armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարևորում է քաղաքական ճգնաժամի արագ հանգուցալուծումը, որպեսզի տնտեսական խնդիրներն էլ ավելի չխորանան:
Պատգամավորն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Ըստ Մելքումյանի՝ երկրում տնտեսական, ֆինանսական, սոցիալական խնդիրները գնալով խորանում են: «Բնական է, այսօր անվտանգության հարցն է շատ կարևորվում, բայց նաև չպետք է մոռանանք, որ անվտանգության բաղադրիչ է հանդիսանում նաև տնտեսական անվտանգությունը»,- նշեց պատգամավորը:
Նա հիշեցրեց, որ թե 2020-ին, թե 2021-ի հունվարին տնտեսական անկում է գրանցվել: «Իմ հաշվարկներով՝ օրական 5-7 մլն դոլար համախառն ներքին արդյունք ենք կորցնում, որովհետև բոլորը սպասողական վիճակում են, կա քաղաքական ճգնաժամ, կա տոտալ ճգնաժամ, բիզնես-ծրագրերը չեն իրականացվում: Մարդիկ սպասում են, թե ինչ է լինելու»,-ասաց Մելքումյանը:
Ըստ նրա՝ նույնիսկ եթե հայտարարվում է արտահերթ ընտրությունների անցկացման մասին, ապա մինչև այդ ընտրությունների ավարտը և նոր կառավարության ձևավորումը մարդիկ որևէ լուրջ բիզնես-ծրագիր չեն իրականացնելու. դա այդպես է ամբողջ աշխարհում:
Նա ձախողված է համարում տնտեսական հեղափոխությունը՝ դրա պատճառը համարելով պետական կառավարման համակարգի աշխատանքը: Ըստ նրա՝ պետական կառավարման համակարգում, օրինակ, ներդրումների հետ կապված հարցերն ամիսներով չեն լուծվում, ձգձգվում են:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք տնտեսական խնդիրների լուծման ճանապարհներից մեկը համարու՞մ է արտահերթ ընտրությունների անցկացումը՝ Մելքումյանն ասաց. «Կա ճգնաժամ, այդ ճգնաժամը պետք է լուծվի: Մեր օրակարգում կան արտահերթ ընտրություններ, սակայն դրանց անցկացման ձևը, պայմանները դեռևս պետք է քննարկվեն: Դա ինչ-որ պահի պետք է հանգուցալուծվի»,- ասաց նա ու կարևորեց, որ հանգուցալուծումը շուտ լինի:
comment.count (0)