Իրաքի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում է
15:43 - 25 մարտի, 2021

Իրաքի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում է

Պաշտոնական այցով երեկ Հայաստան է ժամանել Իրաքի պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությունը։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, այսօր պաշտպանության նախարարությունում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների կազմով հանդիպումը։

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Իրաքի երկկողմ համագործակցության հեռանկարները, կարևորել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները` փորձի փոխանակում, կանոնավոր ռազմաքաղաքական խորհրդակցություններ, ռազմատեխնիկական համագործակցություն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր:

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը և դրանց դադարեցումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Հայաստանի և Իրաքի պաշտպանության նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին մտադրությունների վերաբերյալ համաձայնություն, որով սահմանվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության 13 ոլորտներ:

Փաստաթղթով նախատեսվում է նաև նախապատրաստել և ստորագրել պաշտպանության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։

Իրաքի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը այսօր եղել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել