2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանի բնակիչ-բաժանորդներն ու կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունները սեփական նախաձեռնությամբ եւ միջոցներով կարող են առեւտրային հաշվառքի իրենց սարքերը համալրել բնական գազի ճնշման եւ ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչով։
Գազի հաշվառման էլեկտրոնային ճշտիչները սարքեր են, որոնք հնարավորություն են տալիս գազի հավառման ժամանակ հաշվի առնել նաեւ օդի ջերմաստիճանը եւ մթնոլորտային ճնշումը։
Այժմ միայն իրավաբանական անձինք կարող են օգտագործել գազի հաշվառման էլեկտրոնային ճշտիչներ։ Սակայն 2020 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2005 թվականի հուլիսի 8-ի՝ «Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման մեջ փոփոխություններ է արել՝ ի թիվս այլնի սահմանելով, որ արդեն 2022 թվականից բնակիչներն էլ կարող են տեղադրել էլեկտրոնային ճշտիչներ։
2020 թվականի հունվարին Infocom-ն անդրադարձել էր այս թեմային՝ զրուցելով Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության անդամ Հրանտ Ղարաբեկյանի հետ, որը տեւական ժամանակ ուսումնասիրել էր հարցը։
Վերջինս մանրամասնել էր, որ կախված ճնշումից եւ ջերմաստիճանից՝ գազն ունի տարբեր ծավալ։ Նրա խոսքով՝ երբ մենք գնում ենք գազը «Գազպրոմ Արմենիա»-ից, եւ երբ ասում են, որ այդ գազը մեկ խորանարդ է, ի նկատի ունեն ծովի մակարդակի բարձրության վրա, 0 կամ 20 աստիճան՝ կախված ստանդարտներից։ Գազի ծավալը բարձրադիր գոտիներում ավելի ընդարձակ է, եւ այդ հաշվիչը ավելի շատ է պտտվում եւ ավելի շատ է ցույց տալիս:
Ղարաբեկյանն սկսել է ավելի մանրամասն ուսումնասիրել, եւ պարզվել է, որ կոմերցիոն ընկերությունների մոտ տեղադրված են հաշվիչներ, որոնք էլեկտրոնային եղանակով այդ պահին ծախսվող գազի համար հաշվի են առնում ինչպես արտաքին ճնշումը, այնպես էլ գազի ջերմաստիճանը, որը կարող է զգալի տատանումներ տալ ամսվա վերջի հաշվարկում: Սակայն այդ գործոնը, մեր զրուցակցի պնդմամբ, մեր բնակչության համար հաշվի չէր առնվում։
Թե ինչի հիման վրա է որոշվել, որ կոմերցիոն ընկերություններում մի ձեւ հաշվարկվի, բնակչության համար՝ մեկ այլն, ՀԾԿՀ-ն երկարատեւ գրագրությամբ էլ չէր ներկայացնել հաշվարկները՝ հղվելով այն փաստի վրա, որ օրենքով սահմանված չէ, որ այդ հաշվարկները իրենք պետք է անեն:
Այդուհանդերձ, որոշման մեջ փոփոխություններ են եղել, եւ բնակիչները եկող տարի արդեն կկարողանան իրենց միջոցներով տեղադրել էլեկտրոնային ճշտիչ սարքեր։
comment.count (0)