armenpress.am: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը նորմալ է ընդունում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն արտահերթ ընտրությունների մասնակցելու մասին: Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը ՀՀ վարչապետի հետ հանդիպումից առաջ և հետո տեղյակ է պահել զարգացումների մասին և շարժման համար անակնկալ չի եղել:
«Գագիկ Ծառուկյանը բազմիցս ասել է, որ արտահերթ ընտրությունների դեպքում կմասնակցի: Դա ԲՀԿ-ի իրավունքն է ու դա նոր չէ, հրապարակային ասվել է այդ մասին: «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ևս հայտարարել է, որ եթե լինեն ընտրություններ, ապա կմասնակցեն: Այստեղ կա մի կարևոր բան, մենք Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցում շարժման մեջ ունենք 100 տոկոս կոնսենսուս: Պարզապես, ուժերի մի մասը գտնում է, որ դրա արագ ճանապարհը ընտրությունն է, մյուս մասն էլ կարծում է, որ պետք չէ իր հետ գնալ ընտրության»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Հարցին, թե Դաշնակցությունն ինչ դիրքորոշում ունի, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իրենք պայքարելու են առաջ քաշած օրակարգի համար: Նույնիսկ եթե մենակ էլ մնան, միևնույն է պայքարելու են, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ հեռացվի: Իշխան Սաղաթելյանը նշեց, որ եթե ամեն դեպքում տեղի ունենան ընտրություններ, ապա Դաշնակցությունը կքննարկի մասնակցում է, թե ոչ:
comment.count (0)