Վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանի՝ նախկինում ղեկավարած ավիաընկերությունը ԵՄ սև ցուցակում չէ
11:38 - 04 հուլիսի, 2019

Վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանի՝ նախկինում ղեկավարած ավիաընկերությունը ԵՄ սև ցուցակում չէ

Այսօր համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանի՝ նախկինում ղեկավարած "Phoenix Avia Gulf" ընկերությունը Եվրոպական միության սև ցուցակում է՝ անվտանգության կանոնների կոպիտ խախտման պատճառով։

Վերոնշյալ տեղեկատվության տարածման համար հիմք հանդիսացած FlightSafe կայքում առկա ԵՄ-ի կողմից արգելափակված ավիաընկերությունների ցուցակում "Phoenix" բառով կատարված որոնմամբ տեսնում ենք, որ կա արգելափակված մեկ ընկերություն՝ Ղրղզստանում և ԱՄԷ-ում գրանցված "Phoenix Aviation FZE"-ը։

Այս տեղեկատվությունն առկա է նաև Վիկիպեդիայում, որտեղ նշվում է, որ ընկերությունը տեղակայված է Շարժայում (ԱՄԷ), ստեղծվել է 1996 թվականին։ Ունի մասնաճյուղեր Ղրղզստանում և Պակիստանում։ Ղրղզստանի "Phoenix Aviation"-ը անվտանգության ցածր ստանդարտների պատճառով հայտնվել է բրիտանական կառավարության սև ցուցակում, իսկ 2006 թվականին՝ ԵՄ-ի սև ցուցակում։ Ընկերությունը 2006 թվականին ռեբրենդինգի արդյունքում դարձել է  AVE.com,  որն էլ գործել է մինչև 2012 թվականը։

Այսպիսով, ԵՄ սև ցուցակում առկա է այլ՝ ղրղզական ընկերություն։ Սակայն վերոնշյալ կայքում առկա AVE.com-ի և  Phoenix Avia-ի էջերում նշվում է, որ վերջիններս հանդիսանում են դուստր ընկերություններ, ինչն էլ հավանաբար շփոթության պատճառ է դարձել։ 

Մեզ հետ զրույցում Հակոբ Ճաղարյանը նշեց, որ Հայաստանում և ԱՄԷ-ում գործունեություն ծավալած "Phoenix Avia" և "Phoenix Avia Gulf" ընկերությունները երբևէ որևէ առնչություն չեն ունեցել "Phoenix Aviation"-ի կամ AVE.com-ի հետ, և որ կայքում նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել