Մենք տարիներ շարունակ ահազանգում էինք, որ վիճակն օրհասական է, որ պատերազմ է լինելու, մեզ ասում էին՝ դուք պատերազմի հրձիգ եք, դուք արյուն եք ուզում, դուք պատերազմ եք ուզում, դուք չեք ուզում, որ մենք հանգիստ ապրենք։ Այս մասին մարտի 20-ին Ազատության հրապարակում «Ազգային-ժողովրդավարական բևեռի» հերթական հանրահավաքի ժամանակ ասաց «Ազգային-ժողովրդավարական բևեռի» վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը․
«Կարողացան մեր ծողովրդի մեծամասնությանը մոլորեցնել, թմրեցնել, քնեցնել մինչեւ աղետը վրա հասավ։ Մենք հիմա նորից զգուշացնում ենք, որ սա վերջը չէ, մենք ունենք բոլոր հնարավորությունները ոչ միայն համախմբվելու եւ աղետը կանխելու, այլեւ հզոր, ինքնիշխան պետականություն ստեղծելու»։
Ավետիսյանը ելույթի ժամանակ անդրադարձավ նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նշելով․
«Ակնհայտ է, որ Կրեմլի ցուցումով հայտարարված իբրեւ թե արտահերթ ընտրությունների գաղափարը շատերին տատանման մեջ է գցել, մի՛ տատանվեք։ Եթե մենք թույլ տանք, որ այդ քաղաքական հարվածը, վերջին հարվածը, մեր ազգի եւ պետականության վզին հասցնեն, ապա համոզված եղեք, որ ռազմական հարվածը եւ վերջնական ազգային աղետը չեն ուշանալու։ Հասկանանք վերջապես, որ չի կարելի անտարբերությամբ նայել, թե ինչպես է մարդասպան, հայասպան համակարգը շարունակում իր արշավը անգամ ազգային աղետից հետո»։
comment.count (0)