Չինաստանի ԱԳ նախարարը ժամանել է Թեհրան |tert.am|
11:31 - 27 մարտի, 2021

Չինաստանի ԱԳ նախարարը ժամանել է Թեհրան |tert.am|

tert.am: Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ժամանել է Թեհրան, հայտնում է իրանական Tehran Times-ը և հավելում, որ չինացի դիվանագետը հանդիպելու է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։

Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ բանակցություններում կարևոր է ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիների գնահատումն ու տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ կարծիքների փոխանակումը և հավելել, որ Չինաստանի արտգործնախարարի այցը «երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլ է»:

Զարիֆի և Իի բանակցությունների հիմնական հարցերը լինելու են երկարաժամկետ համագործակցության հեռանկարներն ու համապարփակ ռազմավարական գործընկերության իրականացման ուղիները։

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 50-ամյակին զուգահեռ երկու դիվանագետները երկու երկրների համագործակցությանը վերաբերվող փաստաթղթերի ցուցահանդես են բացելու, ինչպես նաև նախատեսում են ստորագրել համագործակցության համապարփակ փաստաթուղթ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև։

2016 թվականից ի վեր սա Չինաստանի կողմից առաջին բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Իրան, հայտնել է Իրանում Չինաստանի նախկին դեսպան Հուա Լիմինը և հավելել, որ Իրանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության (2013 թվականին Չինաստանի կառավարության կողմից ընդունված ենթակառուցվածքների զարգացման գլոբալ ռազմավարություն է) շրջանակներում կարևոր նշանակություն ունեցող երկիր է։ Ըստ դիվանագետի, այս այցի ընթացքում առանցքային կլինի նաև Թեհրանի միջուկային խնդիրը։

Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարարը Al Arabiya հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում նշել էր, որ Արևմտյան Ասիայում կայունության ապահովման և քաոսի վերացման համար պետք է ազատվել գերտերությունների միջև աշխարհաքաղաքական մրցակցությունից։ Նա նշել էր, որ միջազգային հանրությունը պետք աջակցություն ցուցաբերի միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զենքերից զերծ Արևմտյան Ասիայի գոտի ստեղծելու համար և շեշտել Իրանի միջուկային համաձայնագրի վերսկսման երթուղու և ժամանակացույցի քննարկմանն ու ձևավորմանը բոլոր կողմերի մասնակցության անհրաժեշտությունը։

Մինչև Թեհրան մեկնելը Վան Ին հանդիպում էր ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սեգեյ Լավրովի հետ, որի ընթացքում դիվանագետներն ասել են, որ Միացյալ Նահանգները պետք է անհապաղ վերադառնա Իրանի միջուկային համաձայնագրին և չեղարկի Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել