Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հիմնանորոգել 12 մանկապարտեզ, ևս 3-ը կառուցել

 |armenpress.am|
13:00 - 09 փետրվարի, 2021

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հիմնանորոգել 12 մանկապարտեզ, ևս 3-ը կառուցել |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստում հաստատվեց Երեւանի քաղաքապետարանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2018 թվականի հունիսի 8-ին կնքված «Երեւանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը:

Նախագծի մեջ նշվում է, որ Երեւանի քաղաքապետարանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի Էներգաարդյունավետության» ծրագրի շրջանակներում 2017թ. դեկտեմբերի 1-ին կնքվել է fինանսական պայմանագիր։ Նշված ֆինանսական պայմանագիրը հաստատվել է Երեւան քաղաքի ավագանու կողմից 2017թ. դեկտեմբերի 26-ին: «Երեւանի էներգաարդյունավետության» ծրագրի իրականացման անհրաժեշտությունից ելնելով` Երեւանի քաղաքապետարանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2018 թվականի հունիսի 8-ին կնքվել է 5 մլն եվրո գումարի դրամաշնորհային համաձայնագիր: Ընդհանուր ծրագրի արժեքը կազմել է 15 միլիոն եվրո:

Քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է մանկապարտեզների կապիտալ վերանորոգում և սեյսմիկ անվտանգության միջոցառումների իրականացում:

Նրա խոսքով` դրամաշնորհ ստանալու համար անհրաժեշտ է Երեւանի ավագանու հավանությունը:

«Այս ծրագրով նախատեսված է հիմնանորոգել 12 և կառուցել 3 նոր մանկապարտեզ: 2020-ին 11 մանկապարտեզի կապիտալ վերանորոգում ենք իրականացրել համայնքային միջոցների հաշվին: Դրանցից 9-ը շահագործման է հանձնված, մյուս երկուսը շահագործման կհանձնվեն մոտակա օրերին»,- եզրափակեց Սարգսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել