Մակրոնն ու Մերկելը Պուտինի հետ զրույցի ընթացքում կոչ են արել «նորմանդական ձևաչափով» հանդիպում անցկացնել Դոնբասում իրավիճակի կարգավորման առնչությամբ |tert.am|
15:30 - 31 մարտի, 2021

Մակրոնն ու Մերկելը Պուտինի հետ զրույցի ընթացքում կոչ են արել «նորմանդական ձևաչափով» հանդիպում անցկացնել Դոնբասում իրավիճակի կարգավորման առնչությամբ |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում կոչ են արել «նորմանդական ձևաչափով» հանդիպում անցկացնել:

Այս մասին հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը, նշելով՝ տեսակոնֆերանսի ընթացքում կողմերը քննարկել են Դոնբասում հակամարտության կարգավորումը:

«Գերմանիայի կանցլերը կոչ է արել «նորմանդական ձևաչափով» բանակցություններ վարել Մինսկի համաձայնագրերի կատարման շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իր հերթին, Ելիսեյան պալատը հայտնել է՝ կողմերը նշել են՝ անհրաժեշտ է, որ Ռուսաստանը ստանձնի պարտավորություն Դոնբասում իրավիճակը կարգավորելու համար:

«Ընդգծվել է, որ Ռուսաստանը պետք է ստանձնի Ուկրաինայում հրադադարի ռեժիմը կայունացնելու վճռական պարտավորություն և սահմանի ճգնաժամից դուրս գալու ելք՝ Մինսկի համաձայնագրերին համապատասխան», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք՝ Կրեմլը նախապես հայտնել էր, որ Պուտինը իր զրուցակիցներին ասել է, որ իրեն անհանգստացնում է Դոնբասում Ուկրաինայի հրահրած «շփման գծում զինված առճակատման սրումը» և ընդգծել է «Կիևի իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարման կարևորությունը»:

Հիշեցնենք, որ օրերս Դոնբասում ուկրաինացի չորս զինվորի զոհվելուց հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ձևաչափի անդամ-երկրների ղեկավարներին խնդրել էր անել ամեն ինչ Դոնբասում հրադադարի ռեժիմը պահպանելու համար:

Ի պատասխան Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել էր, որ Ռուսաստանի ղեկավարը դեռ չի ծրագրում խոսակցություն ունենալ Զելենսկիի հետ, «բայց անհրաժեշտության դեպքում դա կարելի է շատ արագ կազմակերպել»:

Նշենք՝ «Նորմանդական քառյակ»-ը կամ «նորմանդական ձևաչափ»-ը, չորս երկրների (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա և Ֆրանսիա) ղեկավարների խումբ է՝ ստեղծված Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման նպատակով:  

Ձևաչափի սկիզբը դրվել է 2014 թվականի հունիսի 6-ին Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների՝ Նորմանդիայում (Ֆրանսիա) կայացած հանդիպմանը, դաշնակիցների ափհանման 70-րդ տարեդարձի տոնակատարության ժամանակ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել