Քննարկվում է դպրոցներում «Քաղաքացիական պաշտպանություն» առանձին առարկա դասավանդելու անհրաժեշտությունը․ ԱԻՆ
15:15 - 14 դեկտեմբերի, 2020

Քննարկվում է դպրոցներում «Քաղաքացիական պաշտպանություն» առանձին առարկա դասավանդելու անհրաժեշտությունը․ ԱԻՆ

Այսօր տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների նախարարության հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: Խորհրդակցությունը սկսելուց առաջ նախարարը ցավակցական խոսք է հղել ԱԻՆ տեխնածին վթարների բաժնի պետ, գնդապետ Կարապետ Կարապետյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Խորհրդակցության օրակարգի համաձայն՝ նախարարության քաղաքացիական և փրկարարական ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են անցած շաբաթվա ընթացքում նախարարի հանձնարարականների կատարման ընթացքը և իրականացված աշխատանքները:

Շարունակում է առանցքային մնալ, բոլոր մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, պատսպարանները պատշաճ վիճակի բերելու, դրանք առաջին անհրաժեշտության դեղորայքով, ջրով և չոր սննդով ապահովելու, ազդարարման համակարգերի հարցը: Նշվել է նաև, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների հետ համատեղ քննարկումներ են իրականացվում հանրակրթական դպրոցներում քաղաքացիական պաշտպանությունը, որպես առանձին առարկա դասավանդելու շուրջ:

Ի թիվս այլ հարցերի, զեկուցվել է, որ ձմեռային սեզոնով պայմանավորված՝ փրկարարական վարչությունները պատրաստ են ՏԻՄ-երի հետ համագործակցել ճանապարհների անվտանգությունն ապահովելու հարցում: Բարձրացված խնդիրների վերաբերյալ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներին տրվել են մի շարք հանձնարարականներ:

Խորհրդակցության ավարտին արցախյան պատերազմում մարտական գործողություններին մասնակցելու և քաջություն ցուցաբերելու համար նախարարը «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրել է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Գուրգենի Ասլանյանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել