armtimes.com: Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան: Այսօրվա օրակարգային հարցերից է նաև Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նիստի սկզբում ներկայացրեց Ազգային ժողովի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ նախագիծը:
Այնուհետև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տրամաբանությամբ են առաջնորդվում, և արդյոք համաչա՞փ են այսօրվա օրակարգային հարցերը կոնկրետ մարտահրավերի: «4 տարի, 8 ամիս, 19 օր և 12 ժամ: Սա այն ժամանակն է, որի ավարտից հետո Ադրբեջանի ղեկավարը կարող է այն տխրահռչակ հայտարարության հիման վրա պահանջել ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերումը Արցախից: Սա նաև այն ժամանակն է, որ պետք է օգտագործենք, որ պատրաստ լինենք նման հավանական զարգացման»:
Արարատ Միրզոյանն էլ համաձայնեց, որ կան մարտահրավերներ. դրանցով զբաղվում են ՀՀ զանազան ինստիտուտներ: Նրա խոսքով՝ դրանցում դերակատարություն ունի նաև Ազգային ժողովը՝ ընդգծելով, սակայն, որ ԱԺ-ի առօրյա պարտականությունները ոչ ոք անվավեր չի ճանաչել և չի կարող անվավեր ճանաչել: «Մենք ունենք նաև մեր առջև կանգնած բազմաթիվ այլ խնդիրներ, մենք չենք կարող զբաղվել միայն մեկ հարցով, մենք կարող ենք զբաղվել մեկ հարցով, երկու հարցով, երեք հարցով՝ ըստ առաջնահերթությունների, բայց զուգահեռաբար նաև չորրորդ հարցով, հինգերորդ հարցով, քսանվեցերորդ հարցով, սա մեր առաքելությունն է և պարտավորությունը»:
ԱԺ նախագահը նաև հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորները բարձրաձայնում են քննարկվող հարցերի ոչ ադկետվատ լինելու մասին, սակայն մասնակցում են քննարկումներին:
comment.count (0)