Մարտի 31-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված արցախահայության առջև ծառացած հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման ուղղությամբ միջազգային գործընկերների ներգրավման նպատակով մարդասիրական կոչի ազդարարմանը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Անդրադառնալով օրվա խորհրդին՝ նախարար Այվազյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության, արցախահայության սոցիալ-տնտեսական կարիքների և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վրա:
ԱԳ նախարարը, երախտագիտություն հայտնելով Արցախում առաջնահերթ հումանիտար ծրագրերի իրականացման գործում մասնակցություն ունեցած Հայաստանի գործընկեր պետություններին ու միջազգային կազմակերպություններին, ընդգծեց, որ կարիքները դեռ զգալի են, հատկապես՝ կացարանների, ապրուստի համար անհրաժեշտ գումարների գեներացման, ինչպես նաև մտա-հոգեբանական օգնության առումով: «Հայաստանը մշտապես Արցախի իր եղբայրների և քույրերի կողքին է՝ հումանիտար այս աղետի հասցեագրման հարցում, սակայն բավական բարդ է դա անել առանց միջազգային հանրության աջակցության», - նշեց ԱԳ նախարարը:
Միջազգային գործընկերների կողմից Արցախում մարդասիրական օգնության տրամադրման և հումանիտար ծրագրերի իրականացման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց. «Ինչպես շատերդ գիտեք, հումանիտար հասանելիության հարցը, ցավոք, շարունակաբար քաղաքականացվում է Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով առայսօր՝ հրադադարից 5 ամիս անց, ՄԱԿ-ի մեր գործընկերներին չի հաջողվում իրականացնել իրենց առաքելությունն Արցախում:
Ցավոք սրտի, հակամարտությունները եզակի երևույթ չեն աշխարհում, սակայն եզակի երևույթ է, երբ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ը, հնարավորություն չունի տեղում աջակցություն ցուցաբերելու հակամարտությունից տուժած մարդկանց։ Այսպիսին է այժմ իրավիճակն Արցախում։ Չնայած մեր բոլոր ջանքերին ու առաջարկներին, միջազգային օգնությունը դեռ ամբողջ ծավալով հասանելի չէ արցախահայությանը: Այս համատեքստում ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ մեզ համար այս իրավիճակն այլևս ընդունելի չէ. հումանիտար այս հարցի որևէ քաղաքական շահարկում պետք է հստակ արձագանքի արժանանա մեր միջազգային գործընկերների կողմից: Արցախ վերադարձած մեր հայրենակիցները չպետք է զրկված լինեն միջազգային հումանիտար օգնությունից, համընդհանուր մարդու իրավունքներից: Բնակության տարածքի կարգավիճակով պայմանավորված որևէ իրավունքի օտարում միջազգային իրավունքի, այդ թվում՝ հումանիտար իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտում է: Կոչ ենք անում մեր գործընկերներին անհապաղ քայլեր ձեռնարկել ու համապատասխան ճկունություն դրսևորել՝ հումանիտար ծրագրերն առավել հասանելի դարձնելու բոլոր տուժածների համար, առանց որևէ խտրականության կամ այդ մարդկանց արժանապատվությունն անտեսելու»,- նշեց ԱԳ նախարարը։
Իր խոսքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց արցախահայության կարիքների հասցեագրման գործում կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: Նախարար Առաքելյանը, մասնավորապես, ընդգծեց. «Մեր հետագա կարևորագույն առաջնահերթությունը կացարան կորցրած արցախցիների վերադարձի ապահովումն է, որի համար «Հայաստան» hամահայկական hիմնադրամի հետ համատեղ կառավարությունը սկսում է բնակարանաշինության ծրագիր՝ մոտ 210 մլն դոլար բյուջեով։ Հավելեմ նաև, որ սոցիալական աջակցության ծրագրերի մասով պետական բյուջեից արդեն հատկացվել է ավելի քան 50 մլն դոլար, հաստատված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասով հատկացումները կկազմեն ևս 50 մլն դոլար։
Ուզում եմ մեր երախտիքը հայտնել բոլոր այն պետություններին ու կազմակերպություններին, որոնք օգնության ձեռք են մեկնել պատերազմից տուժած արցախցիներին: Սակայն նաև ցավով պետք է նշեմ, որ սոցիալական խնդիրների մասով միջազգային հանրության արձագանքը համարժեք չենք կարող համարել այն աղետին, ինչի հետ բախվել են արցախցիները։ Ժամանակակից աշխարհում նման փոքր տարածքում 1.5 ամիս տևած ռազմական ագրեսիան հանգեցրել է աղետալի հետևանքների, որը, առաջին հերթին, պատվով հաղթահարեցին հենց արցախցիները՝ օր առաջ պատրաստակամություն հայտնելով վերադառնալ իրենց ծննդավայր»:
Նախարարի խորհրդական Կարեն Դադուրյանը համապարփակ ներկայացրեց շուտափույթ հասցեագրում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը՝ որպես հնարավոր արտաքին ֆինանսավորման համար կարևոր առաջնահերթություններ:
Ներկաներին ուղերձով դիմեցին նաև արցախցիներ, պատերազմի արհավիրքը սեփական աչքերով տեսած Սամվել Առաքելյանը և Լիկա Զաքարյանը՝ ներկայացնելով պատերազմական ժամանակաշրջանում իրենց փորձը և արցախահայության առջև ներկայումս ծառացած մարտահրավերներն ու հումանիտար խնդիրները։ Վերջիններս կարևորեցին միջազգային հանրության տեղում ներգրավվածությունը՝ այդ խնդիրների հասցեագրման գործում:
Իր եզրափակիչ խոսքում ԱԳ նախարարը նշեց. «Ցավոք, երբ մենք խոսում ենք աշխարհում հաճախակի դարձած հակամարտությունների մասին, մենք սկսել ենք ուշադրություն դարձնել ընդամենը վիճակագրությանն ու թվերին՝ մոռանալով մարդկանց մասին: Այսօր մենք պատիվ ունեցանք Ձեզ ներկայացնել Արցախի մեր երկու հայրենակիցներին՝ Լիկային և Սամվելին՝ իրենց մարդկային դեմքերով: Եվ պատկերացրեք, որ այսպիսի մարդկային պատմություններ հարյուր հիսուն հազար դեմք ունեն»:
comment.count (0)