tert.am: Ոչ մի տարաձայնություն, ոչ մի ինչ-որ անհարթություն չի եղել, ամեն ինչ նորմալ էր, դա պարոն Պետրոսյանի սուվերեն որոշումն է։ Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Գևորգ Պետրոսյանի՝ խմբակցությունից դուրս գալուն։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում արված հայտարարությամբ հայտնել էր, որ դուրս է գալիս խմբակցությունից:
«Ինձ համար դժվար է մեկնաբանել, կարող եմ ավելացնել, որ պարոն Պետրոսյանը պարոն Ծառուկյանի մոտ միշտ ունեցել է շատ բարձր հարգանք, շատ լավ վերաբերմունք, այստեղ էլ ոչ մի խնդիր չկա»,–ասաց Արման Աբովյանը։
Հարցին՝ հասկանալի՞ էր նրա դուրս գալը Գագիկ Ծառուկյանի համար, Արման Աբովյանը պատասխանեց՝ ոչ։ «Ճիշտն ասած, ինձ համար էլ հասկանալի չէ»,–ասաց նա և նշեց, որ առայժմ չի շփվել Գևորգ Պետրոսյանի հետ։
Անդրադառնալով դիտարկմանը, որ գուցե Գևորգ Պետրոսյանը ցանկություն հայտնել է ավելի կտրուկ գործողությունների գնալու և անհամաձայնություն է եղել, խմբակցության քարտուղարն ասաց․ «Եթե ուշադրություն դարձնեք մեր խմբակցության ելույթներին, մենք մեր դիրքերից չենք նահանջել և մեր ելույթները, գործունեություները ոչ մի կերպ չի փոխվել, այստեղ մեկնաբանությունը, կարծում եմ, որ ավելի լավ կլինի իրենից ստանաք»։
comment.count (0)