Տվեք ճիշտ օրենքներ և դատավորներից պահանջեք ճիշտ արդյունք․ Տարոն Սիմոնյան
13:49 - 04 մարտի, 2021

Տվեք ճիշտ օրենքներ և դատավորներից պահանջեք ճիշտ արդյունք․ Տարոն Սիմոնյան

Ես երիցս համոզվում եմ, որ ԱԺ-ն և քաղաքական գործիչները, հատկապես պատգամավորները այն մարդիկ չեն, ովքեր պետք է ընտրեն վճռաբեկ դատարանի դատավոր, որովհետև մենք, իրական թեման թողած, անընդհատ շեղվում ենք, այլ թեմաներից ենք խոսում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ արդեն երեք օր է` Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը շեշտեց, որ հիմնական թեմային անդրադառնալու ժամանակը պատգամավորները ծախսում են այլ թեմայի վրա։ Սիմոնյանը նշեց, որ երեք օրվա ընթացքում գրեթե 7 աշխատանքային ժամ ծախսվել է ոչ թե թեկնածուների վերաբերյալ հարցեր տալու, պատասխաններ ստանալու վրա, այլ ծախսվել է երրորդ անձի հետ կապված քննարկում կազմակերպելու համար։

«Արդյո՞ք մեր պետականությունը այսօր այդ մարտահրավերի առջև է կանգնած, իմ համոզմամբ՝ ո՛չ։ Այն անձը, ում մասին դուք երեք օր շարունակ խոսում եք, այդ անձի թեկնածությանը և այդ անձի՝ ԲԴԽ նախագահ ընտրվելուն մենք ի սկզբանե դեմ ենք եղել, երբ դուք կողմ էիք, բայց դուք նույն էնտուզիազմով մեր վրա էիք հարձակվում, ասում էիք՝ մեր ընտրությունն է։ Իհարկե, դուք անձամբ չէիք ընտրել, կազմակերպել եք այդ ընտրությունը՝ ձեր գործիքների, լծակների միջոցով։ Դուք հարձակվում եք մեր վրա, ասում եք՝ մեր ընտրությունը լավագույնն է, ճշմարտությունը մեր կողմն է։ Հիմա, քանի որ այդ անձը այլևս չի սպասարկում ձեր շահերը, ես չեմ ասում՝ լավ է անում, թե վատ, այլ չի սպասարկում ձեր շահերը, հիմա հարձակվել եք իր վրա, ասում եք՝ մենք ճիշտ ենք, դու սխալ ես։ Չեմ ասում՝ ինչ է ասել, ոնց է ասել, չեմ ուզում անդրադառնալ այդ հարցին, այլ ուզում եմ անդրադառնալ այն բանին, որ դուք անընդհատ փոխում եք ձեր ճշմարտության հենքը։ Կարո՞ղ է դուք եք սխալ, և ձեր ճշմարտությունը սխալ ճանապարհ է ընտրել»,- հավելեց պատգամավորը։

Վերջինս կրկին շեշտեց, որ դատավորները քաղաքական հայտարարություն չպետք է անեն, և դրանում բոլորը համակարծիք են, որովհետև դատավորները արդարադատության կրողներն են։ Սիմոնյանը հստակեցրեց, որ դատավորները արդարադատություն են իրականացնում, նրանք արդարություն չեն իրականացնում։ Պատգամավորն ընդգծեց, որ սրանք մասնագիտական բառեր են, և պարտադիր չէ, որ բոլորը  իմանա դրանք։ 

«Արդարադատությունը օրենքով սահմանված ընթացակարգ է, արդարությունը բարոյական կատեգորիա է։ Եթե մենք իրականացնում ենք արդարադատություն՝ օրենքով սահմանված եղանակով, օրենքների հեղինակը ԱԺ-ն է։ Տվեք ճիշտ օրենքներ և դատավորներից պահանջեք ճիշտ արդյունք։ Եթե օրենքները այնպսին են, որ չեն ենթադրում ճիշտ արդյունք, ապա մի պահանջեք դատավորներից արդարություն, որովհետև այն բարոյական կատեգորիա է։ Այսքան ժամանակ ծախսելու փոխարեն դուք ընդամենը կարող էիք բացել  դատական օրենսգրքի 585-րդ հոդվածը այնտեղ կարդալ, որ ԲԴԽ անդամի նկատմամբ կարելի է հարուցել կարգապահական վարույթ, եթե նա որոշակի խախտումներ է թույլ տվել։ Երեք անդամի նախաձեռնությամբ կարող էիք անել, ես վստահ եմ, որ երեք անդամի վրա՝ ձեր ազդեցության միջոցով կարող էիք նախաձեռնել այդ գործընթացը»,- նշեց նա։

Սիմոնյանը խոսքով՝ վերը նշված ընթացակարգը չի իրականցվում, իսկ դրա փոխարեն նախընտրելի է  7 ժամ ծախսել այս ամբիոնից անվանարկելու մեկ անձի և նրա հետ մեկտեղ ամբողջ դատական համակարգի։ Պատգամավորն անդրադարձավ այն մտքին, թե խոսքը չի գնում ամբողջ դատական համակարգի մասին այլ անձերին է վերաբերվում, բայց Սիմնոյանի կարծիքով  հասարակության ընկալումը այլ է և այստեղ կարևորվում է պատգամավորների՝ որպես պատգամավորի առաքելության գիտակցումը։ Սիմոնյանը շատ ճիշտ համարեց այն միտքը, որ պատգամավորի յուրաքանչյուր խոսք մեծ արձագանք է ստանում և պետք է  զգույշ խոսել, որովհետև պատգամավորները օրենսդիր մարմին են և իրենց  արտահայտությունները օգտագործվում են օրենքների, օրնենքների մեկնաբանությունների մեջ, և դա հետագայում ազդում է հասարակության վրա։

«Չի կարելի չիմանալով, թե ինչ է արդարադատությւոնը, իրավաբանությունը, թե ինչ է օրենքը, միանգամից հարձակվեք այդ երևույթների վրա, քանդեք առանց այդ էլ խարխուլ դատական իշխանությունը։ Ձեզնից շատ քչերն են առնչվել արդարադատության այն խնդիրների հետ, որոնց ես եմ առնչվել՝ անգամ իմ մաշկի վրա զգացել եմ անարդարության շատ դեպքեր, բայց ես չեմ կանգնում և այնպիսի բառապաշար օգտագործում, որը պետականության կարևոր հիմքերից մեկը խարխլի՝ դատական իշխանությունը։ Խնդրում եմ, պահանջում եմ ուշադիր եղեք ձեր բառապաշարին, դրանք հնարավոր է, և  նաև իսկապես  բացասականորեն ազդում են ամբողջ պետականաշինության գործընթացի վրա»,- ասաց Սիմոնյանը։

Պատգամավորը, անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դատավորների թեկանծուներին, ասաց, որ պատգամավորների առջև կանգնեցին երկու շատ պարկեշտ և մեծ գիտելիքների տեր անձնավորություններ, ովքեր շատ հավանական է այսօր կամ որոշ ժամանակ անց համալրեն դատական իշխանությունը։ Սիմոնյանը հարց ուղղեց՝  «խնդիրներ ունե՞ք նրանց մասնագիտական ունակությունների հետ, նրանց բարոյական կերտվածքի հետ, թե ոչ։ Կարո՞ղ ենք նմանատիպ մարդկանց քանակը ավելացնել դատական իշխանությունում»։ 

Սիմոնյանի դիտարկմամբ դատական իշխանությունում առկա բացասական երևույթների դեմ պետք է պայքարել նման մարդկանց քանակը ավելացնելով, ոչ թե ամբողջ ռեսուրսը ծախսել՝ վատերին անվանարկելու վրա։ Դրա փոխարեն կարելի է իրավական գործընթաց սկսել ու նրանց հեռացնել համակարգից։ Իշխող ուժն ունի բոլոր լժակները, իսկ իրենց պատրաստ են օգնել։

«Եթե դուք ձեր էներգիան, ռեսուրսները ծախսում եք բացառապես անվանարկելու վրա և չեք օգագործում  այդ ժամանակը նման անձնավորություններով համակարգը համալրելու վրա, ապա ես ձեր ազնվության վրա կասկածներ ունեմ, որովհետև դա իրական, պետական գործչի մտածելակերպ չէ»,- եզրափակեց Սիմոնյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել