Բարենպաստ եղանակի պայմաններում փողոցների փոսերը վերացվում են. քաղաքապետարան
19:35 - 15 մարտի, 2021

Բարենպաստ եղանակի պայմաններում փողոցների փոսերը վերացվում են. քաղաքապետարան

Փողոցների մեծ ու փոքր փոսերն իսկական փորձություն են մեքենաների ու վարորդների համար: Քաղաքի ասֆալտապատ ճանապարհները ձմռանն աղ ու ավազով մշակում են, առկա է բեռնատարների ու, առհասարակ, մեքենաների մեծ հոսք, ժամանակին արված վատորակ ասֆալտ: Քաղաքի այս տարվա ասֆալտապատման մրցույթները դեռևս հունվարին են կայացել, սակայն եղանակը գործի անցնելու հնարավորություն չէր տալիս:  Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Եթե +8°-ից ցածր ջերմաստիճան է՝ չի թույլատրվում ասֆալտապատում սկսել: Չի թույլատրվում նաև, երբ ասֆալտի ջերմությունը +120°-ից պակաս է: Այսպես, օրինակ,  ասֆալտը ցուրտ եղանակին մինչև գործարանից տեղ հասնի, կդառնա 60-70 աստիճանի և կպչողականություն չի ունենա»,-ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

Փոսալցումը քաղաքում արդեն սկսվել է: Բայց նախքան ասֆալտը փռելը նախապատրաստական աշխատանք է արվում:
«5 սմ և ավելի խորության հատուկ տեխնիկայով քերվում է ասֆալտի շերտը, մշակվում, փոշեզրկվում, բիտումապատվում և հաջորդ օրը միայն ասֆալտապատվում»,-նշում է շինարարական կազմակերպության աշխատանքների ղեկավար Արթուր Պետրոսյանը:

Քաղաքապետարանի 2021թ. ծրագրով մայրաքաղաքում կնորոգվի 535 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ, որից ավելի քան 10.000 քմ-ն փոսային աշխատանքներն են: Այս տարի 6 ընկերության է գործը բաշխվել։


Աշխատանքները հիմնականում արվում են ցերեկը, ինչը որոշակի անհարմարություններ է ստեղծում քաղաքում, սակայն պետք է նկատի ունենալ, որ գիշերային ժամերին բնակելի հատվածներում տեխնիկայի բարձրացրած աղմումը խանգարում է բնակչության հանգիստը, ինչն արգելված է օրենքով:


«Անհնարին է կտրել ու մեկ կամ մի քանի քմ-ն նույն օրում ասֆալտել: Պետք է ծավալ ունենանք, որովհետև մեծ մեքենաներ են գործի դրվում: Այնուամենայնիվ 3 օրվա ընթացքում պետք է աշխատանքն արվի: Նաև ասեմ, որ առաջիկա 10 օրում խոշոր, վթարավտանգ հատվածներում փոսերի վերացումը կավարտենք»,-ընդգծում է Գրիգոր Հարությունյանը:

Այնուհետև կմեկնարկի ավելի ծավալուն ասֆալտապատման գործընթացը: Քաղաքային ճանապարհածածկի կյանքը հնարավորինս երկարացնելու համար տարեկան ծրագրով կկատարվի նաև ճաքալցում: Փողոցների նորոգումը ոչ միայն անհրաժեշտություն է, այլև վարորդների, ուղևորների ու հետիոտնի անվտանգության խնդիր, որը քաղաքապետարանը ջանում է օր առաջ լուծել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել