Հետծննդաբերական դեպրեսիա [Challenge 17.2 | Էմմա Արզիևա]
15:34 - 03 ապրիլի, 2021

Հետծննդաբերական դեպրեսիա [Challenge 17.2 | Էմմա Արզիևա]

Արզիևա Էմմա

Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։


Ծաղիկներն արդեն հասցրել են թոշնել,  փուչիկները` թսկել, առաջին օրերի ոգևորությունը կարծես չի էլ եղել, իսկ դու մենակ ես քո փոքրիկ մարդուկի հետ, որի նկատմամբ ունես անսահման մեծ պատասխանատվության զգացում: Դու հավանաբար նոր ես մայրացել, ու այդ կարգավիճակն իր հետ բերել է տագնապ, անորոշություն, վախ:

Կյանքն իր հունով շարունակվում է, ամեն մեկն իր գործին է․ ժամանակը ոնց որ քեզ համար է  կանգ առել ու առաջ չի գնում:

Թվում էր, թե պետք է ճախրեիր ուրախությունից, հեշտությամբ տրվեիր բալիկի խնամքին առնչվող բոլոր հարցերին, բայց արի ու տես, որ գլխիդ մեջ քաոս է, խորհուրդներն՝ անսահման շատ ու հակասական: Իսկ դու կանգնած ես հայելու առաջ՝ կիսաքնած, ավելորդ քաշով, ցավող կրծքով ու հյուծված:

- Հետծննդաբերական դեպրեսիա ա մոտը,- ասում է ոմն մեկը՝ ընդգծված խելացի լինելու համար:

Իսկ ի՞նչ է դա: Ինչպե՞ս կարող է թեթևացնել իմ հոգսը, իմ սարսափելի վախը, տագնապն ու անորոշությունը, ծանրակշիռ բեռն իմ ուսերի վրայից...

Երևի թե ոչ մի կերպ, քանի որ այն հերթական տերմիններից մեկն է, որն իբր բացատրում է իրավիճակը` ոչ մի արժեքավոր լուծում չառաջարկելով:

Իսկ դու շարունակում ես մնալ չքնած, քարացած, վատ տրամադրությամբ, դատարկված, գերհուզական...

Բայց, այնուամենայնիվ, եկեք հասկանանք` ինչ է դա, ինչու է առաջանում այդ վիճակը, որը կոչում ենք հետծննդաբերական դեպրեսիա կամ չհասկացվածություն, էմպատիայի բացակայություն, խորհուրդների փոթորիկ, ըմբոստություն, լաց...

Այո՛, այն առաջանում է ծննդաբերությունից հետո սոցիալական, հոգեբանական, ինչպես նաև կնոջ օրգանիզմում տեղի ունեցող կենսաքիմիական փոփոխությունների արդյունքում:

Իսկ ո՞ր գործոններն են հրահրում.

  1. հոգեհուզական, ֆիզիոլոգիական հյուծվածությունը,
  2. քնի դեպրիվացիան, որը բերում է գերգրգռված ու նյարդային վիճակի, որոշ դեպքերում՝ նաև ագրեսիայի,
  3. շրջապատի գրագետ աջակցության պակասը:

Մանավանդ առաջին շաբաթներին մայրիկն ամբողջությամբ տրվում է երեխայի խնամքին` լակտացիայի կարգավորում, լողացնել, շորերը փոխել, ժամանակին քնեցնել, կերակրել... Եվ գրեթե մոռանում է իր գոյության մասին: Հյուծվում է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Կարծես ժամանակը կանգ է առնում չորս պատերի մեջ: Ստերեոտիպ կրկնվող գործողություններ` կերակրել, տակը փոխել, քնեցնել, լողացնել, նորից կերակրել, տան գործեր, ճաշ, արդուկ, երբեմն` զբոսանք: Բոլորը միաբերան հարցնում են. «Կաթդ հերիքու՞մ ա», «Խելոք ա՞ էրեխեն», «Կարու՞մ ես կերակրես», «Կեսարյա՞ն, թե՞ քո ուժերով», «Քաշ հավաքում ա՞», «Հասցնու՞մ ես բա», «Լավ լցվել ես․ փորդ ոնց որ իջած չլինի»...

Հարցեր, հարցեր՝ դատարկ բաների մասին․․․

Եվ հանգստանալու, մաքուր օդ շնչելու փոխարեն կարծես էլ ավելի ես անհանգստանում ու գալիս տուն, եթե, իհարկե, պատասխաններդ ականջ շոյող չեն եղել:

Գալով տուն` ցիկլը սկսվում է նորից:

Ու ամենասարսափելին այն է, որ պահի տակ ուզում ես քնել ու աչքերդ բացել այլ իրականության մեջ, որտեղ դու էլի քո ազատ ժամանակի տերն ես, ազատ տեղաշարժվում ես, ուր որ  ուզում ես, կամ մասնագիտական ակտիվ գործունեությամբ ես զբաղված: Բալիկդ միգուցե արդեն շատ ավելի մեծ է ու ինքնասպասարկվող: Բայց հասկանում ես, որ դու այստեղ ես, ժամանակի տվյալ միավորում, ու փոքրիկ մարդուկն ամբողջությամբ քեզնից է կախված, քո անծայրածիր խնամքի կարիքն ունի: 

 

Մայրերը. սուրբ կենացներով քողարկվող ատելությունը [Challenge 17.1 | Անահիտ Մուշեղյան]

 

Իսկ դու շարունակում ես մնալ չքնած, ավելորդ քաշով, հոգնած, նյարդային ու տրամադրության ընդգծված տատանումներով:

Իսկ խորհուրդների տորնադոն շարունակվում է. «Շատ ես գրկում, էդքան մի՛ գրկի, երեք ժամը մեկ կերակրի՛, ջո՛ւր տուր, արհեստակա՛ն տուր, սոված ա մնում, փոքր քաշով է ծնվել, գիշերը լողացրո՛ւ շատ տաք ջրով, որ հոգնի, քնի»․․․ Ու ոչ ոքի մտքով չի էլ անցնում, որ քո ռեսուրսներն այս փուլում խիստ սակավ են, դու էներգիա չունես բանավիճելու, ստուգելու իրենց խորհուրդների հավաստիությունը, որևէ բան ապացուցելու կամ հերքելու... Դու ընդամենը ուզում ես, որ բալիկը քնի, իսկ դու հարմար տեղավորվես իր տաքուկ գրկում ու աչքերդ փակես: Երևի հենց այդ դեպքում ժամանակը մի փոքր ավելի արագ կշարժվի, դու քեզ մի փոքր ավելի ներդաշնակ կզգաս, բայց... Զաաաանգ. ինչ-որ մեկը եկել է փոքրիկին տեսնելու:

Դռան զանգ.․․

Ակնկալում են, որ հիմա դուռը բացելու է կենսուրախ, աշխարհի ամենաերջանիկ մամաներից մեկը, որը մի լավ սեղան կգցի, կնստենք, հա՛մ փոքրիկին կսիրենք, կվայելենք, կխոսենք, հա՛մ էլ սուրճը կխմենք:

Ի՞նչ ունես տխրելու. բալիկդ՝ առողջ, տունը ունես, տեղը ունես, ամուսինդ՝ գործի...

Բայդ այդ փաստացի երջանկահատիկները, կարծես, չեն սփոփում այս պահին, և ունենում ես մեղքի խոր զգացում․ կարծես ամեն ինչ ունես, բայց չի ստացվում լիաթոք ուրախանալ...

-Վա՜յ, չէէ, բան պետք չի, մենք եկել ենք պուճուրին տեսնենք ու գնանք:

Իսկ դու... Դու էլ ունես խնամքի, հոգատարության, ուշադրության կարիք, քանի որ ամբողջ մարմնովդ զգում ես տագնապ, վախ` ուղղված վաղվան: Իսկ վաղը ո՞նց կքնի, ո՞նց կուտի, իսկ գիշե՞րը, իսկ ճաքե՞րը... Ու այս բոլոր հարցերը կոկորդումդ սեղմած՝ աշխատում ես ժպիտով պատասխանել բալիկիդ մասին և ո´չ քո ինքնազգացողությանն ու հույզերին ուղղված հարցերի։

-Բա դու, դու ո՞նց ես, կարերդ լավացա՞ն:

Այս հարցը, թերևս, նորից իմ մասին չէ:

Ախր իմ հոգսը դրանից չթեթևացավ:

Ոչինչ:

Նայում եմ փոքրիկիս մեծամեծ աչուկներին, վայելում հոտը, սիրում փոքրիկագույն մատիկները, սեղմում կրծքիս, իսկ արցունքները լուռ գլորվում են` օգնելով չխեղդվել անզորության ու անպաշտպանության զգացումից:

Իսկ ովքե՞ր են ռիսկային խմբում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ որքան մայրիկը երիտասարդ է, այնքան մեծ է հետծննդաբերական դեպրեսիա ունենալու հավանականությունը:

Որքան շատ են երեխաները, այնքան դեպրեսիայի մակարդակն աճում է ամեն բալիկից հետո:

Եվ երևի երբեք էլ վերջնական չի անցնում, ինչ-որ մաս շարունակում է մնալ ու ժամանակ առ ժամանակ իր մասին հիշել է տալիս, նույնիսկ երբ դու էլ ավելորդ քաշով չես, չքնած չես ու վերադարձել ես աշխատանքի:

Հետգրություն թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Քրիստինա Կարապետյանին և Վարդուհի Մարգարյանին: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:


Նվիրաբերել Ինչպե՞ս է աշխատում համակարգը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել