Տավուշում հուլիսյան մարտերի հետևանքով վնասված տների վերականգնման աշխատանքները կշարունակվեն. դրանք դադարել էին
12:36 - 22 դեկտեմբերի, 2020

Տավուշում հուլիսյան մարտերի հետևանքով վնասված տների վերականգնման աշխատանքները կշարունակվեն. դրանք դադարել էին

Տավուշում հուլիսյան մարտերի հետևանքով վնասված տների վերականգնման աշխատանքները, որոնք ժամանակավոր դադարել էին սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով, կշարունակվեն:

Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից: Նշվում է, որ շինարարական աշխատանքները դադարեցվել էին երկու հիմնական պատճառով՝ առաջնահերթությունները փոխվեցին, և շինարարական բրիգադների մասնակիցները զորակոչվեցին բանակ:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ կառավարությունը որոշում է կայացրել ապահովել մնացած գումարի ամբողջական ֆինանսավորումը: Առաջիկա օրերին գումարն ամբողջապես կհատկացվի շինարարական կապալառու կազմակերպություններին, արդյունքում ոչ միայն աշխատանքները կվերսկսվեն, այլև ամբողջությամբ կվճարվեն կրեդիտորական պարտքերը:

«Կան որոշ աշխատանքներ տներում, բայց հիմնականում մնացել են փողոցային հարդարման, ցանկապատերի, դարպասների հետ կապված հարցերը, որոնք կտեղափոխվեն հաջորդ տարի: Աշխատանքների ամենամեծ ծավալն Այգեպար գյուղում է, որտեղ մի քանի տասնյակ տներ գրեթե հիմնովին վերանորոգվել են, երկրորդը՝ Ներքին Կարմիրաղբյուրն է: Չինարիում զրոյից նոր տուն է կառուցվում, որի արտաքին աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Ասեմ, որ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում մի քանի կրթական հաստատություններում: Սահմանային գյուղերում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել՝ բնակչության պատսպարման հնարավորությունների հետ կապված»,- ասել է մարզպետը:

Ընդհանուր առմամբ, հուլիսյան մարտերից հետո վերականգնման բոլոր ծրագրերի ֆինանսավորումը գերազանցում է 400 մլն-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել