Սյունիքի սահմանամերձ համայնքներում կատարվում է կարիքների գնահատում՝ ներդրումների ակնկալիքով |armenpress.am|
09:53 - 26 մարտի, 2021

Սյունիքի սահմանամերձ համայնքներում կատարվում է կարիքների գնահատում՝ ներդրումների ակնկալիքով |armenpress.am|

armenpress.am: Սյունիքի սահմանամերձ համայնքներում անցկացվում են քննարկումներ կարիքների գնահատման, բիզնես գաղափարներ վերհանելու համար: Նպատակը մեկն է՝ բնակիչների շրջանում բացահայտել բիզնես հնարավորությունները, որոնք նրանք պատրաստակամ են իրականացնել: Վերջին քննարկումն անցկացվել է Ներքին Խնձորեսկում:  Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը նշեց, որ հնարավորությունները տարբեր ուղղություններով են՝ պտղատու այգիներ, մեղվաբուծություն, ցեղական կովերի բուծում և այլն: 

«Շեշտը դնում ենք հենց բնակիչների հնարավորությունների վրա: Այլ բան է, որ համայնքն է առաջարկում, մեկ այլ բան է, երբ այդ առաջարկությունը բխում է բնակչի կարիքներից, հնարավորություններից և պատրաստ է ներդրում ունենալ այդ գաղափարը մինչև վերջ առաջ տանելու համար: Հանդիպումներից կառանձնացնեի այն, որ փոխօգնության մեխանիզմը հրաշալի աշխատում է, մարդիկ ուզում են, միմյանց աջակցելով, ոտքի կանգնեցնել գյուղը»,-ասաց Իրինա Յոլյանը:

Համայնքի կարիքները գնահատելուց հետո, Իրինա Յոլյանը նշեց, որ փորձում են գտնել ներդրողներ, դոնորներ, որոնք պատրաստակամ են սահմանամերձ բնակավայրերում զարգացնել, որևէ ոլորտ: Տվյալ դեպքում գյուղատնտեսություն, անասնապահություն, հողագործություն: Արդեն իսկ կան գաղափարներ, բնակիչները միմյանց հետ քննարկել են և գիտեն, թե ինչ են ուզում, որն է բնակավայրի զարգացման տեսլականը:

«Մենք նաև պետք է աշխատենք զբոսաշրջային երթուղիների զարգացման ուղղությամբ: Գիտենք, որ պատերազմից հետո տուրիզմն ամենաշատ տուժած ոլորտներից է: Պետք է քայլեր ձեռնարկենք իրավիճակը բարելավելու, քիչ-քիչ վերականգնելու ուղղությամբ»,-ասաց Իրինա Յոլյանն՝ ընդգծելով, որ բնակավայրերի կողքին են, նրանց հետ աշխատում են, փորձում են ծրագրերը ներկայացնել տարբեր կազմակերպությունների, դոնորների, անհատների, որոնք պատրաստ են օժանդակել: Նրա խոսքով, եթե մի տնտեսությանը որևէ մեկը կամ կազմակերպությունը պատրաստ լինի խրախուսել, այնտեղ, թեկուզ, փոքր բյուջե ներդնել, ապա մեծ օժանդակություն կլինի: Գաղափարները կան, գյուղացիների կողմից պատրաստակամությունը կա, սպասվում են ներդրումներ: 

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել