չնայած այն բանին, որ հանդիպումներից մեկի ժամանակ ի պատասխան իմ ելույթին ԽՎ Գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան հանձն առավ այն կազմակերպել»,- նշել է Անի Սամսոնյանը:

Խորհրդարանի անդամը հույս է հայտնել, որ կիպրոսցի գործըներկոջ նախագահությամբ երրորդ կոմիտեն կուսումնասիրի ռազմագերիների հարցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել